ԱԴՐԲԵՋԱՆ. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՒԱՍԱՐԱԿՇՌՈՒԹԵԱՆ ՈՐՈՆՈՒՄ


ԱԴՐԲԵՋԱՆ. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՒԱՍԱՐԱԿՇՌՈՒԹԵԱՆ ՈՐՈՆՈՒՄ

  • 18-10-2010 15:39:00   | Հայաստան  |  Յօդուածներ
Դեռ Հարաւային Օսիայի պատերազմից առաջ Ադրբեջանի առջեւ կանգնած ռազմաքաղաքական բնոյթի եւ առաջին հերթին` Լեռնային Ղարաբաղի շարունակուող հակամարտութեան հետ կապուած մի շարք խնդիրների լուծուած չլինելն այդ պահին հարաւկովկասեան տարածաշրջանում առկայ աշխարհաքաղաքական ուժերի հաւասարակշռութեան համակարգում այդ պետութեան ղեկավարութեան կողմից դիտարկւում էր որպէս պատրուակ արտաքին քաղաքական գերակայութիւնների որոշ ճշգրտման համար: Այն բանից յետոյ, երբ Մոսկուան իր ազգային անվտանգութեան հիմնարար սկզբունքներին վերաբերող հարցերում անցաւ ակտիւ քաղաքականութեան, եւ երբ երկարատեւ ընդմիջումից յետոյ վերադարձաւ իր առջեւ միջպետական յարաբերութիւններում ծառացած ռազմաքաղաքական բնոյթի մարտահրաւէրների լուծման համար ռազմական պոտենցիալը կիրառելու պրակտիկային (ինչը յատկապէս լաւ երեւաց 2008թ. մարտ-օգոստոսին Աբխազիայում եւ որի պսակը դարձաւ օգոստոսի 8-12-ը պատերազմը Հարաւային Օսիայում), նման ճշգրտման անհրաժեշտութիւնը Բաքուի համար ակնյայտ դարձաւ: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից իր արտաքին քաղաքականութեան որոշ շեշտադրումների վերանայումն այս կամ այն աստիճանով, ուղղակիօրէն կամ միջնորդաւորուած, պայմանաւորուած է Ռուսաստանի աշխարհաքաղաքական կշռի աւելացմամբ, հետխորհրդային տարածքում իր քաղաքական, տնտեսական եւ ռազմական գերակայութիւնը հաստատելու ձգտմամբ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի աշխարհաքաղաքական պարտութիւնը 1990-ականների սկզբին պայմանաւորուած էր նրանով, որ ազգային շարժման ալիքով իշխանութեան եկաւ նոր, բաւական ոչ ձեռնհաս էլիտայ: Չնայած այն բանին, որ նման բան կատարուեց եւ՛ Հայաստանում, եւ՛ Վրաստանում, Բաքուի ցուցադրական կողմնորոշումը դէպի Անկարայ ներքին ու արտաքին քաղաքականութեան եւ տնտեսութեան բոլոր ոլորտներում եւ հեռանալը Մոսկուայից ի վերջոյ ձեւակերպեցին Ռուսաստանի գործնական քաղաքականութիւնը տարածաշրջանում եւ, մասնաւորապէս, Լեռնային Ղարաբաղի հարցում: Թէեւ անհրաժեշտ է նշել, որ ԽՍՀՄ փլուզումից յետոյ սկզբնական շրջանում, էլ չենք խօսում 1988-91թթ. մասին, Մոսկուայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցում, չնայած կայուն անհետեւողական, բայց ընդգծուած հակահայկական էր: Այնուամենայնիւ, Բաքուի արեւմտամէտ, թուրքամէտ ,ֆալստարտըէ երկար տարիների համար ձեւաւորեց Մոսկուայի զգուշաւոր վերաբերմունքը նրա հանդէպ: Բացի այդ, անկախ Ադրբեջանի առաջին նախագահ Աբուլֆազ Էլչիբէյի թուրքամէտ քաղաքականութիւնը, ի լրումն ,պատմական Ադրբեջանինէ այսպէս կոչուած Հարաւային, իրանական Ադրբեջանի վերինտէգրման անհրաժեշտութեան մասին պոպուլիստական յայտարարութիւնների, ադրբեջանա-իրանական յարաբերութիւնների վատթարացման հիմնական պատճառը դարձան, որոնք առայսօր այնքան էլ պարզ չեն: Ա.