Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում առաջին անգամ անդրադարձ արուեց արցախեան հիմնախնդրին<br />


Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում առաջին անգամ անդրադարձ արուեց արցախեան հիմնախնդրին

  • 25-10-2010 14:34:00   |   |  Քաղաքական
ՄՈՆՏՐՈ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 23-24-ին շուեցարական Մոնտրո քաղաքում տեղի ունեցաւ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների 13-րդ գագաթաժողովը, որը կայացաւ կազմակերպութեան 40-ամեակի շրջանակներում: Գագաթաժողովին մասնակցելու համար Մոնտրո էին ժամանել կազմակերպութեան 70 անդամ, ասոցիացուած եւ դիտորդ երկրների բարձրաստիճան պատուիրակութիւնները: Ֆրանկոֆոնիայի յոբելեանական գագաթաժողովին մասնակցում էր նաեւ Հայաստանի պատուիրակութիւնը` արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանի գլխաւորութեամբ: Ելոյթ ունենալով գագաթաժողովում, Հայաստանի արտգործնախարարը կարեւորեց Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցութիւնը եւ կազմակերպութեան դերը` բազմամշակութային երկխօսութեան միջոցով ժողովուրդների եւ երկրների միջեւ խաղաղութեան ու համերաշխութեան ամրապնդման գործում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը իր գոհունակութիւնը յայտնեց 2011թ.-ին Ֆրանկոֆոն քաղաքների Գլխաւոր Ասամբլէան Երեւանում անցկացնելու որոշման կապակցութեամբ: Նա ընդգծեց, որ այդ որոշումը նաեւ կազմակերպութեան իւրայատուկ գնահատականն է Հայաստանին` որպէս ակտիւ անդամի եւ վստահելի գործընկերոջ: Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի եզրափակիչ բանաձեւում առաջին անգամ ընդգրկվեց արցախեան հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ դրոյթ, որտեղ մասնաւորապէս ասւում է. «Մենք վերահաստատում ենք մեր անվերապահ աջակցութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման ուղղութեամբ: Մենք կոչ ենք անում հակամարտութեան բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կվտանգի խաղաղ գործընթացի ապագան: Մենք կոչ ենք անում կողմերին` շարունակել բանակցութիւնները Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների ամբողջութեան հիման վրայ` որպէս այս հակամարտութեան հաւասարակշռուած եւ երկարատեւ կարգաւորման հիմք»: Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի պաշտօնում վերընտրեց գործող գլխաւոր քարտուղար Աբդու Դիուֆին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, համաժողովի շրջանակներում Է.Նալբանդեանը նաեւ հանդիպումներ ունեցաւ մի շարք երկրների իր գործընկերների հետ: Գագաթաժողովի ընթացքում կազմակերպուել էր Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների մշակոյթային բազմազանութեանը նուիրուած «Ֆրանկոֆոնիայի աւան» միջոցառումը, որին Հայաստանը ներկայացուած էր հայ հոգեւոր եւ դասական երաժշտութեան կատարումներով:
  -   Քաղաքական