Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Չեխիայի կարդինալին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Չեխիայի կարդինալին

  • 04-11-2015 15:05:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայրապետական հրաւէրով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Նորին Սրբազնութիւն Չեխիայի կարդինալ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկային` ուղեկցութեամբ Կենտրոնական Եւրոպայի Հայրապետական պատուիրակի պաշտօնակատար Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսեանի եւ Չեխիայի հայոց հոգեւոր հովիւ Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլաւչեանի: 
 
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձաւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Վատիկանի միջեւ առկայ սերտ յարաբերութիւններին ու գործակցութեանը եւ վստահութիւն յայտնեց, որ կարդինալի այցը նորովի կզօրացնի Հայ Առաքելական եւ Չեխիայի Կաթոլիկ Եկեղեցիների կապերը:
Հայոց Հովուապետը նաեւ իր գնահատանքը յայտնեց Նորին Սրբազնութիւն կարդինալ Դոմինիկ Դուկային Չեխիայի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար` գոհունակութեամբ նշելով այն փաստը, որ վերջինիս աջակցութեան շնորհիւ վերջերս Չեխիայի հայ համայնքին Պրահայում եկեղեցի է տրամադրուել, ինչը մեծ օգտակարութիւն կ'ունենայ չեխահայութեան հոգեւոր կեանքի կազմակերպման համար: 
Իր հերթին Նորին Սրբազնութիւնը հրաւէրի համար շնորհակալութիւն յայտնեց Նորին Սրբութեանը` ուրախութիւն յայտնելով հայ ժողովրդի հոգեւոր ժառանգութեանը ծանօթանալու հնարաւորութեան համար: 
Իր խօսքում կարդինալն ընդգծեց Հայ Եկեղեցու կարեւոր դերակատարութիւնն ու ստանձնած առաքելութիւնը` ասելով, որ Հայ Եկեղեցին Ուղղափառ Եկեղեցիների ընտանիքը համախմբող իւրայատուկ կամուրջ է:
Կարդինալ Դուկան խօսեց նաեւ Չեխիայի հայ համայնքի մասին` նշելով, որ Չեխիայի հայերն իրենց հասարակութեան կարեւոր մասն են կազմում: 
Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց նաեւ Հայաստանում եւ Չեխիայում հոգեւոր կեանքին եւ առկայ մարտահրաւէրներին: 
Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Շահէ վարդապետ Անանեանը:
###
 
  -   Մամլո հաղորդագրություն