Էլչիբէյի պաշտօնանկութիւնը, ակտիւ քաղաքականութիւն աւելի փորձառու Հէյդար Ալիեւի վերադարձը փոքր-ինչ բարելաւեցին ադրբեջանա-ռուսական յարաբերութիւնները եւ վերածնեցին Ադրբեջանը ռուսամէտ կողմնորոշման վերադարձնելու Մոսկուայի յոյսերը: Մի շարք ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքով` դա յանգեցրեց այն բանին, որ նա նախաձեռնի բանակցութիւններ Արցախում մարտական գործողութիւնները դադարեցնելու մասին Բաքուի համար դրամատիկ իրավիճակում, երբ վերջինը իրար հետեւից ռազմական անյաջողութիւններ էր կրում ճակատում եւ աճում էր ներքին անկայունութիւնը: Սակայն իրադարձութիւնների յետագայ զարգացումն Ադրբեջանում, յատկապէս Բաքու-թբիլիսի-ջեյհան նաւթամուղի շինարարութեան նախագծի լոբբաւորումը երկար ժամանակով սառեցրեց ռուս-ադրբեջանական յարաբերութիւնները: 1990-ական թթ. կէսերից մինչեւ 2003թ. «վարդերի յեղափոխութիւնը» Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականութեան կարեւոր օբյեկտ դարձաւ Վրաստանը, որի նկատմամբ վերահսկողութիւնը Ռուսաստանին թոյլ կը տար վերահսկել ողջ Հարաւային Կովկասը: Սակայն Մոսկուայի փորձը նաեւ Միխայիլ Սահակաշուիլու օրօք շարունակել հասնել այդ նպատակին` խաղարկելով աբխազական, հարաւօսական եւ, աւելի քիչ չափով, ջավախեան խաղաքարտերը, աւարտուեց 2008թ. օգոստոսի 8-ով: Վրացական հասարակութեան հասկանալի համախմբուածութիւնը գոնէ յետպատերազմեան առաջին շրջանում, երկրի քաղաքական ոլորտում ազդեցիկ ռուսամէտ ուժերի բացակայութիւնը Մոսկուայի համար ակնյայտ դարձրին Վրաստան (որպէս Ադրբեջանի բնական, այդ թւում եւ աշխարհագրական առումով, արեւմտամէտ ռազմաքաղաքական եւ տնտեսական շահերի չափիչ) ուղղուածութեան սխալականութիւնը: Այն իրավիճակում, երբ Հայաստանն արդէն միանշանակ Մոսկուայի հետ ռազմավարական դաշնակցի կարգավիճակում է, Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականութեան հիմնական, առաւել ակտուալ ուղղութիւնը դառնում է Ադրբեջանը: Բաքւում լաւ են հասկանում ստեղծուած իրավիճակը յօգուտ իրենց օգտագործելու հնարաւորութիւնը, սակայն գիտակցում են նաեւ Մոսկուայի հետ ,խաղալուէ մէջ պարունակուող ծանրակշիռ աշխարհաքաղաքական ռիսկերը: Ներկայումս Հարաւային Կովկասի երեք պետութիւններից երկուսի (Վրաստանը ներկայումս չունի բաւականաչափ տարածք արտաքին քաղաքական մանեւրի համար) քաղաքական-դիւանագիտական ակտիւութիւնը յանգում է տարածաշրջանում ուժերի նոր հաւասարակշռութեան հաստատման իրական հնարաւորութիւնները պարզելուն, ինչը թոյլ կը տար նրանց հասնել իրենց կոնկրէտ մարտավարական շահերի իրականացմանը` հարուածի տակ չդնելով իրենց հիմնական ռազմավարական նպատակները եւ չվնասելով արտաքին քաղաքականութեան միւս ուղղութիւններին: Ադրբեջան-ռուսաստան Բաքուն փորձում է Մոսկուայի աչքում բարձրացնել իր իմիջն այն փաստի շնորհիւ, որ Ադրբեջանում, ի տարբերութիւն Հայաստանի եւ Վրաստանի, պահպանւում է ռուսական բաւական մեծ համայնքը, իսկ ռուսերէնը լայն տարածում ունի: Դպրոցականների մօտ 7%-ի ուսուցումը ռուսերէն է (երկրում 20 ռուսական