Եռօրեայ համաժողով Ծաղկաձորում


Եռօրեայ համաժողով Ծաղկաձորում

  • 20-04-2016 17:25:14   |   |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 18-20-ը Ծաղկաձորի Գրողների տանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռի, Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի նախաձեռնութեամբ, ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի եւ ՄԱԿ-ի բնակչութեան հիմնադրամի օժանդակութեամբ տեղի ունեցաւ «Երբ ԵՍ-ը դառնում է ՄԵՆՔ» խորագրով եռօրեայ համաժողով: Այն ընթանում էր «Հոգեւոր աջակցութիւն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է դպրոցներում ծնողների եւ աշակերտութեան հետ քահանաների հանդիպումների միջոցով ուղենշել ընտանեկան հիմնախնդիրների յաղթահարման միջոցները եւ տարաբնոյթ ճգնաժամերից խուսափելու հոգեւոր ճանապարհը: Համաժողովին մասնակցում էին շուրջ 30 հոգեւորականներ, ՔԴԿ աշխատակիցներ եւ հիւրեր: 
 
Համաժողովը սկսուեց Տէրունական աղօթքով, որից յետոյ բացման խօսքով հանդէս եկաւ ՔԴԿ տնօրէն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նաւասարդեանը: Ներկաներին ողջունեցին նաեւ ՄԱԿ-ի բնակչութեան հիմնադրամի հայաստանեան գրասենեակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետեանը, ԱԺ պատգամաւոր Կարինէ Աճեմեանն ու ԿԳՆ հանրակրթութեան վարչութեան ներկայացուցիչ Նարինէ Մնացականեանը:
Եռօրեայ համաժողովի ընթացքում համապատասխան լսարանների հետ աշխատանքների առանձնայատկութիւնների մասին զեկուցեց Վարդան Սրբազանը: Տեղի ունեցան քննարկումներ ծրագրի շրջանակներում նկարահանուած սոցիալական հոլովակների շուրջ:
Բանախօսութեամբ հանդէս եկան Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը «Սիրոյ միջավայրը՝ ընտանեկան առողջ յարաբերութիւնների ձեւաւորման նախապայման» թեմայով եւ ՔԿՀ հոգեւոր պատասխանատու Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարեանը «Ընտանիք հասկացութիւնը Ս. Գրքում եւ քրիստոնէական ընկալմամբ» թեմայով: Օրուայ սուրբգրային ընթերցուածքների շուրջ ներկաներին իրենց մտածումները փոխանցեցին Արժանապատիւ Տ. Արամ քահանայ Միրզոյեանը եւ Տ. Թադէ քահանայ Թախմազեանը: Աշխատանքի եւ Սոցիալական ապահովութեան նախարարութեան ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչութեան պետի տեղակալ եւ կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինէ Թանաշեանը ներկայացրեց պետութեան կողմից իրականացուող միջոցառումները՝ ընտանեկան ներդաշնակ յարաբերութիւնների հաստատման եւ պահպանման ուղղութեամբ: Դասընթացավար Անահիտ Մինասեանի ուղորդմամբ կազմակերպուեց խմբային աշխատանք՝ մշակելու ծրագրի ձեւաչափը: 
Վերջում համաժողովի արդիւնքներն ամփոփեց ՔԴԿ տնօրէն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նաւասարդեանը` յստակեցնելով եւ ուղենշելով ծրագրի շրջանակներում իրականացուելիք յետագայ աշխատանքները: 
###
 
  -   Մամլո հաղորդագրություն