Սոցինտերնի խորհուրդը կոչ է անում չխախտել 1994թ. հրադադարը<br />


Սոցինտերնի խորհուրդը կոչ է անում չխախտել 1994թ. հրադադարը

  • 19-11-2010 21:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սոցինտերնի խորհուրդը կոչ է անում յարգել 1994թ. ստորագրուած հրադադարի պայմանագիրը, յետ կանգնել հրադադարի բոլոր տեսակի խախտումներից, ներառեալ` դիպուկահարների կրակից: Ինչպէս «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ նոյեմբերի 19-ի հանդիպմանը նշեց ՀՅԴ Բիւրոյի, Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենեակի պատասխանատու Կիրո Մանոյեանը, դիպուկահարների վերաբերեալ հղումն ակնյայտօրէն ուղղուած է Ադրբեջանին: Նոյեմբերի 15-16-ին Փարիզում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան մասին Սոցինտերնի խորհրդի ընդունած բանաձեւում բարձրացւում են նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պաշտոնականացման եւ տարածաշրջանի համար բոլորի կողմից ընդունելի վերջնական կարգավիճակի, ինչպէս նաեւ երկու կողմից տեղահանված անձանց իրաւունքների հարցերը: Սոցինտերնը կոչ է անում կողմերին հակամարտութեան գլխաւոր հարցերը կարգաւորելու համար ցուցաբերել քաղաքական կամք` հասնել համարժէք, հաւասարաչափ եւ միաժամանակեայ փոխզիջումների: Սոցինտերնը որոշել է նաեւ շարունակել իր ջանքերը երկխոսությունն ու փոխադարձ վստահութիւնը քաջալերելու ուղղութեամբ: Կիրո Մանոյեանը որպէս իրականութեանը չհամապատասխանող որակեց ժողովի ադրբեջանցի մասնակից, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան համանախագահ Ալիզադէի յայտարարութիւնն այն մասին, թէ նման բանաձեւ չի ընդունուել: Այդ բանաձեւն արդէն տեղադրուած է Սոցինտերնի կայքում: Նշուեց նաեւ, որ նոյեմբերի 12-13-ին Փարիզում կայացել է նաեւ Կանանց սոցինտերնի խորհրդի ժողովը, իսկ նոյեմբերի 13-ին նույնպես Փարիզում` Դաշնակցութեան Հայ դատի Եւրոպայի յանձնախմբերի խորհրդաժողովը: Այստեղ յատուկ ուշադրութեան առարկայ են դարձել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղութեամբ աշխատանքներն ու ծրագրերը: Շեշտուել է Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները հիմնականորեն վնասազերծելու, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ՀՀ շրջափակման հարցով այդ երկրների վրայ միջազգային ճնշումը մեծացնելու անհրաժեշտութիւնը, քննարկուել է Թուրքիա-Ադրբեջան զարգացող տանդեմի հարցը, դրան դիմագրաւելու հնարաւորութիւնները: Առանձին ուշադրութեան առարկայ է դարձել Ջավախքի եւ ընդհանրապես վիրահայութեան իրաւունքների արծարծումը եւրոպական կառոյցների շրջանակում: Ժողովը ողջունել է Թբլիլիսիում Հայ դատի Եւրոպայի յանձնախմբի, Փարիզում Հայ դատի Ֆրանսիայի յանձնախմբի գրասենեակների բացումը, ինչպէս նաեւ Բուլղարիայում եւ Իսպանիայում Հայ դատի յանձնախմբերի կազմվելը:
  -   Քաղաքական