դպրոց կայ, եւս 350-ում ուսուցումը երկլեզուեայ է` ադրբեջաներէն եւ ռուսերէն), բուհերում այդպիսիների թիւը մօտ 100 հազար է` Ադրբեջանի ուսանողների ընդհանուր թուի մօտ 15%-ը: Կայուն է զարգանում նաեւ ադրբեջանա-ռուսական տնտեսական համագործակցութիւնը, թէեւ դրա տեմպերը, ԱՀ էներգաանկախութեան եւ ինքնաբաւութեան արդիւնքում, փոքր-ինչ նուազել են. արդէն 2007թ. Ռուսաստանը $1,5 մլրդ ապրանքաշրջանառութեան պարագայում դարձաւ Ադրբեջանի երկրորդ առեւտրատնտեսական գործընկերը Թուրքիայից յետոյ: Սակայն երկու երկրների տնտեսական համագործակցութեան պոտենցիալը սպառուած չէ, յատկապէս տարածաշրջանային նշանակութեան նոր նախագծերի իրականացման պարագայում, ինչպիսին է, օրինակ, ,հիւսիս-հարաւէ միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) առաւելագոյն ծաւալով գործարկումը, մանաւանդ եթէ շեշտը դրուի նրա երկաթուղային բաղադրիչի վրա1: Այս դէպքում, նախագծում Ադրբեջանի դերի զգալի բարձրացմանը զուգընթաց, Բաքուն կը կարողանայ Մոսկուայի առջեւ որոշ չափով մեղմել ռուսական շահերին վնասող Կ'արս-ախալքալաք երկաթուղու շինարարութեան նախագծին իր մասսնակցութիւնը, որը թոյլ է տալիս բացառել տարանցումը Հայաստանի տարածքով, որի երկաթուղային ցանցը Ռդ-ն ձեռք է բերել երկարաժամկէտ կոնցեսիայով: Բացի այդ, Ռուսաստանը Մերձկասպեան տարածաշրջանը քաղաքական-տնտեսական գօտու վերածելու դեռ լաւ հնարաւորութիւններ է պահպանում, որում հանգուցային դեր կ'ունենայ արտատարածաշրջանային դերակատարների, առաջին հերթին` Ամն-ի եւ Եմ-ի առնուազն քաղաքական եւ ռազմական նուազագոյն ներկայութեան պայմաններում: Որպէս Արեւմուտքի կողմից ակտիւօրէն լոբբիի ենթարկուող միասնական Սեւծովեան-կասպեան տարածաշրջանի ստեղծման գաղափարի այլընտրանք Ռուսաստանը նախաձեռնեց Կասպեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ԿՏՀԿ) ստեղծումը: Այս կազմակերպութեան շրջանակներում, Ադրբեջանի դիրքորոշումները, Մերձկասպեան միւս պետութիւնների համեմատ եւրաատլանտեան ռազմաքաղաքական եւ տնտեսական նախագծերում աւելի մեծ ներգրաւուածութեան պատճառով, Մոսկուայի համար շատ կարեւոր նշանակութիւն ունեն: Էներգետիկայի ոլորտում փոխշահաւէտ համագործակցութեան նոր ուղղութիւններ կարող են դառնալ. ռուսական ,լուկօյլէ եւ ,ռոսնեֆտէ ընկերութիւնների մասնակցութեան ընդլայնումը ծովային նաւթահանքերի մշակման գործում եւ ընդհանուր առմամբ` Ադրբեջանի էներգետիկ հատուածում, սուոփ-գործողութիւնների իրականացում` Ադրբեջանը գազ է մատակարարում Ռուսաստանի հարաւային շրջաններին, փոխարէնը համապատասխանաբար ռուսական գազ է մատակարարւում Թուրքիայում Petkim նաւթաքիմիական համալիրին, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը Ադրբեջանի պետական նաւթային ընկերութեանն է պատկանում: Սակայն յարկ է նշել, որ Ադրբեջանի մասնակցութեամբ աշխարհաքաղաքական նշանակութեան բոլոր առաւել խոշոր գործող եւ հեռանկարային տնտեսական նախագծերը` կապուած նաւթի ու գազի արդիւնահանման եւ արտահանման հետ, արդէն դէպի արեւմտեան կապիտալ եւ արտահանման ուղղուածութիւն