Այսօր Հայաստանի տնտեսութեան զարգացման միտումը չի երեւում<br />


Այսօր Հայաստանի տնտեսութեան զարգացման միտումը չի երեւում

  • 29-10-2010 15:02:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒ ՆԸ Համաձայն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայութեան տեղեկատուութեան, ՀՀ արտաքին պարտքը 2010 թ. յուլիսի դրութեամբ հասել է 3 մլրդ դոլարի: ՀՀ պետական պարտքից 2,5 մլրդ դոլարը (82,8 տոկոսը) բաժին է ընկնում ՀՀ կառավարութեանը, իսկ 520 մլն դոլարը (17,2 տոկոսը)` Կենտրոնական բանկին: Ուսումնասիրելով 2011 թ. ՀՀ պետական բիւջէի նախագիծը, կարելի է եզրակացնել, որ շարունակուելու է Հայաստանի քաղաքացիների ստրկացման գործընթացը` կախուածութեան մէջ պահելով նրանց եւ գալիք սերունդներին Հայաստանի խոշորագոյն վարկատու համարուող Համաշխարհային բանկի Զարգացման միջազգային ընկերակցութիւնից, որին մեր երկիրը պարտք է 1,1 մլրդ դոլար (ընդհանուր պարտքի 36,5 տոկոսը), իսկ Արժոյթի միջազգային հիմնադրամը մեր վարկատուների շարքում երկրորդն է` 640 մլն դոլար (ընդհանուր պարտքի 21,2 տոկոսը): Հայաստանի քաղաքացիներն ու նրանց սերունդները պարտք էն նաեւ Ռուսաստանին` 500 մլն դոլար (ընդհանուր պարտքի 16,5 տոկոսը), Ճապոնիային` 331 մլն դոլար, Ասիական զարգացման բանկին` 131 մլն դոլար, Գերմանիային` 121 մլն դոլար, Գիւղատնտեսութեան զարգացման միջազգային հիմնադրամին` 58,5 մլն դոլար, Ամն-ին` 33 մլն դոլար, Օպեկ-ի միջազգային զարգացման հիմնադրամին` 28 մլն դոլար: Այս ամէնին եթէ աւելացնենք Վիճպետկոմի այն ցուցանիշը, որ 2010 թուականի յունուար-օգոստոս ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է մօտ 0,6 մլրդ դոլար, իսկ ներմուծումը` 2,3 մլրդ դոլար, այսինքն` արտաքին առեւտրի բացասական սալդոն շարունակել է մեծանալ եւ հասել է ռեկորդային բարձր մակարդակի` 1,76 մլրդ դոլարի եւ կազմում է ՀՆԱ 32,7 տոկոս, ապա կը ստացուի, որ Հայաստանը ամենավատ վիճակում է Եւրասիայ մայրցամաքում: Սա է “հայրենի” կառավարութեան իրական պատկերը, որն այս օրերին փորձում է հաճոյանալ միջազգային տարաբնոյթ կազմակերպութիւններին, որոնք քամում էն Հայաստանն ու նախապատրաստում գալիք քաղաքական զիջումների: Պաշտօնական հաշուարկները փաստում էն, որ Հայաստանը պետական պարտքի մակարդակով արդէն հասել է շատ վտանգաւոր կէտի: Զարմանք է յարուցում այն հանգամանքը, որ ըստ 2011 թ. ՀՀ պետական բիւջէի, նախագծում աւելացել էն ՀՀ Կենտրոնական բանկի ծախսերը, որը հիմնական պատասխանատուն է տնտեսութեան ողբալի վիճակի` ինֆլեացիայի, գնաճի, բանկային բարձր տոկոսադրոյքների եւ այլնի համար: Քաղաքակիրթ երկրներում, որտեղ կառավարութիւնները ծառայում էն իրենց ժողովուրդներին` գնում էն պետական ծախսերի կրճատման ճանապարհով: Նոյնիսկ աշխարհակալ Մեծ Բրիտանիայի կառավարութիւնն իրականացրեց պետական ծախսերի էական տնտեսում` պետական պաշտօնեաների կրճատուած հաստիքների թիւը հասցնելով մէկ միլիոնի, որը կազմում է ամբողջ համակարգի 40%-ը: Բրիտանիայի կառավարութիւնը խիստ լրջութեամբ է վերաբերւում պետական պարտքին. հաշուի առնելով պետբիւջէի դեֆիցիտը, առաջին հերթին կրճատում է իր ծախսերը, այլ ոչ թէ մտածում աւելացնելու մասին, ինչպէս ՀՀ կառավարութիւնը ու մի բան էլ յայտարարում, թէ տնտեսութիւնն աճելու է: ՀՀ կառավարութիւնը 2010 թուականի յուլիսին ընդունել է 2011-13 թուականների պետական պարտքի կառավարման ռազմավարական ծրագիր, որով նախատեսւում է արտաքին պետական պարտքը առաջիկայ տարիներին