Կաթոլիկ ուխտաւորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Կաթոլիկ ուխտաւորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • 19-05-2016 19:38:08   |   |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայից Հայաստան ժամանած Տրիերի կաթոլիկ թեմի ուխտաւորներին: 
Հանդիպման սկզբում ուխտաւորների անունից Ամենայն Հայոց Հայրապետին շնորհակալական խօսքով դիմեց Տրիերի թեմի առաջնորդի օգնական, աստուածաբան Կատարինայ Զեյ-Վորթմաննը` անդրադառնալով Հայաստանի սրբավայրերից եւ պատմամշակութային յուշարձաններից ստացած խմբի տպաւորութիւններին: Վերջինս ընթերցեց նաեւ Տրիերի եպիսկոպոս Քրիշտոֆ Շտեֆան Ակկերմանի` Գարեգին Բ Վեհափառին ուղղուած ողջոյնի խօսքը: 
 
Այնուհետեւ կաթոլիկ ուխտաւորներին իր օրհնութիւնն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբութիւնը ողջունեց Քոյր Եկեղեցու ուխտաւորների այցը Հայաստան եւ մեծապէս կարեւորեց նման ուխտագնացութիւնների կազմակերպումը դէպի քրիստոնէական հարուստ ժառանգութիւն ունեցող երկրներ: 
Վեհափառ Հայրապետը այս այցը յատկանշական նկատեց յունիս ամսին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանման նախօրէին: Նորին Սրբութիւնը նշեց, որ հայ ժողովուրդը երախտագէտ զգացումներով է սպասում Ֆրանցիսկոս Պապի այցին, որը նաեւ պիտի նպաստի երկու Եկեղեցիների բարեկամական յարաբերութիւնների եւ համագործակցութեան առաւել զօրացմանն ու ամրապնդմանը: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը տեղեկացրեց, որ այցի ընթացքում Քոյր Եկեղեցու Հովուապետի հետ համատեղ աղօթք պէտք է բարձրացուի յանուն աշխարհի խաղաղութեան: 
Հանդիպման ընթացքում Նորին Սրբութիւնը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու քարոզչական գործունէութեանը, Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւններին, ինչպէս նաեւ տարբեր կրօնների հետեւորդների խաղաղ համակեցութեան խնդրին: Մասնաւոր անդրադարձ կատարուեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբավայրերի պահպանութեան եւ վերականգման ուղղութեամբ ձեռնարկուող քայլերին: Այս կապակցութեամբ Վեհափառ Հայրապետն իր մասնաւոր գնահատանքը յայտնեց ուխտաւորների շարքերում ներկայ գտնուող «Եւրոպա Նոստրայ» միջազգային կազմակերպութեան անդամներին՝ հայոց սրբավայրերի վերականգնման գործում կազմակերպութեան կողմից ցուցաբերուած աջակցութեան համար: 
Վերջում Նորին Սրբութիւնն իր ողջոյնները փոխանցեց եպիսկոպոս Քրիշտոֆ Շտեֆան Ակկերմանին:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:
 
  -   Մամլո հաղորդագրություն