ունեն, ինչը թէեւ ուղղակիօրէն շօշափում է Ռուսաստանի շահերը, բայց գործնականում չի կարող վերանայուել` առանց հէնց Բաքուի համար տնտեսական, քաղաքական եւ սոցիալական աղէտալի հետեւանքների: Ուստի, ադրբեջանա-ռուսական շփումների ակտիւացումը նաւթագազային ոլորտի բոլոր մակարդակներում աւելին չէ, քան Բաքուի կողմից անկախ կարգավիճակ ձեւացնելու տարր աշխարհաքաղաքական այն խաղում, որի ընթացքն ու դասաւորութիւնը վաղուց արդէն որոշուած են, իսկ հաշուարկների վիրտուալ տատանումը թէեւ կարող է օգտագործուել դիւանագիտութեան մէջ, բայց դրա ելքի վրայ նշանակալի ազդեցութիւն ունենալ չի կարող: Միեւնոյն ժամանակ, աշխարհաքաղաքական վիրտուալ սակարկութեան վերականգնումն ակտիւացնում է տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային դերակատարներին եւ ի վիճակի է միանգամայն իրական հոգեբանական ու տեղեկատուական ճնշում բանեցնել կոնտրգործընկերների վրայ` յատկապէս հաշուի առնելով այն, որ Բաքուի արտաքին քաղաքական գործունէութիւնը վերջին 10 տարիներին աւելի ճարտար եւ հաշուարկուած է դարձել: Այն պայմաններում, երբ նոր էներգետիկ նախագծերի եւ առաջին հերթին Շահդենիզ գազահանքի մշակման 2-րդ փուլի սկսման ժամկէտները տեղափոխւում են ոչ շուտ, քան 2016թ., Մոսկուայի հետ տարածաշրջանային հարցերով արտաքին քաղաքական սակարկութեան գինը միջնաժամկէտ հեռանկարում կարող է դառնալ երկկողմ ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցութիւնը: Ադրբեջանական ,դոկտրինէ լրագրողների ռազմական հետազօտութիւնների կենտրոնի տուեալներով` դեռ 2008թ. հոկտեմբերին, ԱՊՀ պաշտպանութեան նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, տեղի ունեցաւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի պաշտպանութեան նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկուեց ռուսական կողմի առաջարկութիւնը ռազմական համագործակցութեան յետագայ զարգացման վերաբերեալ2: Մոսկուայի ակտիւացումն այս հարցում պայմանաւորուած է Նատօ-ի հետ Ադրբեջանի մերձեցումից եւ, մասնաւորապէս, հեռանկարում ԱՀ բանակը Դաշինքի չափորոշիչներին համապատասխանեցնելուց ունեցած դժգոհութեամբ: Ռուսաստանի` իրավիճակի նման զարգացմանը դիմակայելու հիմնական ուղղութիւններից են. Մոսկուայի ձգտումը` մեծացնել ռուսական ռազմական բուհերում սովորող ադրբեջանցի զինծառայողների թիւը: Դա, առնուազն, կը նպաստի գոնէ առաջիկայում ԱՀ Զու ձեւաւորման խառը (ռուսական եւ Նատօական) համակարգի պահպանմանը, ռուսական արտադրութեան ռազմատեխնիկայի գնման ծաւալի պահպանումը կամ աւելացումը, տեղեկատուական ,դարեալէ կենտրոնի (Գաբալայի հրթիռային յարձակման մաին նախազգուշացնող ռադիօլոկացիոն համակարգ) վարձակալութեան ժամկէտի (որն աւարտւում է 2012թ.) երկարաձգում եւս տասը տարով` այսպիսով ամրապնդելով իր ներկայութիւնն այդ երկրի տարածքում, իսկ ըստ որոշ տուեալների (ստացուած ադրբեջանական ռազմական աղբիւրներից)` նաեւ դրա լիարժէք ռազմակայանի վերածման հնարաւորութիւն, Ռուսաստանի մասնակցութեան ակտիւացում Ադրբեջանի ռազմական ենթակառուցուածքի եւ առաջին