Իշխող քաղաքական կոալիցիան չի մասնակցելու ԼՂՀ-ի ճանաչմանը վերաբերող օրէնքի նախագծի քուէարկութեանը<br />


Իշխող քաղաքական կոալիցիան չի մասնակցելու ԼՂՀ-ի ճանաչմանը վերաբերող օրէնքի նախագծի քուէարկութեանը

  • 28-10-2010 13:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Հանրապետական, «Բարգաւաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցութիւնների խորհրդարանական խմբակցութիւնները հոկտեմբերի 28-ին հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ, որում ասուած է. «Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը եւ «Օրինաց երկիր» կուսակցութիւնը համոզուած են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան միջազգային ճանաչումը այլընտրանք չունի: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի լիակատար իրացումը համայն հայութեան երազանքն ու նպատակն է: Պաշտպանելով ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղուած գործադրուող ջանքերն ու նախաձեռնութիւնները, մենք համոզուած ենք, որ Հայաստանի Հանրապետութեան կողմից ԼՂՀ միակողմանի ճանաչման քայլը այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսեյանի որդեգրած կառուցողական դիրքորոշումից, որին եւ զորակցում է խորհրդարանական կոալիցիան: Անցած 18 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետութիւնը մշտապէս շահագրգիռ մօտեցում է ցուցաբերել բանակցային գործընթացին` համոզուած լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգաւորումը հնարաւոր է միայն ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների ազնիւ եւ հետեւողական կենսագործման պայմաններում: Միաժամանակ համոզուած ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ սեփական պետութիւն ունենալու իրաւունքը այն բարձրագոյն արժէքն է, յանուն որի Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովը մշտապէս պատրաստ է գնալ առաւել վճռական քայլերի, եթէ բանակցային գործընթացը ձախողուի` վտանգելով Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքներն ու անվտանգութիւնը: Ընթացող բանակցային գործընթացի ձախողման պարագայում մենք թէ' ինքներս կնախաձեռնենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման քայլը, թէ' կը սատարենք դրանով մտահոգ ցանկացած այլ քաղաքական ուժի նախաձեռնութեանը: Այս պահին իշխող քաղաքական կոալիցիան յայտարարում է, որ չի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչմանը վերաբերող օրէնքի նախագծի քուէարկութեանը»: Յայտարարութիւնը ստորագրել են «ՀՀԿ» խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանը, «ԲՀԿ» խմբակցութեան ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ «ՕԵԿ» խմբակցութեան ղեկավար Հեղինէ Բիշարեանը:
  -   Քաղաքական