բարձրացնել եւ 2013-ին հասցնել 4 մլրդ. դոլարի` ներկայիս 3-ի փոխարէն: Ցինիզմը հասել է այն աստիճանի, որ ՀՀ կառավարութեան հրապարակած ծրագրում ձեւակերպուած չէ, թէ ինչ նպատակով էն վերցւում պարտքերը` տնտեսութիւնը՞ զարգացնելու, թէ՞ կուտակուած վարկերի տոկոսները փակելու համար: Ահա այսօրուայ կառավարութեան աշխատաոճը, որը որեւէ բացատրութիւն, հիմնաւորում չի տալիս հանրութեանը ու, առաջին հերթին, հարկատուներին: Ներկայիս կառավարութիւնն իր դրամավարկային ու հարկային վարուող դիլետանտական քաղաքականութեան արդիւնքում ոչնչացման եզրին է հասցրել հայաստանաբնակ արտադրողի հնարաւորութիւնները, կարելի է փաստել, որ իրենց գոյութեան վերջին կռիւն էն տալիս եւ հաստատ կպարտուէն վերջնականապէս, եթէ այս կառավարութիւնը շարունակի իր գոյութիւնը: Այսօր Հայաստանի տնտեսութեան զարգացման միտումը չի երեւում, եւ չկայ տրամաբանութիւն, որ այդ զարգացումն ապահովելու համար հարկաւոր էն լրացուցիչ վարկային միջոցներ: Այսինքն` չունենալով որեւէ պատկերացում տնտեսութեան զարգացման մասին, պարզապէս գումարներ էն վերցնում, ինչպէս, օրինակ, ռուսական վարկը, որի ամենազաւեշտալի մասն այն է, որ դրանից 40 մլն դոլար տրամադրեցին “հայռուսգազարդին”, որի 80%-ը պատկանում է ռուսական կողմին ու այդ ձեռնարկութիւնն ուղղակի կարող է վարկ վերցնել ռուսական որեւէ բանկից կամ հէնց նոյն հոլդինգի մէջ գտնուող Գազպրոմբանկից: Պարզից էլ պարզ է, որ գազի գինը յետագայում նորից թանկացնելու համար կեղծ պատրուակներ էն ստեղծում ՀՀ կառավարութիւնը “հայռուսգազարդի” հետ միասին: Հայաստանի տնտեսութիւնն այս տարուայ յունուար-սեպտեմբերին աճել է 2.8 տոկոսով, մինչդեռ յունուար-օգոստոսի ցուցանիշը կազմել էր 3.1 տոկոս: Այսինքն` տնտեսութիւնը գրեթէ կէս տոկոս կրկին անկում է արձանագրել, ինչի մասին վկայում է Ազգային վիճակագրական ծառայութեան հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները: Շինարարութեան ոլորտում արձանագրուել է 5.2 տոկոս անկում: Գիւղատնտեսական արտադրանքի ծաւալը նուազել է 17,9 տոկոսով, իսկ մանրածախ առեւտուրն աճել է ընդամէնը 0.4%: Յունուար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառութիւնը կազմել է 3383.7 մլն դոլար, ինչը 2009 թ. նոյն ժամանակաշրջանի համեմատ աւելացել է 23.6%-ով: Միեւնոյն ժամանակ, արտահանումն աւելացել է 43.9 %-ով` կազմելով 705.3 մլն դոլար, իսկ ներկրումն աւելացել է 19.2%-ով, որը թուային արտայայտութեամբ շուրջ 4 անգամ գերազանցում է արտահանման ծաւալները` կազմելով 2678.4 մլն դոլար: Կառավարութիւնն ամէն տարի հսկայական միջոցներ է առանձնացնում փոքր եւ միջին ձեռնարկատիրութիւնը (ՓՄՁ) խրախուսելու եւ աջակցելու համար, սակայն` ապարդիւն: 2011 թ. պետական բիւջէում Փմձ-ին աջակցելու համար նախատեսուած է ընդամէնը 150 մլն դրամ (410 հազ. դոլար), որը զիջում է 2009 թ. բիւջետային յատկացումներին մօտ 4 անգամ: Ընդ որում` այդ 150 մլն-ից միայն 50 մլն-ն է նախատեսուած բուն ՓՄՁ սուբյեկտների համար, մնացած 100 մլն-ը տրուելու է որպէս աշխատավարձ ՓՄՁ զարգացման համար պատասխանատու չինովնիկներին: Հպանցիկ համեմատութիւն անելով նախորդ կառավարութիւնների հետ, անգամ, հաշուի առնելով բոլոր օբյեկտիւ ու սուբյեկտիւ գործօնները, կարելի է փաստել, որ ներկայիս կառավարութիւնը զբաղուած է հանրային վնասարարութեամբ եւ նրա գործունէութեան իւրաքանչիւր օրը կործանարար է պատերազմի մէջ գտնուող մեր երկրի համար: Երեւան, 29.10. 2010
  -   Մամլո հաղորդագրություն