հերթին նրա ՈՕՈՒ եւ ՀՕՊ համակարգի ձեւաւորման եւ զարգացման գործում, ինչը ներգրւում է Գաբալայի ՌԼՀ կարգավիճակի մասին 2002թ. պայմանագրի յօդուածների համատեքստում, մասնաւորապէս` ԱՀ ՊՆ զինանոցում գտնուող հնացած ՀՕՊ համալիրների (С-75, С-125, С-200 եւ ընդհանրապէս ցամաքային զօրքերի ՀՕՊ համալիրի) արդիականացում, ինչպէս նաեւ նոր` С-300-ից մինչեւ մոդիֆիկացուած, տեխնիկապէս համեմատաբար աւելի հասարակ С-125 ,պեչորա-2Мէ ՀՕՊ համալիրների գնում, անմիջական մասնակցութիւն Ադրբեջանի ռազմարդիւնաբերական համալիրի կայացմանը եւ դրանով իսկ արդէն ադրբեջանական կամ ռուս-ադրբեջանական համատեղ արտադրանքի ռուսական չափորոշիչների եւ սպառազինութիւնների ու ռազմական տեխնիկայի համակարգերի ամրապնդում: Սակայն Ռուսաստանի հետ Ադրբեջանի ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցութեան զարգացման հանգուցային հարցը մնում է Մոսկուայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ եւ նրա ռազմավարական յարաբերութիւնները Երեւանի հետ: Մոսկուայի հիմնական մօտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան լուծմանը, որն արտայայտւում է հակամարտութեան կողմերի միջեւ փոխզիջումային ցանկացած համաձայնութիւն պաշտպանելու պատրաստակամութեամբ, իր ձեւակերպմամբ փաստօրէն ենթադրում է առկայ status-quo-ի պաշտպանութիւն` յետագայում դրա քաղաքական-դիւանագիտական մանեւրի լայն հնարաւորութիւններով: Հաշուարկը Մոսկուայի վրայ անելու Բաքուի հեռանկարները ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում Հարաւային Օսիայի պատերազմից եւ Աբխազիայի ու Հարաւային Օսիայի անկախութիւնը Մոսկուայի կողմից ճանաչուելուց յետոյ անսպասելի եւ անտրամաբանական են թւում միայն առաջին հայեացքից: Նախ` Մոսկուայի ,կշռադատուածէ մօտեցումը, որը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լաւրովի խօսքերով, ,ոչ մի զուգահեռ չի տեսնում Հարաւային Օսիայի, Աբխազիայի իրավիճակի` մի կողմից եւ ղարաբաղեան կարգաւորման միջեւ` միւս կողմիցե3, բաւարար երաշխիք է այս հիմնախնդրում Ռուսաստանի դիրքորոշումների կտրուկ փոփոխութիւնների առումով: Երկրորդ` եթէ Արեւմուտքը, Ռուսաստանի արտաքին քաղաքական թուլութեան կամ թուլակամութեան օբյեկտիւ յայտանիշերի պարագայում, այդ թւում եւ հարաւկովկասեան տարածաշրջանում, մէկուկէս տասնամեակում չկարողացաւ լոբբաւորել ԼՂ հիմնախնդրի` Բաքուի համար շահաւէտ լուծում, ապա Ռուսաստանի դերի ուժեղացումն էլ աւելի կը նուազեցնի նրա կշիռն այս հարցում: Հետեւաբար, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերակայութիւնների իրական փոփոխութիւնը կամ նոյնիսկ այդ փոփոխութիւնների պատրաստակամութեան ցուցադրումը, Հարաւային Կովկասի, Մերձկասպիայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ռազմաքաղաքական եւ տնտեսական մի շարք նախագծերի հարցում Բաքուի` Մոսկուային յարմար դիրքորոշումներին հասնելու (ինչը ռազմավարական առումով կարեւոր է Մոսկուայի համար) պայմաններում, Ադրբեջանին հնարաւորութիւն է տալիս Ռուսաստանից օգնութիւն ստանալ գոնէ մասամբ ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում: Միւս կողմից` Բաքուի արտաքին քաղաքականութեան ցանկացած ուղղութեան իսկապէս կամ երեւութապէս ճշգրտումն անհնար է` առանց նրա կողմից հաշուի առնելու հիմնական ռազմավարական դաշնակցի` Թուրքիայի շահերը: Թուրքական գործօնը Չնայած Ա.