Մայր Աթոռ Ս Էջմիածինը հիւրընկալել է«Կենգուրու» եւ «Մեղու» մրցոյթների առաջատարներին


Մայր Աթոռ Ս Էջմիածինը հիւրընկալել է«Կենգուրու» եւ «Մեղու» մրցոյթների առաջատարներին

  • 31-08-2016 15:04:40   |   |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպուած 2016 թ. «Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար» եւ «Մեղու. հայերէնը բոլորի համար» մրցոյթների յաղթողները եւ ՀՀ մարզերում ու Արցախում լաւագոյն արդիւնք արձանագրած դպրոցականները: 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից մրցոյթների յաղթողներին ողջունեց եւ շնորհաւորեց Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:
 
Նաթան Սրբազանը բարձր գնահատեց պատանիների` գիտելիքներ ամբարելու եւ սովորածը կիրառութեան մէջ դնելու ցանկութիւնը: «Մեր երկրի առաջընթացի ամենակարեւոր գրաւականը դարեր ի վեր եղել եւ մնում է գիտելիքը: Եւ՛ ճշգրիտ գիտութիւնները, եւ՛ մայրենի լեզուն գիտելիքի հիման վրայ տնտեսութեամբ զարգացող մեր երկրում հաւասարապէս կարեւոր են: Արդէն աւանդաբար անցկացուող «Կենգուրու» եւ «Մեղու» մրցոյթների միջոցով խթանւում է երեխաների հետաքրքրութիւնը մաթեմատիկայի, տրամաբանութեան եւ հայերէնի նկատմամբ», - նշեց Նաթան արքեպիսկոպոսը:
Մայր Աթոռում հիւրընկալուած աշակերտներին նա յորդորեց շարունակել զինուել գիտելիքներով, որոնցով մեծապէս կարող են նպաստել մեր ազգի եւ պետութեան ամրապնդմանն ու զօրացմանը:
Հանդիպման վերջում Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, շնորհաւորելով ներկաներին գալիք սեպտեմբերի 1-ի կապակցութեամբ, մաղթեց, որ Գիտելիքի օրը` կրթական նոր տարին, իւրաքանչիւրի համար լինի տօն եւ մեծ յաջողութիւնների, յաղթանակների բերկրանքի նոր սկիզբ:
 
  -   Մամլո հաղորդագրություն