Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատուիրակութեան ղեկավարին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատուիրակութեան ղեկավարին

  • 24-11-2015 19:10:48   | Հայաստան  |  Հասարակութիւն

Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Եւրոպական միութեան պատուիրակութեան ղեկավար, դեսպան Պեօտր Սուիտալսկուն:
 
Վեհափառ Հայրապետը, ողջունելով դեսպանի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, վերջինիս մաղթեց արգասաբեր գործունէութիւն: 
Նորին Սրբութիւնը դեսպան Պ. Սուիտալսկուն ներկայացրեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական կարեւոր առաքելութիւնն ու դերակատարութիւնը հայ ժողովրդի կեանքում, նրա մշակոյթի եւ ինքնութեան պահպանման գործում: Հայոց Հայրապետը նաեւ անդրադարձ կատարեց Հայ Եկեղեցու յարաբերութիւններին Քրիստոնէական Քոյր Եկեղեցիների հետ:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր վշտակցութիւնը յայտնեց ԵՄ դեսպանին Փարիզում տեղի ունեցած ողբերգութեան կապակցութեամբ` իր աղօթքն ու զօրակցութիւնը փոխանցելով անմեղ զոհերի ընտանիքներին: Դատապարտելով ահաբեկչական գործողութիւնները` Նորին Սրբութիւնը յոյս յայտնեց, որ պետութիւնների ղեկավարների եւ հոգեւոր առաջնորդների համատեղ ջանքերով հնարաւոր կը լինի յաղթահարել բոլոր մարտահրաւէրները եւ կերտել մարդկութեան ապահով, բարօր ու խաղաղ կեանքը:
Զրոյցի ընթացքում պրն. Պեօտր Սուիտալսկին անդրադարձաւ իր առաքելութեանը Հայաստանում` կարեւորելով Եւրամիութեան եւ Հայաստանի միջեւ կապերի զարգացումն ու ամրապնդումը: 
Հայոց Հայրապետը եւ ԵՄ պատուիրակութեան ղեկավարը խօսեցին ԼՂ հակամարտութեան կարգաւորմանն ի նպաստ հոգեւոր առաջնորդների կողմից գործադրուող ջանքերի, համընդհանուր հոգեւոր-բարոյական արժէքների, ինչպէս նաեւ այլ կրօնների ու մշակոյթների հանդէպ հայ ժողովրդի հանդուրժողական վերաբերմունքի մասին:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:
###
 
  -   Հասարակութիւն