Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի պաշտօնէութեանը


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի պաշտօնէութեանը

  • 13-01-2017 17:25:33   |   |  Մամլո հաղորդագրություն

Յունուարի 13-ին` Տէր Յիսուս Քրիստոսի Անուանակոչութեան տօնին, Մայր Տաճարում մատուցուած Սուրբ Պատարագի աւարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գեւորգեան հոգեւոր ճեմարանի դահլիճում ընդունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գտնուող բաժինների պաշտօնէութեանը` ուղեկցութեամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանի:
 
Բացման խօսքում Մուշեղ Սրբազանը Մայր Աթոռի պաշտօնէութեան անունից շնորհաւորեց Նորին Սրբութեանը բերկրալի տօների առիթով եւ Հայոց Հօրը փոխանցեց ամէնքի սէրն ու նուիրումը:
Սուրբ Էջմիածնի աշխատակիցների անունից Վեհափառ Հայրապետին շնորհաւորական խօսք ուղղեց նաեւ Մայր Աթոռի «Էջմիածին» պաշտօնական ամսագրի գլխաւոր խմբագիր փիլ. գիտ. դոկտոր Արսէն Բոբոխեանը` շնորհակալութիւն յայտնելով հայրական խնամքի եւ հոգածութեան համար:
«Անցած 2016 թ. հարուստ էր ձեռքբերումներով, բայց, դժբախտաբար, նաեւ կորուստներով: Չնայած բազմաթիւ խոչընդոտներին` պատերազմի եւ խաղաղութեան սահմանագծին գտնուող մեր երկիրը, այնուամենայնիւ, զարգացման լուրջ քայլեր կատարեց, եւ այս գործընթացում խիստ էական էր Հայ Առաքելական Եկեղեցու դերը, որն իր անմիջական մասնակցութիւնը բերեց հայրենիքում եւ Սփիւռքում տեղի ունեցող գրեթէ բոլոր իրադարձութիւններին: 
2016 թ. սեպտեմբերին լրացաւ Հայոց պետականութեան քառորդ դարը: Մի հին ժողովուրդ, որի անունը յիշւում է դեռեւս սեպագրերում՝ վաղուց վերացած քաղաքակիրթ ազգերի շարքում, այսօր, զառամեալ ծերունու փոխարէն, յառնում է որպէս 25-ամեայ մի երիտասարդ, որի հոգեւոր առաջնորդութիւնը վստահուած է Ձերդ Սրբութեանը: Ձեզ վիճակուեց հովուապետել մեր ժողովրդին պատմական այն ժամանակաշրջանում, երբ մի կողմից թշնամու անընդմէջ յարձակումների, միւս կողմից` երկրի սոցիալական ծանր վիճակի պայմաններում տքնում էր հազարամեայ հայ ժողովուրդը: 
Խօսելով նախորդ տարուայ մասին, չենք կարող չանդրադառնալ ապրիլեան Քառօրեայ պատերազմին, որից մեր ժողովուրդը հերթական անգամ պատուով դուրս եկաւ: Այդ դժուարին օրերին Հայոց Ս. Եկեղեցին եւ Դուք, Վեհափառ Տէր, հայ զինուորի եւ ժողովրդի կողքին էիք: 
…2016 թ. տեղի ունեցած իրադարձութիւններից բոլորը հնարաւոր չէ թուել: 
Հայոց կեանքում տեղի ունեցած իրադարձութիւնների այս առատութիւնն ու Հայ Առաքելական Եկեղեցու՝ դրանցում խաղացած կարեւոր դերն ու նշանակութիւնը փաստում են մեր Եկեղեցու կենսունակութեան բարձր աստիճանը», - նշեց պրն. Արսէն Բոբոխեանը` մաղթելով, որ Վեհափառի օրհնութեամբ աւելի բարեյաջող լինի 2017 թուականը՝ խաղաղ, ներդաշնակ եւ զերծ հոգեւոր ու նիւթական անհանգստութիւններից:
Ապա Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով ներկաներին շնորհաւորեց եւ իր հայրապետական օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` փառք վերառաքելով առ Աստուած անցնող տարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ընդհանրապէս Հայ Եկեղեցու առաքելութեան արգասաւորման համար:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը յայտնեց ներկաներին 2016 թուականին Եկեղեցու գործունէութեան կազմակերպման եւ անխափան ընթացքի համար ներդրած ջանքերի ու նուիրեալ ծառայութեան համար: Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ ընդգծեց, որ իւրաքանչիւր կառոյց եւ աշխատակից խղճի մտօք, պատասխանատուութեան զգացումով, յանձնառութեամբ ու սիրով կարելին արեցին եւ նպաստեցին, որպէսզի արդիւնաւոր լինի ժողովրդին ու հայրենիքին բերած Եկեղեցու ծառայութիւնը: 
Գարեգին Բ Կաթողիկոսը յորդորեց նոյն ոգով ու նախանձախնդրութեամբ շարունակել իրենց բարեխիղճ ծառայութիւնը նաեւ 2017 թուականին, այն գիտակցութեամբ, որ դրանով է պայմանաւորուած Եկեղեցու առաքելութիւնը, եկեղեցական կեանքում ծրագրուող ձեռնարկների յաջողութիւնը, աւելի ընդարձակ տեսլականը` խաղաղութիւնը երկրի սահմաններում եւ բարօրութիւնը հայ ժողովրդի կեանքում: 
Կարեւորելով ամէնքի ծառայութիւնը նաեւ Հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարման գործում` Նորին Սրբութիւնը յաւելեց. «Վստահեցնում եմ ձեզ, որ իւրաքանչիւրիդ աշխատանքը մեծ, հսկայական ներդրում է մեր երկրի առաջընթացի ու խաղաղութեան, մեր ժողովրդի ապահով կեանքի ու ձեռքբերումների համար: Իւրաքանչիւրիդ անձնական ներդրումն ու ծառայութիւնը կարեւոր նպաստ են այն իղձերի, երազների եւ տեսիլքների իրագործմանը, ինչին ձգտում է մեր ժողովուրդը: Եթէ իւրաքանչիւրս մեր ծառայութեան մէջ անսակարկ նուիրումով մեր պարտականութիւնն իրագործենք, կ'ունենանք մեր ցանկալի երկիրը»:
Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց Մայր Աթոռի աշխատակիցներին` նրանց ընտանիքներին մաղթելով օրհնեալ եւ բարեբեր տարի:

 
  -   Մամլո հաղորդագրություն