Հայ-թուրքական բարեկամութիւնը խորհրդանշող արձանի ապամոնտաժումը քաղաքական հարց է


Հայ-թուրքական բարեկամութիւնը խորհրդանշող արձանի ապամոնտաժումը քաղաքական հարց է

  • 02-05-2011 17:24:00   | Հայաստան  |  Քաղաքական
Հայ-թուրքական բարեկամութիւնը խորհրդանշող Կարսի արձանը եթէ նոյնիսկ հանճարեղ գործ լիներ, միեւնոյն է թուրքական քաղաքականութան պահանջով պէտք է ապամոնտաժուեր։ Մայիսի 2-ի ասուլիսում այսպիսի տեսակէտ է յայտնել քանդակագործ Լեւոն Թոքմաջեանը։ «Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը ոսկորի նման մնացել է Թուրքիայի կոկորդին»,- նշել է նա։ Երեւանի պետհամալսարանի Արեւելագիտութեան ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնեանի կարծիքով, արձանի ապամոնտաժմանը զուգահեռ ապամոնտաժւում են հայ-թուրքական յարաբերութիւններում առկայ շփման եզրերը: Միաժամանակ նա նշել է, որ խորհրդարանական ընտրութիւնների նախաշեմին արձանը ապամոնտաժելու վարչապետ Էրդողանի որոշումը նպատակ ունի յագուրդ տալ Կարսում բնակուող ադրբեջանցիների ազգայնական կրքերին, ինչպէս նաեւ աւելացնել իշխող կուսակցութեան քուէները: Ռ.Մելքոնեանը գտնում է, որ խորհրդարանական ընտրութիւններին յաջորդող սահմանադրական փոփոխութիւններով փորձ կարուի ուժեղացնել նախագահական ինստիտուտը, իսկ ուժեղ նախագահի թեկնածուն, հաւանաբար, կը լինի հէնց Էրդողանը: Այդ դէպքում, ըստ թուրքագէտի, քիչ հաւանական է որեւէ առաջընթաց հայ-թուրքական գործընթացում: «Ինչ-որ մակերեսային փոփոխութիւններ միգուցէ լինեն, սակայն թուրքական վերնախաւի կատեգորիկ յայտարարութիւնները մեծացրել են ջրբաժանը երկու երկրների միջեւ»,- նկատել է Ռ.Մելքոնեանը: Հայաստանի ԱԺ պատգամաւոր Կարէն Աւագեանի կարծիքով նոյնպէս արձանի ապամոնտաժումը քաղաքական հարց է։ Նա յիշատակեց Էրդողանի վերջին ելոյթն Իգդիրում, երբ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումը նա պայմանաւորել է նախապայմանների կատարմամբ, յայտարարելով, որ «առանց ԼՂՀ հարցի կարգաւորման Հայաստանի հետ որեւէ յարաբերութիւն չի կարող հաստատուել»: «Էրդողանը շատ լկտի պահուածքով սկսել է բարձրաձայն խօսել մի բանի մասին, որը վաղուց բոլորին էր յայտնի, ինչը մշտապէս անընդունելի է եղել հայկական կողմի համար»,- նշել է ԱԺ պատգամաւորը։ Նա յայտարարել է, որ Հայաստանն ամէն ինչ արել է հայ-թուրքական գործընթացի կարգաւորման ուղղութեամբ եւ սպասում է, որպէսզի իր ստանձնած պարտաւորութիւնները կատարի նաեւ Թուրքիան, ինչն, ըստ պատգամաւորի, չի ուշանա։ «Թուրքական իշխանութեան համար դժուար է զսպել միջազգային ճնշումները` կապուած Հայոց ցեղասպանութեան ճանաչման հետ, նրանք մի օր կը վերադառնան այս խնդրին»,- նշել է Կարէն Աւագեանը:
  -   Քաղաքական