Սերժ Սարգսեանը մասնակցել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիմնադրման 80-ամեակին նուիրուած հանդիսաւոր նիստին<br />


Սերժ Սարգսեանը մասնակցել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիմնադրման 80-ամեակին նուիրուած հանդիսաւոր նիստին

  • 22-10-2010 13:54:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 22-ին մասնակցել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիմնադրման 80-ամեակին նուիրուած հանդիսաւոր նիստին եւ շնորհաւորել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողությանը եւ միջոցառմանը մասնակցող հիւրերին բուհի յոբելեանի կապակցութեամբ: Նա նշել է, որ Հայաստանի պետական ագրարային համալսարանում միաւորուած Հայկական գիւղատնտեսական եւ Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտները մշտապէս եղել են մեր երկրի կարեւորագոյն ուսումնական հաստատութիւնների շարքում: «Անկասկած, Հայաստանի զարգացման գործում անուրանալի է այս երկու ինստիտուտների շրջանաւարտների ներդրումը: Մենք չէինք կարող ունենալ այսպիսի Հայաստան` առանց ձեր մասնակցութեան, առանց մնացած շրջանաւարտների ու նաեւ դասախօսների մասնակցութեան: Փոխւում են ժամանակները, փոխւում են նաեւ պահանջները, եւ այսօր ձեր առջեւ նոր պահանջներ կան: Վստահ եմ, որ դուք, համադրելով այս կրթական հաստատութեան 80 տարիների փորձն ու ժամանակակից գիտութիւնը, կարող եք գտնել այդ պրոբլեմների լուծման բանալիները: Իսկ որ պրոբլեմներն այսօր մեր երկրում եւ, մասնաւորապէս, ագրարային յատուածում շատ-շատ են, այստեղ որեւէ մէկը, կարծում եմ, չի կասկածում: Մաղթում եմ, որպէսզի դուք մշտապէս պահանջված լինեք մեր երկրում: Մաղթում եմ, որպէսզի դուք ամենացանկալի հիւրը լինեք մեր գիւղական շրջաններում: Ձեր մասնագիտությունն այնպիսի է, որ հաւասարապէս եւ, միգուցէ, աւելի շատ մասնաւոր հատուածը, պետութեան հետ միասին շահագրգռուած են, որպէսզի դուք ունենաք բարձր մասնագիտական որակ, որպէսզի կարողանաք լուծել առկայ խնդիրները, միեւնոյն ժամանակ, կարողանաք ցոյց տալ, որ այո', ազնիւ աշխատանքով, դասախոսելով, գիւղատնտեսութեամբ զբաղվելով` կարելի է արժանապատիվ կեանք վարել, կարելի է լուծել բոլոր սոցիալական խնդիրները: 80 տարին ցանկացած բուհի համար երկար ճանապարհ է: Ես վստահ եմ, որ դուք անցնելու եք շատ տասնամեակներ, եւ ձեր ճանապարհը լինելու է շատ լայն: Այդ ընթացքում դուք յաղթահարելու եք բոլոր խոչընդոտները, եւ երբ նշեք կամ մեզանից յետոյ նշեն այս հաստատութեան 150-ամեակը, ասելու են, որ անկախ Հայաստանի պատմութեան մէջ Հայաստանի պետական ագրարային համալսարանն ունեցել է անփոխարինելի դեր: Շնորհաւորում եմ եւ մաղթում` յաջողութիւն»,- ասել է Ս.Սարգսեանը: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Ս.Սարգսեյանի հոկտեմբերի 20-ի հրամանագրով կրթութեան եւ գիտութեան բնագաւառներում ներդրած նշանակալի աւանդի համար Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի խումբ ներկայացուցիչներ պարգեւատրուել են Անանիա Շիրակացու մեդալով: Հանդիսաւոր նիստի ժամանակ Ս.Սարգսեանը յանձնել է պետական պարգեւները: Նախագահն այցելել է նաեւ Հայաստանի պետական ագրարային համալսարանի պատմութեան նորաբաց թանգարան:
  -   Քաղաքական