Տեղեկութիւններ Նորին Սրբութիւն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ՀՀ այցի ծրագրի վերաբերեալ


Տեղեկութիւններ Նորին Սրբութիւն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ՀՀ այցի ծրագրի վերաբերեալ

  • 13-05-2016 14:18:04   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետութիւն այցը կը մեկնարկի ս.թ. յունիսի 24-ին: Այցի շրջանակներում Երեւանի «Զուարթնոց» միջազգային օդանաւակայանում տեղի կ'ունենայ պաշտօնական դիմաւորման արարողութիւն, որից յետոյ Սրբազան Քահանայապետը կը մեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կ'ունենայ Բարիգալստեան` «Հրաշափառի» արարողութիւնը: 
 
Նոյն օրը երեկոյեան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետութեան Նախագահի նստավայրում հանդիպում կ'ունենայ Նախագահ Սերժ Սարգսեանի, ապա՝ ՀՀ իշխանութիւնների, հասարակութեան եւ դիւանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփուի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:
Յունիսի 25-ի առաւօտեան Սրբազան Քահանայապետը կ'այցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր եւ թանգարան: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կը մեկնի Գիւմրի, որտեղ Սուրբ եւ Անմահ Պատարագ կմատուցուի Վարդանանց հրապարակում: Գիւմրիում Հռոմի Պապը նաեւ կ'այցելի Անարատ Յղութեան Հայ քոյրերի միաբանութեան «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Եօթ Վէրք Ս. Աստուածածին եկեղեցի եւ Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ Մայր Տաճար: Նոյն օրը երեկոյեան Երեւանում՝ Հանրապետութեան հրապարակում, տեղի կ'ունենայ էկումենիկ արարողութիւն եւ Խաղաղութեան Աղօթք: 
Յունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կ'ունենայ Հայ Կաթողիկէ եպիսկոպոսների հետ, կը մասնակցի Ս. Պատարագի արարողութեանը եւ Էկումենիկ ճաշկերոյթի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների, Հայ Կաթողիկէ արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների ու պապական պատուիրակութեան հետ: Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կ'ունենայ Հայ Եկեղեցու պատուիրակների եւ բարերարների հետ:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կը ստորագրեն Համատեղ յայտարարութիւն: Հովուապետերը նաեւ աղօթք կը մատուցեն Խոր Վիրապի վանքում:
Նոյն օրը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապը Երեւանից կը մեկնի Հռոմ:
 
  -   Հասարակութիւն