Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Հանրապետութեան Պատգամաւորների պալատի նախագահին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Հանրապետութեան Պատգամաւորների պալատի նախագահին

  • 03-12-2015 16:25:47   |   |  Հասարակութիւն

Դեկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Չեխիայի Հանրապետութեան Պատգամաւորների պալատի նախագահ Յան Համաչէկի գլխաւորած պատուիրակութեանը` ուղեկցութեամբ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի:
 
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ ընդգծեց, որ փոխայցելութիւնների շնորհիւ բարեկամ երկու ժողովրդների միջեւ կապերն աւելի են ընդլայնւում եւ խորանում: Նորին Սրբութիւնը մասնաւորաբար նշեց, որ երկու երկրների արժեհամակարգում առկայ են մեծ ընդհանրութիւններ` խարսխուած քրիստոնէական արժէքների վրայ, ինչը եւս պարարտ հող է ստեղծում համագործակցութեան համար:
Անդրադառնալով նոյեմբերին իր հրաւէրով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Նորին Սրբազնութիւն Չեխիայի կարդինալ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկայի այցին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց Հայ Առաքելական եւ Չեխիայի Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ ձեւաւորուած յարաբերութիւնները, որոնք գործնական նախաձեռնութիւններով առաւել կը զօրանան: 
Նորին Սրբութիւնն իր մասնաւոր գնահատանքը յայտնեց նաեւ Չեխիայի իշխանութիւններին Չեխիայի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերուող հոգատար վերաբերմունքի համար` գոհունակութեամբ վկայակոչելով այն իրողութիւնը, որ չեխահայութեան հոգեւոր կեանքի արդիւնաւէտ կազմակերպման համար Կաթոլիկ Եկեղեցու կողմից հայ համայնքին Պրահայում եկեղեցի է տրամադրուել:
Իր հերթին պրն. Յան Համաչեկն ուրախութիւն յայտնեց հանդիպման առիթով: Չեխիայի Պատգամաւորների պալատի նախագահն անդրադարձաւ Հայաստան այցի արդիւնքներին եւ հայ-չեխական գործակցութեանը տարբեր ոլորտներում: Յ. Համաչէկը տեղեկութիւններ փոխանցեց Չեխիայի ժողովրդի հոգեւոր կեանքի, եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնների մասին:
Զրոյցի ընթացքում խօսուեց Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան մասին: Այս առնչութեամբ Չեխիայի Պատգամաւորների պալատի նախագահը նշեց, որ հայ եւ չեխ ժողովուրդները անցեալում շատ ողբերգական էջեր են ունեցել եւ լաւ գիտեն խաղաղութեան արժէքը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ պրն. Յան Համաչէկը հաստատեցին, որ ԼՂՀ հիմնահարցի կարող է լուծուել բացառապէս խաղաղ ճանապարհով: Այս առիթով Նորին Սրբութիւնը ներկայացրեց նաեւ այս ուղղութեամբ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների գործադրած ջանքերը: 
Հանդիպմանը ներկայ էր նաեւ Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:
 
 
 
 
 
  -   Հասարակութիւն