Պատգամաւորներն ու լրագրողները փորձում էն Աժ-ի վերակառուցուած դահլիճում յարմարուել նոր աշխատանքային պայմաններին


Պատգամաւորներն ու լրագրողները փորձում էն Աժ-ի վերակառուցուած դահլիճում յարմարուել նոր աշխատանքային պայմաններին

  • 25-10-2010 18:21:58   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովի վերակառուցուած դահլիճում մեկնարկեցին խորհրդարանի հերթական քառօրեայ նիստերը: Օրակարգում ընդգրկուած է 108 հարց, միջազգային 18 պայմանագիր: Նիստերի առաջին օրը պատգամաւորներն ու լրագրողները փորձում էին յարմարուել նոր աշխատանքային պայմաններին: Պատգամաւորները, մասնաւորապէս, ընտելանում էին համարգչային քուէարկութեան նոր համակարգին, իսկ լրագրողները դժգոհում դահլիճի երկրորդ հարկի մակարդակի վրայ իրենց համար նախատեսուած ապակեպատ առանձին օթեակի պայմաններից: Արդիւնքում, լրագրողների նախաձեռնութեամբ, տեղի ունեցաւ աշխատանքային հանդիպում Աժ-ի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանեանի հետ, ում ներկայացուեցին լրագրողների աշխատանքային պայմանների բարելաւմանն ուղղուած կոնկրէտ առաջարկներ: Գ.Ղարիբջանեանը խոստացաւ կարճ ժամանակահատուածում արձագանքել առաջարկութիւններին, տեղում ընդունելով դրանց մի մասը: Սակայն ակնյայտ է, որ, եթէ տեխնիկական եւ կազմակերպչական որոշ խնդիրներին լուծում անգամ տրուի, դահլիճի բոլոր հատուածներին լրագրողների նստատեղերից հետեւելու պայմանի ապահովումը` ճարտարապետական առկայ լուծումների շրջանակներում, անհնար կը լինի: Շուրջ 6 ամիսների ընդմիջումից յետոյ նիստերի սեփական դահլիճ վերադարձած պատգամաւորներն ընդմիջմանը Աժ-ի կանաչ սրահում մասնակցեցին հայ գեղանկարիչ, ՌԴ նկարիչների միութեան անդամ Էդուարդ Սասունի անհատական ցուցահանդէսի բացմանը: Յիսունհինգամեայ գեղանկարիչն երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է Թաիլանդում, անհատական բազմաթիւ ցուցահանդէսներ ունեցել հարաւասիական երկրներում եւ Ժնեւում: Ի դէպ` Ազգային ժողովի Դէմիրճեան մուտքի մօտ «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խումբը նորից բողոքի ցոյց էր անցկացնում` ընդդէմ քառօրեայի օրակարգում երկրորդ ենթերցմամբ ընդգրկուած «Լեզուի մասին» եւ «Հանրակրթութեան մասին» օրէնքներում փոփոխութիւնների աղմկահարոյց օրէնսդրական փաթեթի ընդունման: Նոյն օրը նախաձեռնող խումբը տարածել է նաեւ յայտարարութիւն, որում, մասնաւորապէս, ասուած է. «Դիմում ենք Ազգային ժողովի օւալաձեւ նոր դահլիճում հաւաքուած մեր «ընտրեալ» մեծամասնութեանը. հիմա մենք յստակ ջրբաժանի առաջ ենք կանգնած` կամ միասին դէմ ենք արտայայտւում այս օրինագծերին եւ լծւում ենք կրթական համակարգի խորքային խնդիրների վերհանմանն ու լուծմանը, կամ դուք մեր կրթութիւնը տանում էք վերջնական կործանման»:
  -   Քաղաքական