«Ժառանգութիւն» խմբակցութիւնը կոչ է անում աւտոմեքենաների պարտադիր ապահովագրման օրէնքի սահմանադրականութեան հարցը վիճարկել Սդ-ում


«Ժառանգութիւն» խմբակցութիւնը կոչ է անում աւտոմեքենաների պարտադիր ապահովագրման օրէնքի սահմանադրականութեան հարցը վիճարկել Սդ-ում

  • 26-10-2010 22:47:21   | Հայաստան  |  Քաղաքական
«Աւտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատուութեան պարտադիր ապահովագրման մասին» օրէնքի ընդունումը հեռու է քաղաքացիներին իրական ծառայութիւն մատուցելու եւ մեր վարորդների բեռը թեթեւացնելու խնդրից, այն հետապնդում է բացառապէս մէկ գործառոյթ՝ մտնել քաղաքացու գրպանը եւ որքան հնարաւոր է շատ գումար կողոպտել նրանից։ Հոկտեմբերի 26-ի Ազգային ժողովի պատգամաւորների յայտարարութիւնների ժամին այս մասին յայտարարեց ՀՀ ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամ Արմէն Մարտիրոսեանը։ Նա ընդգծեց, որ օրէնքը որեւէ կապ չունի իրական լիբերալ-ազատական տնտեսութեան կառավարման եղանակի հետ, դրա կիրառումը չունի որեւէ այլ անուն, քան օրինականացուած թալան։ «Նախորդ իշխանութիւնների չակերտաւոր քրտնաջան աշխատանքի արդիւնքում ներկայ իշխանութիւններն այլեւս չունենալով վաճառքի համար նախատեսուած որեւէ գործարան, ռազմավարական օբյեկտ կամ ծառայութիւն, հիմա էլ մտնում էն քաղաքացու գրպանը։ Ի հարկէ մեզ մինչ այդ էլ թալանել էն տարբեր եղանակներով. առաջին անհրաժեշտութեան ապրանքների ու ծառայութիւնների, սննդամթերքի չհիմնաւորուած գնաճի տեսքով, բայց սա առաջին դէպքն է, երբ քաղաքացուն պարտադրում էն օգտուել որեւէ ծառայութիւնից, այն էլ՝ չհիմնաւորուած բարձր գներով»,- ասաց պատգամաւորը։ Օրէնքի քննարկումների ժամանակ արդէն պարզ էր, որ առաջանալու էն ֆինանսական հսկայական հոսքեր եւ մեծ եկամուտներ, տասնեակ մլրդ-աւոր դրամներ նստելու էն մի քանիսի գրպաններում. «Համոզուած եմ, որ այստեղ եղել է խոշորածաւալ կոռուպցիոն երեւոյթ՝ օրէնքի ընդունման արդիւնքում հարստացել էն որոշ պաշտօնեաներ։ Միայն կոռուպցիոն գործընթացների առկայութեամբ կարելի է բացատրել այն իրավիճակը, որ պատասխանատուութիւնը տրւում է պետութեանը եւ սերունդներին, իսկ եկամուտները բացառապէս մի քանի անհատի, այդ թւում՝ նաեւ բարձր պաշտօններ զբաղեցնողներին»,- յայտարարեց Ա.Մարտիրոսեանեանը, յաւելելով՝ «Եթէ դա այդպէս չէ, ապա կառավարութիւնն իր մեծամասնութեան հետ միասին արտահերթ կերպով կը ներկայացնի այս օրէնքի այնպիսի փոփոխութիւններ, որի արդիւնքով նախ կը նուազեն ապահովագրական գումարները, երկրորդ, շահոյթը կը մտնի պետական բիւջէ»։ Ա.Մարտիրոսեանը յայտարարեց նաեւ, որ «ժառանգութիւն»-ը կոչով դիմում է ԱԺ բոլոր մտահոգ խմբակցութիւններին եւ պատգամաւորներին անյապաղ ստորագրահաւաք սկսել այս օրէնքի սահմանադրականութիւնը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար, նոյն խնդրով «Ժառանգութիւն»-ը դիմում է նաեւ Մարդու իրաւունքների պաշտպանին՝ ՍԴ դիմելու համար։
  -   Քաղաքական