Կառավարութեան շէնքի մօտ բողոքի ակցիայ անցկացրեցին ջերմոցային տնտեսութեամբ զբաղուող ձեռներէցները


Կառավարութեան շէնքի մօտ բողոքի ակցիայ անցկացրեցին ջերմոցային տնտեսութեամբ զբաղուող ձեռներէցները

  • 02-05-2011 19:02:18   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մայիսի 2-ին ՀՀ կառավարութեան շէնքի մօտ բողոքի ակցիայ անցկացրեցին ջերմոցային տնտեսութեամբ, մասնաւորապէս` պոմիդորի արտադրութեամբ զբաղուող ձեռներէցները: Նրանք խնդրել էին «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Մարտիրոսեանին` մասնակցել ակցիային եւ ականջալուր լինել իրենց խնդիրներին: Բարձրացուած հարցերին ծանօթանալուց յետոյ Ա.Մարտիրոսեանն առաջարկեց նրանց ներկայացուցիչներից 4-ի հետ միասին հանդիպել ՀՀ կառավարութեան ներկայացուցչի հետ: Պատուիրակութեանն ընդունեց Կառավարութեան աշխատակազմի ղեկավար Դաւիթ Սարգսեանը: Ձեռներէցներին յուզող հարցերը վերաբերում էին ներքին արտադրողի իրաւունքների պաշտպանութեանը, մասնաւորապէս` շուկայում անհաւասար մրցակցութեան պայմաններին` Թուրքիայից չմաքսազերծուած պոմիդորի ներմուծմանը, բանկերի տոկոսադրոյքներին, արտադրելու ընթացքում իրենց սպառած էներգիային` գազին եւ այլն: Ըստ «Ժառանգութիւն» կուսակցութեան մամլոյ ծառայութեան, հանդիպման ընթացքում բարձրացուած խնդիրները լսելուց յետոյ Դաւիթ Սարգսեանը խոստացաւ առաջիկայում տեղեակ պահել, թէ Կառավարութիւնը ինչպէս է տեսնում խնդիրների լուծման եղանակները:
  -   Տնտեսութիւն