Էլչիբէյի իշխանութեան տարիներին տեղ գտած դէպի Թուրքիայ Ադրբեջանի միակողմանի կողմնորոշման որոշ ճշգրտմանը, ադրբեջանա-թուրքական յարաբերութիւնների զարգացման միտումը բաւական ամբողջական ձեւով ասուած է Հէյդար Ալիեւի բանաձեւում. ,մէկ ազգ` երկու պետութիւնէ: Թէեւ Թուրքիան քննադատաբար է վերաբերւում Ադրբեջանի աւտորիտար կառավարմանը, ադրբեջանական իշխող վերնախաւի կոռումպացուածութեանը, Անկարայի եւ Բաքուի ռազմավարական պլանների յաջող իրականացումն, այնուամենայնիւ, հնարաւոր է բացառապէս նրանց աշխատանքային տանդեմի համաձայնեցուած գործողութիւններով: Անկարայի համար Բաքուն բնական դարպաս է դէպի Կենտրոնական Ասիայի եւ Ռուսաստանի թիւրքական աշխարհ, որի առաջնորդը լինելու հաւանականութիւնը Թուրքիան կարող է վերածել ողջ Եւրասիայի իրական աշխարհաքաղաքական դերակատարի: Ադրբեջանը, դաշնակցելով Թուրքիայի հետ, կարող է բաւական յաջող կերպով դիմակայել Իրանի եւ Ռուսաստանի ճնշմանը, ,առաջինը լինել հաւասարների մէջէ, աւելի ծանրակշիռ աջակցութիւն ստանալ իսլամական պետութիւնների կողմից: Ի դէպ, անհրաժեշտ է նշել, որ ,թուրքիայի շարունակութիւնըէ մնալով` Ադրբեջանը նաեւ որոշակի իմիջային (եւ ոչ միայն) կորուստներ է կրում ինչպէս Իրանի, այնպէս էլ Կենտրոնական Ասիայի պետութիւնների առջեւ: Նման տանդեմի գոյութեան ակնյայտ դիւիդենդների կողքին (այստեղ կարելի է նշել նաեւ ԼՂ հիմնախնդրի ասպեկտը, Հայաստանի հետ փոխյարաբերութիւնները, տարածաշրջանից էներգակիրների արտահանման նախագծերի իրականացումը, ,արեւելք-արեւմուտքէ տրանսպորտային միջանցքի շահագործումը եւ այլն), Անկարայի եւ Բաքուի համաձայնեցուած քաղաքականութիւնն առաւել զգալի ձեւով տանում է դէպի նրանց քաղաքական եւ տնտեսական գերիշխում Վրաստանում: Մոսկուայի հետ Թբիլիսիի անհեռանկար առճակատման, այդ թւում եւ տարածաշրջանային տնտեսական ու հաղորդակցային նախագծերի առումով, եւ Հայաստանի, Աբխազիայի եւ հէնց Վրաստանի հայ համայնքի հանդէպ վերջինիս անզգոյշ վերաբերմունքի պայմաններում Վրաստանի տարածաշրջանային ինտէգրումը յանգում է նրան, որ այդ երկիրը հանդէս է գալիս որպէս ադրբեջանա-թուրքական տնտեսական շահերը տարանցողի դերում: Վրաստան Թուրքիայի եւ Ադրբեջանի յետագայ տնտեսական ներթափանցումն այդ երկրի արտաքին քաղաքականութեան եւ ներքին քաղաքականութեան հարցերի վրայ անխուսափելիօրէն կ'անդրադառնայ Սամցխե-ջավախք 1944թ. բռնաճնշման ենթարկուած թուրք-մեսխեթցիների հայրենադարձութեան գործընթացի ակտիւացմամբ, ադրբեջանական համայնքի կարգավիճակի բարձրացմամբ, Թբիլիսիի աւելի մեծ զիջողականութեամբ վրաց-ադրբեջանական սահմանը գծելիս, որի սահմանագիծը համաձայնեցուած է միայն դրա ընդհանուր երկարութեան 65%-ի համար: Առայժմ Թբիլիսիի վրայ ճնշումը հիմնականում տեղեկատուական