Եկել էին դիտարկելու ազատագրուած տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հնարաւորութիւնները,- ասում է ԼՂՀ նախկին արտգործնախարարը<br />


Եկել էին դիտարկելու ազատագրուած տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հնարաւորութիւնները,- ասում է ԼՂՀ նախկին արտգործնախարարը

  • 19-10-2010 21:12:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ազատագրուած տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի գրասենեակի ներկայացուցչի այցելութիւնը քայլ էր հասկացնելու, որ «եկել էին դիտարկելու տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հնարաւորութիւնները»: «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հոկտեմբերի 19-ի հանդիպմանը այս տեսակետը յայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքեանը: Ըստ նրա, դա հնարաւոր կլինի, միայն այն դէպքում, եթէ տարածաշրջանում ստեղծուեն իրավաքաղաքական նոր պայմաններ: «Նոր իրավաքաղաքական պայմաններ ասելով ես նկատի ունեմ նորացուած Խորհրդային Միութիւն կամ նոր միջպետական դաշինք, որը համարժէք կլինի Խորհրդային Միութիւնում եղած իրավաքաղաքական յարաբերութիւններին: Մինչեւ այդպիսի բան տեղի չունենայ, տարածքների յանձնումը Ռուսաստանի ձեռամբ քիչ հաւանական եմ համարում»,- ասաց Ա.Մելիքեանը: ԼՂՀ նախկին արտգործնախարարը միաժամանակ գտնում է, որ Ռուսաստանն անգամ տարածքները վերադարձնելու գնով երաշխիք չունի իր դիրքերը վերականգնել Ադրբեջանում, ինչը հարցի դրական կողմն է: Բացասական կողմն էլ, նրա խօսքերով, այն է, որ «մենք չունենք ազատագրուած տարածքները վերաբնակեցնելու ծրագիր»: Ա.Մելիքյանն ընդգծեց, որ «միջնորդը պէտք է ոչ թէ լինի չէզոք, այլ անաչառ», քանի որ անաչառ միջնորդը միշտ հետեւելու է օրէնքին եւ արդարութեանը, իսկ չէզոք միջնորդը` իր շահերին: Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարարի, չկայ հայ- թուրքական գործընթաց, կայ ռուս-թուրքական, թուրք-ամերիկեան, բայց ոչ հայ-թուրքական, եւ տեղի ունեցածը թելադրված է եղել արտաքին աշխարհի զարգացումներով: Մինչդեռ Հայաստանի դիրքը այդպէս էլ քաղաքական չդարձաւ: Ա.Մելիքեանի խօսքերով, հայ- թուրքական բարեկամութիւնը սկզբում գովերգելու, ապա թուրքական կողմի ուղղութեամբ քարեր նետելու պահվածքը «ապաշնորհ քաղաքականութիւն է»:
  -   Քաղաքական