Հովիկ Աբրահամեանը վստահ է, որ ԱԺ վերակառուցուած դահլիճում միշտ տիրապետող կլինի ասպետական ոգին<br />


Հովիկ Աբրահամեանը վստահ է, որ ԱԺ վերակառուցուած դահլիճում միշտ տիրապետող կլինի ասպետական ոգին

  • 22-10-2010 17:50:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցաւ Հայաստանի Ազգային Ժողովի վերակառուցուած նիստերի դահլիճի հանդիսաւոր բացման արարողութիւնը, որին մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը եւ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Իր ողջոյնի խօսքում Ս.Սարգսեանը նշեց, որ առաջին իսկ հայեացքից տպավորված է կատարուված աշխատանքների արդիւնքով: «Իսկապէս, մեծ աշխատանք է կատարուել, եւ այդ աշխատանքի արդիւնքն ակնյայտ է: Յաճելի է, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովն այսուհետ իր նիստերը կանցկացնի այս նոր դահլիճում, որը վերակառուցուել է` հաշուի առնելով տարբեր երկրների օրինակը»,- ասաց նա: Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ելոյթում նշեց, որ Ազգային Ժողովը ծնունդն է ու արտայայտութիւնը ժողովրդավարութեան, նաեւ կրողը եւ խնամողը ժողովրդավարական ոգու ու սկզբունքների: «Այստեղ են հաստատւում օրէնքները, որպէսզի նպաստեն երկրի տնտեսութեան զարգացմանը, ընկերային կեանքի առաջընթացին, գիտութեան հետ համաքայլ ընթացքին, ժողովդրի հոգեւոր եւ մշակոյթային զարթոնքին: Այս ասպարէզներում,- նշեց Վեհափառը,- արձանագրուած են նշանակալի ձեռքբերումներ, սակայն կան խնդիրներ ու մարտահրավերներ, որոնց յաղթահարման համար պահանջւում են նորանոր ջանքեր, արիութիւն եւ կամք, նախանձախնդրություն ու նուիրում: Հաւատում եւ բարեմաղթում ենք, որ ձեր կեանքի կոչած օրենսդրական բարեփոխումներով, անհրաժեշտ օրէնքների սահմանումով հաստատուեն ու զորանան օրենսդրական այն հիմքերը, որոնք ամուր են պահում եւ զարգացման հնարաւորութիւններ ընձեռում պետական ու հասարակական կեանքի բոլոր կողմերին»: ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանը նշեց, որ վերանորոգուած ու ձեւափոխված դահլիճը իւրատեսակ նուէր է եւ յարգանքի արտայայտութիւն Հայաստանի Երրորդ հանրապետութեան 20-ամեայ խորհրդարանին, որն ընդունել է Հայաստանի անկախութեան հռչակագիրը: «Այն` ձեւաւորելով երկրի օրենսդրական դաշտը եւ ամրապնդելով պետական Տան հիմքերը, շարունակում է մնալ նաեւ համաժողովրդական ու համապետական խնդիրների քննարկման ժողովրդավարական ասպարէզ»,- ասաց ԱԺ նախագահը: Հ.Աբրահամեանը վստահութիւն յայտնեց, որ այս դահլիճում միշտ տիրապետող կլինի ասպետական ոգին, որն առաջին հերթին կարտայայտուի փոխադարձ յարգանքով ու այլոց կարծիքների հանդէպ հանդուրժողականությամբ:
  -   Քաղաքական