Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտօնէութեանը


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտօնէութեանը

  • 09-11-2015 16:25:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանի հանդիսութիւնների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օծման եւ գահակալութեան 16-րդ տարեդարձի առիթով ընդունեց Մայր Աթոռի պաշտօնէութեանը:
 
Հանդիպումն սկսուեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանի ողջոյնի խօսքով: Սրբազանը, շնորհաւորելով Ամենայն Հայոց Հայրապետին, մասնաւորապէս անդրադարձ կատարեց անցնող տարուայ ընթացքում հոգեւոր-եկեղեցական կեանքում արձանագրուած յաջողութիւններին: 
Յանուն Մայր Աթոռի պաշտօնէութեան շնորհաւորանքի խօսք ասաց նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարանի տնօրէն պրն. Յարութիւն Գիւմուշեանը:  
«Վեհափա՛ռ Տէր, այսօր այստեղ հաւաքուել են մարդիկ, որոնց կեանքի մի զգալի ժամանակահատուած միահիւսուած է Մայր Աթոռի ընթացքի հետ, եւ մենք մշտապէս տեսնում ենք, թէ Դուք ինչպիսի ներշնչանքով, անկոտրում կամքով ու անխոնջ աշխատանքով ուղղորդում էք մեր Սուրբ Եկեղեցին: Ձեր նուիրումն ու եռանդը ոգեշնչում են մեզ, Վեհափա՛ռ Տէր, եւ մենք էլ, մեր հերթին, փորձում ենք թէկուզ եւ չնչին կերպով նպաստել այն եկեղեցաշէն ու ազգանուէր գործին, որ իրականացնում էք տարիների ընթացքում: 
Գաղտնիք չէ, թէ որքան կարեւոր ծրագրեր էք կեանքի կոչել, թէ՛ հոգեւոր-կրթական ոլորտում,  թէ՛ եկեղեցական կեանքում, թէ՛ Քոյր Եկեղեցիների հետ յարաբերութիւններում, թէ որքան հիմնարար հարցեր էք լուծել մեր Եկեղեցու ամրապնդման ու զօրացման համար եւ՛ Սփիւռքում, եւ՛ հայրենիքում: Վստահաբար, պատմութիւնը Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին կոչելու է` որպէս եկեղեցաշէն եւ ազգանուէր Կաթողիկոս, որովհետեւ դեռ ժամանակի ընթացքում են վեր խոյանալու եւ պտուղ տալու այն ծրագրերը, որոնց սերմերն արդէն ցանուած են այսօր», - նշեց նա իր խօսքում` մաղթելով, որ Աստուած ուժ եւ զօրութիւն տա Նորին Սրբութեանը` այս դժուարին ժամանակներում վառ պահելու քրիստոնէութեան ջահը եւ իր իմաստութեամբ ու անսահման նուիրումով երկար տարիներ առաջնորդելու հայ ժողովրդին:
Այնուհետեւ Մայր Աթոռի աշխատակիցներին իր օրհնութիւնը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 
Ուրախութիւն յայտնելով հանդիպման առիթով` Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ նշեց, որ Մայր Աթոռի աշխատակիցները, երբեմն նաեւ մեծ զոհողութիւնների գնով, սիրով եւ յանձնառութեան ոգով իրենց ծառայութիւնն են բերում հայոց հոգեւոր կենտրոնին` գիտակցելով, որ Մայր Աթոռը հայոց ազգի տունն է, պատիւը եւ դէմքը:
«…Մեր ակնկալութիւնն է, որ մեր պաշտօնէութիւնը շարունակի նոյն նախանձախնդրութեամբ ու նուիրումով իր ծառայութիւնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փառքի եւ պայծառութեան համար: 
Ցանկանում ենք բարձր գնահատանքի արժանացնել բոլորիդ աշխատանքը. նուիրեալ ոգով ու սրտով դուք ձեր ծառայութիւնն էք մատուցում: Այն ինչ որ իրագործւում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ողջ աշխատակազմի ձեռքբերումն է: Հաւաքական, մեր բոլորիս համատեղ աշխատանքի արդիւնքն է այն, ինչ որ մենք արձանագրում ենք որպէս յաջողութիւն: Իւրաքանչիւր աշխատակից իր նուիրեալ ջանքերով է ապահովում այս հաստատութեան առաջընթացը, եւ մենք մեծապէս ուրախ ենք եւ բարձրօրէն գնահատում ենք…», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Հանդիպումն աւարտուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղօթքով:
###
 
  -   Մամլո հաղորդագրություն