Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

  • 05-11-2015 15:41:25   |   |  Հասարակութիւն

Նոյեմբերի 3-ից 5-ը, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով ընդլայնուած կազմով: 
 
Ժողովի սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերեց ԳՀԽ անդամներին եւ յաջողութիւն մաղթեց ժողովի աշխատանքներին: Նորին Սրբութիւնը նաեւ իր բարձր գնահատանքը յայտնեց ժողովականներին` Հայոց Եկեղեցուն մատուցած նուիրեալ ծառայութեան համար: 
Ժողովն ատենապետեցին Կ. Պոլսի Հայոց Պատրիարքութեան Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը, ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը եւ ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը:  
Ժողովին քննութեան առնուեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին-Նուիրապետական Աթոռներ յարաբերութիւններին, թեմերի գործունէութեանը, Հայ Եկեղեցու միջեկեղեցական յարաբերութիւններին, ծիսական-կարգապահական կեանքին վերաբերող հարցեր:
Նոյեմբերի 3-ի նիստին Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի յիշատակի արարողութիւններին եւ միջոցառումներին Հայ Եկեղեցու մասնակցութեան մասին զեկոյց ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը: Գոհունակութեամբ ընդունելով զեկոյցը` ԳՀԽ անդամներն իրենց մասնաւոր գնահատանքը յայտնեցին Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի արարողութիւնների կազմակերպիչ յանձնախմբին:
Գերագոյն հոգեւոր խորհրդի նիստին իրազեկուեց Մերձաւոր Արեւելքում տիրող իրավիճակի եւ սիրիահայ համայնքի խնդիրների մասին: Անդրադառնալով մինչ օրս Հայոց Եկեղեցու Նուիրապետական Աթոռների եւ թեմական կառոյցների կողմից սիրիահայութեանը ցուցաբերուած աջակցութեանը` այդ թւում եւ նիւթական` հաստատուեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը շարունակելու է իր զօրակցութիւնը բերել ինչպէս սիրիահայ համայնքին, այնպէս եւ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ կարիքաւոր ընտանիքներին:
Բելգիայում հայոց եկեղեցական համայնքների մասին զեկոյցով հանդէս եկաւ Դիւանատան Ներեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակի տնօրէն Արժանապատիւ Տ. Պարոյր քահանայ Աւետիսեանը` ներկայացնելով բելգիահայ ծխական համայնքների կազմաւորման առնչութեամբ տրուած յանձնարարականների գործընթացը եւ դրանց արդիւնքները: Այս առնչութեամբ յաւելեալ տեղեկութիւններ փոխանցեց նաեւ Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Յովհաննիսեանը:
Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովին անդրադարձ կատարուեց նաեւ եկեղեցական ժողովական կառոյցներին: Քննարկումների արդիւնքում ծրագրուեց առաջիկայ տարի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարել Ազգային-եկեղեցական ժողով: Այս կապակցութեամբ ստեղծուեցին համապատասխան յանձնախմբեր:  
Եպիսկոպոսաց ժողովի նորաստեղծ գրասենեակի գործունէութեան վերաբերեալ զեկոյց ներկայացրեց գրասենեակի տնօրէն Հոգեշնորհ Տ.  Զաքարիա վարդապետ Բաղումեանը: Գերագոյն հոգեւոր խորհրդի կողմից ուղենշուեցին գրասենեակի ապագայ գործունէութեան շրջանակները:
Նոյեմբերի 4-ի նիստի սկզբում Գերագոյն հոգեւոր խորհուրդը, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, աղօթք արեց ՌԴ Տուլայի շրջանում, Մոսկուայից Երեւան ուղեւորուող աւտօբուսի վթարի հետեւանքով զոհուած հայորդիների հոգիների հանգստութեան համար: 
Ժողովի աւարտին Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամները շնորհաւորեցին Ամենայն Հայոց Հայրապետին գահակալութեան 16-րդ տարեդարձի առիթով` մաղթելով Նորին Սրբութեանը կենաց արեւշատութիւն եւ հովուապետական բեղուն գործունէութիւն` ի փառս Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ ի մխիթարութիւն հաւատաւոր հայ ժողովրդի:
Ժողովը փակուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղօթքով:
###
 
  -   Հասարակութիւն