Տեղի ունեցաւ Հայաստանի Ազգային Ժողովի նիստերի վերակառուցուած դահլիճի պաշտօնական բացման արարողութիւնը<br />


Տեղի ունեցաւ Հայաստանի Ազգային Ժողովի նիստերի վերակառուցուած դահլիճի պաշտօնական բացման արարողութիւնը

  • 22-10-2010 14:58:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Ազգային Ժողովի նիստերի վերակառուցուած դահլիճի պաշտօնական բացման արարողութեանը, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը: Նա պատգամաւորներին շնորհաւորել է ժամանակակից եւ յարմարաւետ դահլիճի բացման կապակցութեամբ, գնահատանքի խօսքեր ուղղել վերակառուցման ծրագրին մասնակցած բոլոր անձանց: Իր ողջոյնի խօսքում Ս.Սարգսեանը, մասնաւորապէս, ասել է. «Վեհափա'ռ Տեր, Ազգային ժողովի պարո'ն նախագահ, Տիկնա'յք եւ պարոնա'յք պատգամաւորներ, Ուրախ եմ Ազգային ժողովի նիստերի վերակառուցուած դահլիճի բացման առիթով այստեղ գտնուելու համար: Շնորհաւորում եմ բոլորիս այս կապակցութեամբ եւ գնահատանքի խօսքեր եմ ուղղում այս ծրագրին մասնակցած բոլոր մարդկանց: Առաջին իսկ հայեացքից տպավորված եմ արդիւնքով: Իրոք, մենք ստացել ենք շատ ժամանակակից եւ աշխատելու համար յարմարաւետ դահլիճ: Իսկապէս, մեծ աշխատանք է կատարուել, եւ այդ աշխատանքի արդիւնքն ակնյայտ է: Յաճելի է, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովն այսուհետ իր նիստերը կանցկացնի այս նոր դահլիճում, որը վերակառուցուել է` հաշուի առնելով տարբեր երկրների օրինակը: Իւրաքանչիւր խորհրդարան կոչուած է ներկայացնելու իր ժողովրդի կամքը, ընտրողների բոլոր շերտերը, նրանց շահերը, յոյսերն ու իղձերը: Ընտրելով մեր հասարակական եւ քաղաքական կեանքի կազմակերպման ժողովրդավարական ճանապարհը` մենք եւս որդեգրել ենք յայտնի չափանիշներով առաջ շարժուելու ուղին: Անչափ կարեւորում եմ Հայաստանի ժողովրդի խորապէս մտածուած եւ կշռադատուած այդ ընտրութիւնը: Այս ճանապարհին շատ բան արդէն արել ենք, սակայն դեռեւս աւելի շատ բան ունենք անելու: Աւելին ասեմ` այս ոլորտում մեր աշխատանքը երբեք չպէտք է դադարի: Այն մշտապէս պէտք է հետապնդի համակարգի կատարելագործման եւ դրա անխափան աշխատանքն ապահովելու նպատակը: Խորհրդարանն ունի ոչ միայն օրէնսդիր առաքելութիւն, այլեւ կարեւորագոյն դերակատարում իշխանութիւնների տարանջատման, հաւասարակշռման գործում: Այս առումով, ուզում եմ նաեւ գոհունակութեամբ արձանագրել, որ խորհրդարանը Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում գործադիրի հետ կիսեց երկիրը ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս բերելու լուծը, վերցրեց եւ կրեց պատասխանատւութեան իր բաժինը: Իրոք, կառավարութեան հակաճգնաժամային բոլոր հիմնական նախաձեռնություններն աջակցութիւն են ստացել խորհրդարանում, ինչի շնորհիւ ժամանակին եւ անհրաժեշտ ծաւալով ծրագրերը կիրառուել են: Աշխարհը ցնցած ու մեր տնտեսությունից տասնեակ անգամ աւելի հզօր տնտեսութիւններ ծնկի բերած ճգնաժամի ծաւալման ամիսներին գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւնների համահունչ, ներդաշնակ ճիշտ քայլերի արդիւնքում վայրկեան անգամ չուշացան եւ չկրճատվեցին ուսուցչի աշխատավարձն ու տարեցի կենսաթօշակը, չդանդաղեց բանակի մարտունակութեան անընդհատ բարձրացման տեմպը: Ճգնաժամի փորձությանը դիմակայելու, բարդ իրավիճակում արագ կողմնորոշուելու հաւաքական ունակութիւնը չորրորդ գումարման Ազգային ժողովի կենսունակութեան եւ պետական համակարգում հայոց խորհրդարանի կարեւորագոյն դերի լաւագոյն վկայութիւնն է: Աւելին` վերջին տարիների զարգացումներն ապացուցեցին սահմանադրական բարեփոխումների կարեւորութիւնը, փոփոխված Սահմանադրութեան կենսունակութիւնն ու փորձությունների առջեւ հայոց պետականութեան ամրութիւնը: Ազգային Ժողովի յարգելի' պատգամաւորներ, Մեր ժողովրդի ստեղծագործական ձիրքն ու տաղանդը դրսեւորվել են մայրաքաղաքի այս հիասքանչ կառոյցում` խորհրդարանի շէնքում, որը քսաներորդ դարի հայ ճարտարապետութեան լաւագոյն ձեռքբերումների արտացոլումն է: Այսօր մենք միասին պաշտօնապէս բացում ենք նիստերի նոր վերակառուցուած սրահը, որն իր գեղեցկությամբ իսկապէս յարիր է այս ամբողջ համալիրին, այս չքնաղ շէնքին: Վստահ եմ, որ այստեղ երբեք չեն դադարելու մեր պետականութեան ու ժողովրդավարութեան ամրապնդմանն ուղղուած ջանքերը: Յաջողութիւն եմ մաղթում մեզ եւ կրկին շնորհաւորում վերակառուցուած դահլիճի բացման կապակցութեամբ»:
  -   Քաղաքական