Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել «Լաւագոյն ուսուցիչ» մրցանակաբաշխութիւնը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել «Լաւագոյն ուսուցիչ» մրցանակաբաշխութիւնը

  • 29-09-2016 18:50:20   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ եւ ՀՀ Կրթութեան ու գիտութեան նախարար տիար Լեւոն Մկրտչեանի մասնակցութեամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանի հանդիսութիւնների սրահում, տեղի ունեցաւ «Հայոց պատմութիւն», «Հայոց Եկեղեցու պատմութիւն», «Հայոց լեզու եւ գրականութիւն», «Ֆիզիկա», «Քիմիայ», «Կենսաբանութիւն» առարկաների ուսուցիչների եւ դասվարների «Լաւագոյն ուսուցիչ» ամենամեայ մրցոյթի 2016 թ.  հանդիսաւոր մրցանակաբաշխութիւնը: 
 
Արարողութիւնն սկսուեց Տէրունական աղօթքով, ապա բացման խօսք ասաց Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նաւասարդեանը: 
‹‹ուսուցչի եւ իր առաքելութեան, ծառայութեան գնահատումը մշտապէս եղել եւ մնալու է Հայ Եկեղեցու եւ նրա առաջնորդի՝ Ամենայն Հայոց Հայրապետի ուշադրութեան կենտրոնում: Այս մրցոյթը այն բազմաթիւ ծրագրերից, միջոցառումներից մէկն է, որի նպատակն է ազգային դպրոցում ուսուցչին ոգեւորել, արժեւորել նրա կատարած աշխատանքը, գնահատել որպէս այդ տարուայ մէջ լաւագոյնը եւ խթանել, որպէսզի այս գնահատանքը, հմտութիւնն ու մարդակերտման կարողութիւնը տարածուի նաեւ միւս մանկավարժների վրայ: Ուսուցիչը ոչ միայն գիտելիք պէտք է փոխանցի աշակերտին, այլեւ կեանքուսոյց դերակատարութիւն պէտք է ունենայ. նա պէտք է լինի այն կարեւոր օղակը, որ պէտք է յստակ զատում դնի ժամանակաւորի եւ յաւիտենականի միջեւ››, - ասաց Վարդան Սրբազանը:  
Մրցանակաբաշխութեանը ելոյթ ունեցաւ ՀՀ Կրթութեան ու գիտութեան նախարար տիար Լեւոն Մկրտչեանը: Պրն. Լ. Մկրտչեանը չափազանց յուզիչ նկատեց այն հանգամանքը, որ միջոցառումը տեղի է ունենում ՀՀ անկախութեան 25-րդ տարեդարձի ժամանակաշրջանում: ‹‹երբ մենք փորձենք գնահատել անկախութիւնը եւ հասկանալ արժէքները, որոնք բերեց իր հետ մեր կեանքի այս նոր ձեւաչափը, թերեւս երկու կարեւորագոյն փաստ կշեշտադրուի:
Առաջինը՝ մեր անկախութեան շքերթի ժամանակ հոգեւոր գնդի շարահիւսային քայլն է, երբ այն կարողացաւ մեր գնդերի հետ միասին հպարտօրէն քայլել, եւ սրանով Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին փաստեց, որ ինքը ամբողջական ներկայութիւն է մեր ոչ միայն հոգեւոր կայնքում, այլեւ հոգեւոր-ֆիզիկական անվտանգութեան համակարգում: 
Երկրորդը, որն աւելի հզօր եւ կարեւոր փաստ է, դա մեր կրթական ծրագրերում Հայ Եկեղեցու` արդէն մնայուն եւ լայնածաւալ ներկայութիւնն է: Եթէ մենք խօսում ենք ազգային կրթակարգից, պէտք է նշենք, որ հայ տեսակը առանց Հայ Եկեղեցու չկայ. այն այս տեսակի անքակտելի մասն է, նրա միսն ու արիւնն է եւ հոգեւոր ներկայութիւնը», - ասաց ԿԳ նախարարը` ընդգծելով, որ դպրոցներում հայագիտական առարկաների ուսուցիչները մեծ առաքելութիւն են իրականացնում, տալիս են տեսակի շարունակութեան բանալին: 
