Գուրգէն Մխիթարեան. «Ամենակարեւոր խնդիրը վիրահայութեան<br /> ազգային ինքնագիտակցութեան բարձրացումն է»<br />


Գուրգէն Մխիթարեան. «Ամենակարեւոր խնդիրը վիրահայութեան
ազգային ինքնագիտակցութեան բարձրացումն է»

  • 27-01-2010 14:38:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մէկ տարի է, ինչ Թբիլիսիում, որտեղ ներկայումս բնակւում են շուրջ 120 հազար հայեր, հրատարակւում է «Պարագա» հայագիտական ուսումնաթերթը: Այն լոյս է տեսնում ամիսը մէկ անգամ` 30-50 էջ ծաւալով եւ 500-1000 տպաքանակով: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց թերթի հիմնադիր տնօրէն եւ գլխաւոր խմբագիր Գուրգէն Մխիթարեանը, երկլեզու` հայերէն եւ ռուսերէն, ամսաթերթի նպատակն է մօտեցնել վիրահայերին իրենց պատմական ակունքներին, ծանօթացնել հայ ժողովրդի յայտնի դէմքերի հետ, որոնց մէջ քիչ չեն նաեւ թիֆլիսահայերը: Ամսաթերթի «Հայոց պատմութիւն» բաժնում զետեղվում են պատմա-վաւերագրական նիւթեր, իսկ բաժնի համար յօդուածներ է տրամադրում նաեւ Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Պատմութեան ինստիտուտը: Ըստ Գ.Մխիթարեանի, նախատեսւում է բացել յատուկ հայ մշակոյթին վերաբերող բաժին, որտեղ հիմնական շեշտը պէտք է դրուի վիրահայութեան մշակոյթի ներկայացման վրայ: Անհրաժեշտ է բացել նաեւ բաժին, որտեղ կներկայացուեն Հայ Առաքելական եկեղեցու, հայոց հաւատքի ճիշտ հիմքերը, այդ թւում հայկական եկեղեցական տոները: Նշուեց, որ ռուսախոս վիրահայերի համար ամսաթերթում կայ ռուսերէն լեզւով հայոց լեզուի ուսուցման բաժին: Գ.Մխիթարեանի կարծիքով, ամենակարեւոր խնդիրն է բարձրացնել վիրահայութեան ազգային ինքնագիտակցությունը: Ըստ նրա, այսօր Վրաստանում կան բոլոր նախապայմանները, որպէսզի հայերը կարողանան պահպանել իրենց ազգային ինքնութիւնը, սակայն հայկական համայնքը կազմակերպուած չէ եւ գտնւում է լճացման վիճակում: Համայնքի հիմքերի խարխլման հարցում բացասական դեր է խաղացել հայերի արտագաղթը Ռուսաստան, Գերմանիա, եւրոպական այլ երկրներ, նաեւ Հայաստան, նաեւ տեղի հայկական դպրոցների ուսուցիչների պատրաստուածութեան ցածր մակարդակը: Վիրահայութեան ազգային ինքնութեան պահպանման հարցում Գ.Մխիթարեանը կարեւորեց հայաստանեան երեք հեռուստաալիքների` Հանրայինի, «Շանթի» եւ «Արմէնիայի», հաղորդումների արբանեակային հեռարձակումը:
  -   Հասարակութիւն