է` ադրբեջանական (իսկ որոշ հարցերի շուրջ` նաեւ թուրքական) Զլմ-ն կշտամբում են իրենց կառավարութեանը Վրաստանին տնտեսական մեծ զիջումներ անելու հարցում4: Դժգոհութիւնները հիմնականում վերաբերում են տնտեսական արտօնութիւնների (մասնաւորապէս գազ մատակարարելիս) տրամադրմանն այն բանի համար, որ Թբիլիսիի հետ համագործակցում են քաղաքական շարժառիթներ ունեցող նախագծերում, որոնցից մէկը Կ'արս-ախալքալաք երկաթգծի շինարարութիւնն է. Ադրբեջանի կառավարութիւնը Վրաստանի տարածքում աշխատանքների իրականացման համար այդ երկրին 28 տարով տրամադրել է $200 մլն վարկ` տարեկան 1% տոկոսադրոյքով` գումարը յատկացնելով պետական նաւթային հիմնադրամից: *** Ելնելով այն բանից, որ Ադրբեջանի հիմնական տնտեսական, քաղաքական եւ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցութեանը վերաբերող ծրագրերի եւ նախագծերի զգալի մասը կողմնորոշուած է դէպի Արեւմուտք` ԱՄՆ, ԵՄ եւ Թուրքիայ, եւ նրանից, որ Բաքուն նրանց հետ է կապում իր ռազմավարական նպատակներին հասնելը, կարելի է եզրակացնել, որ Բաքուի արտաքին քաղաքականութեան որոշ շտկումն աւելի շուտ մարտավարական բնոյթ ունի եւ հիմնականում պայմանաւորուած է. Ռուսաստանի օբյեկտիւ զօրեղացմամբ, նաեւ` Հարաւային Կովկասում, դէպի նուազում իր տնտեսական աճի իրական հեռանկարների վերանայմամբ, Թուրքիայի ակտիւացմամբ, որը հանդէս եկաւ ,կովկասում կայունութեան եւ համագործակցութեան պլատֆորմիէ ստեղծման նախաձեռնութեամբ, որը ենթադրում է նաեւ Հայաստանի մասնակցութիւնը, ինչպէս նաեւ Հհ-ի հետ իր յարաբերութիւններում աջակցութիւնը, թէկուզեւ ձեւական, կարգաւորման գործընթացին: Այս գործօններից միայն առաջինը` Ռուսաստանի զօրեղացումն է դառնում երկարաժամկէտ եւ մշտապէս գործող; Միեւնոյն ժամանակ, Ռդ-ի հետ ԱՀ տնտեսական, յատկապէս նաւթագազային համագործակցութիւնը դեռ բաւականաչափ յստակեցուած չէ եւ ուղղակիօրէն կախուած է դէպի Արեւմուտք կողմնորոշուած էներգանախագծերի իրականացման պլաններից (եւ առաջին հերթին Nabucco գազամուղի նախագծի կենսունակութիւնից): Իսկ տարածաշրջանում Ռուսաստանի եւ Թուրքիայի ակտիւացման հեռանկարներն ու հետեւանքներն ակնյայտ չեն, քանզի չափից շատ են գործող դերակատարները, որոնց շահերը յաճախ ոչ միայն չեն համընկնում, այլեւ ուղղակիօրէն հակասում են միմեանց: Ուստի, երբ պարզ դառնա, որ տարածաշրջանի գծով հարեւանների ակտիւութիւնը երկարաժամկէտ եւ կենսունակ պոտենցիալ չունի Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականութեան սկզբունքային մի շարք հարցերի անհամատեղելիութեան պատճառով, Բաքուն ստիպուած կը լինի վերադառնալ իր սկզբնական արտաքին քաղաքական կողմնորոշիչներին: Սակայն Մոսկուան, ինչպէս թւում է, դեռ յոյսը չի կորցրել, որ Բաքուն կը վերադառնայ ռուսամէտ քաղաքականութեանը, ուստի առաջիկայում տարածաշրջանային քաղաքականութեան մէջ նրանից պէտք է սպասել ադրբեջանամէտ նոր քայլեր: Սերգեյ Սարգսեան Ս.Սարգսեան` «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազօտութիւնների կենտրոնի ղեկավարի տեղակալՍերգեյ Սարգսեան
  -   Յօդուածներ