Մրցանակաբաշութեան մասնակիցներին ողջունեց նաեւ ՀՀ ԱԺ պատգամաւոր, ԱԺ Գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի անդամ Կարինէ Աճեմեանը` իր հերթին անդրադառնալով կրթութեան ոլորտում Հայ Եկեղեցու ստանձնած վիթխարի առաքելութեանը, ինչպէս նաեւ աշակերտի վարքագծի կերտման տեսանկիւնից ուսուցչի դերակատարութեանը, քրիստոնէական դաստիարակութեան եւ կրթութեան ոլորտում արձանագրուող կարեւոր ձեռքբերումներին:
Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ԿԳ նախարարի կողմից յաղթող ուսուցիչներին յանձնուեցին մրցոյթի մասնակցութեան վկայականներ, հոգեւոր գրականութիւն եւ դրամական պարգեւներ:
Առաջին մրցանակը շնորհուեց «Քիմիայ» առարկայի ուսուցչուհի Անուշ Խաչիկեանին (Երեւանի Ա. Երզնկեանի անուան թ. 118 աւագ դպրոց):
Երկրորդ մրցանակի արժանացան «Հայոց պատմութիւն» առարկայի ուսուցչուհի Հայկանուշ Գրիգորեանը (Արագածոտն, Ոսկեվազի միջն. դպրոց), «Հայոց պատմութիւն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրեանը (Սիւնիք, Սիսիանի աւագ դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի ուսուցչուհի Անահիտ Թեւոսեանը (Արարատ, Վեդու թ.2 հիմնական դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի ուսուցչուհի Լիանա Մատինեանը (Լոռի, Վանաձորի Սայաթ-Նովայի անուան թ. 10 աւագ դպրոց), «Հայոց լեզու եւ գրականութիւն» առարկայի ուսուցչուհի Տիրուհի Ասատրեանը (Գեղարքունիք, Կարմիրգիւղի թ.2 միջն. դպրոց), «Հայոց լեզու եւ գրականութիւն» առարկայի ուսուցչուհի Արփինէ Սարգսեանը (Շիրակ, Վահրամաբերդի միջն. դպրոց), «Քիմիայ» առարկայի ուսուցչուհի Մարիայ Գրիգորեանը (Լոռի, Վանաձորի Սայաթ-Նովայի անուան թ. 10 աւագ դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Նինել Մկրտչեանը (Վայոց Ձոր, Վայքի քաղաքային վարժարան), դասվար Ռուզաննա Վարդանեանը (Երեւանի թ. 116 հիմնական դպրոց):
Երրորդ մրցանակը փոխանցուեց «Հայոց պատմութիւն» առարկայի ուսուցիչ Վարդան Աշչեանին (Երեւան, Գ. Էմինի անուան թ. 182 աւագ դպրոց), «Հայոց պատմութիւն» առարկայի ուսուցչուհի Աննա Բաղդասարեանին (Կոտայք, Լեռնանիստի միջնակարգ դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի ուսուցչուհի Ալուինայ Մկրտումեանին (Արմաւիր, Թաիրովի միջն. դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի ուսուցիչ Գագիկ Վարդանեանին (Գեղարքունիք, Ներքին Գետաշենի թ. 1 միջն. դպրոց), «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի ուսուցչուհի Նարինէ Վարդանեանին (Լոռի, Վանաձորի, թ. 28 հիմնական դպրոց), «Հայոց լեզու եւ գրականութիւն» առարկայի ուսուցչուհի Նաիրա Զեյնալեանին (Արարատ, Սուրէնաւանի միջն. դպրոց), «Հայոց լեզու եւ գրականութիւն» առարկայի ուսուցչուհի Անի Վանցեանին (Լոռի, Ստեփանաւանի աւագ դպրոց), «Հայոց լեզու եւ գրականութիւն» առարկայի ուսուցչուհի Քրիստինէ Աւետիսեանին (Կոտայք, Լեռնանիստի միջնակարգ դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Անուշ Մանուկեանին (Գեղարքունիք գաւառի թ. 3 հիմնական դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Վարդուհի Ծատրեանին (Արմաւիր, Թաիրովի միջն. դպրոց), «Կենսաբանութիւն» առարկայի ուսուցչուհի Սուետլանայ Սարգսեանին (Սիւնիք, Սիսիանի աւագ դպրոց), դասվար Սոնիկ Բադալեանին (Արմաւիր, Էօռնեկէան հանրակրթական դպրոց), դասվար Մերի Թոռունեանին (Երեւան, Վարդանանք կրթահամալիր):
