Երեւանում անցկացուեց ՀԱՊԿ-ի նախաձեռնած կլոր սեղանը<br />


Երեւանում անցկացուեց ՀԱՊԿ-ի նախաձեռնած կլոր սեղանը

  • 24-11-2009 16:04:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 24-ին Երեւանում անցկացուեց «Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնը որպէս կովկասեան տարածաշրջանում կայունութեան եւ անվտանգութեան գործօն» թեմայով կլոր սեղանը: «Մեր բարդ տարածաշրջանը գլոբալ եւրասիական տարածքի ոչ միայն աշխարհագրական, այլեւ յուրօրինակ գեոքաղաքական, տրանսպորտային, քաղաքակրթական եւ մշակոյթային խաչմերուկն է: Այդ պատճառով այստեղ տեղի ունեցող իրադարձութիւնների արձագանքը հզօր ռեզոնանս է առաջացնում նրա սահմաններից հեռու»,- իր խօսքում նշեց Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը: Նա ընդգծեց, որ կովկասեան տարածաշրջանում առկայ գործընթացները բազմաթիւ սուր խնդիրներ են առաջադրում, որոնց լուծման համար պահանջւում են տարածաշրջանի բոլոր երկրների համատեղ ջանքերը: Իսկ ջանքերի միաւորումը, ըստ Ա.Բաղդասարեանի, հնարաւոր է միայն տարածաշրջանի երկրների փոխվստահության առկայութեան, այստեղ բնակուող բոլոր ժողովուրդների շահերը հաշուի առնող բաց եւ շահագրգիռ երկխօսութեան դէպքում միայն: Նա նշեց. «Հայաստանի Հանրապետութիւնը միշտ հետեւողականօրէն հանդէս է եկել երկարաժամկէտ խաղաղութեան եւ բարիդրացիական յարաբերութիւնների հաստատման, իրաւահաւասար գործընկերութեան եւ տարածաշրջանի բոլոր երկրների հետ համագործակցութեան օգտին` առանց որեւէ նախապայմանի, եւ մեր դիրքորոշումն այս հարցում մնացել է անփոփոխ»: Ըստ նրա, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը եւ սահմանի բացումը սկզբունքօրէն նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում: Կլոր սեղանի աւարտին հրաւիրուած մամուլի ասուլիսում ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղար Նիկոլայ Բորդիւժան նշեց, որ ակնկալւում է, որ երեւանեան կլոր սեղանին կյաջորդեն նաեւ նման միջոցառումներ կազմակերպութեան անդամ այլ երկրներում: «Մենք շատ կցանկանայինք իմանալ փորձագիտական խորհրդի կարծիքը ՀԱՊԿ-ի գործողութեան ներքոյ գտնուող բոլոր տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրութեան մասին, ինչպէս կառուցել հաւաքական անվտանգութեան համակարգը եւ ինչ է պէտք հաշուի առնել այն կառուցելիս»,- ասաց նա:
  -   Քաղաքական