Շնորհաբաշխութիւնից յետոյ խօսքով հանդէս եկաւ «Լաւագոյն ուսուցիչ» ամենամեայ մրցանակաբաշխութեան բարերար Սիլուայ Տէր-Ստեփանեանը (ԱՄՆ): «Մեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եղաւ եւ է Հայր Աստծու մեծագոյն պարգեւը ողջ հայութեան: Այն շարունակելու է մնալ ոչ միայն մեր հայ հաւատքի ուղեցոյցը, այլ նաեւ մեր սուրբ աղբիւրը», - իր խօսքում նշեց օր. Տէր-Ստեփանեանը` մաղթելով, որ մշտապէս պանծացուի հայերի յոյսի, լոյսի եւ հաւատքի սուրբ կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածինը:
Շնորհակալական խօսք ասաց նաեւ առաջին մրցանակին արժանացած ուսուցչուհի Անուշ Խաչիկեանը: 
Ցերեկոյթի ընթացքում գեղարուեստական կատարումներով հանդէս եկաւ նաեւ «Նոր անուններ» համոյթը` ղեկավարութեամբ Սիլուայ Մեքինեանի:
Մրցանակաբաշխութեան արարողութիւնը եզրափակուեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան խօսքով: Վեհափառ Հայրապետը, ողջունելով ներկաներին, իր գնահատանքը փոխանցեց լաւագոյն ուսուցչի պատուին արժանացած ուսուցիչներին` շնորհակալութիւն յայտնելով իրենց մատուցած բարի եւ ազնիւ ծառայութեան համար:
Նորին Սրբութիւնն ուսուցիչներին համեմատեց աւետարանական բարի սերմնացանի կերպարի հետ, ովքեր հայորդիների հոգիներն ու միտքը հերկում են եւ սերմանում բարի յունդեր, ապա հոգ տանում ու խնամում, որ այդ յունդերը ծիլ տան եւ բարի արդիւնք բերեն հայ ժողովրդին ու Հայրենիքին: 
«Փառք ենք տալիս Աստծուն, որ այդ աշխատանքը իրականացւում է սիրով ու նախանձախնդրութեամբ: Դրա վկայութիւնը տեսանք նաեւ վերջերս, երբ այցելեցինք Լեռնային Ղարաբաղ, հանդիպեցինք հայոց բանակի քաջարի մարտիկներին: Հպարտութիւն զգացինք այն ոգու եւ գիտակցութեան համար, որով նրանք իրենց ծառայութիւնն էին բերում մեր Հայրենիքին եւ ժողովրդին: Մենք այս իմաստով նոյնպէս մեր գնահատանքը եւ օրհնութիւնն ենք բերում ձեզ: Ուսուցիչը մեր մշտական աղօթքներում է, որպէսզի նրա աշխատանքով առատանան շնորհները մեր զաւակների կեանքում, այդ շնորհներով վերջիններս էլ իրենց հերթին զարդարեն հայ կեանքը եւ հայոց անդաստանները», - ասաց Վեհափառ Հայրապետը: 
Այս առիթով ազգային կրթութեան գործում իր նախանձախնդրութեան եւ կարեւոր ներդրումի համար Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը յայտնեց տիար Լեւոն Մկրտչեանին` շնորհաւորելով նրան նաեւ ԿԳ նախարարի պաշտօնում վերանշանակուելու կապակցութեամբ: Նորին Սրբութիւնը բարձր գնահատեց եկեղեցական կրթական կառոյցների եւ ԿԳՆ-ի միջեւ գործակցութիւնը, որ պսակւում է գեղեցիկ նախաձեռնութիւններով: 
Վեհափառ Հայրապետն իր օրհնութիւնը բերեց նաեւ մրցանակաբաշխութեան երկարամեայ հովանաւորներին` Սիլուայ եւ Իրմայ Տէր-Ստեփանեան քոյրերին, ինչպէս նաեւ ՔԴԿ տնօրէն Տ. Վարդան եպիսկոպոս Նաւասարդեանին:
Վերջում «Պահպանիչ» աղօթքով Հայոց Հայրապետն օրհնեց ներկաներին եւ հայցեց Երնաւոր Տիրոջ հովանին եւ զօրակցութիւնն ազգանպաստ իրենց առաքելութեան արդիւնաւոր իրականացման մէջ:
###
 
  -   Մամլո հաղորդագրություն