Լոյս տեսավ Լեհաստանի հայերի «Աւետիս» թերթի առաջին համարը<br />


Լոյս տեսավ Լեհաստանի հայերի «Աւետիս» թերթի առաջին համարը

  • 18-11-2009 15:35:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՎԱՐՇԱՒԱ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հրատարակուել է հայկական «Աւետիս» թերթի առաջին համարը: Ինչպէս հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, այս հրատարակութիւնն առանձնայատուկ է նրանով, որ հայկական առաջին տպագիր հասարակական-քաղաքական թերթն է ետպատերազմյան Լեհաստանում: Նշենք, որ թերթի խմբագրակազմը բաղկացած է տարբեր սերունդների «հին» եւ «նոր» հայերից, իսկ գլխաւոր խմբագիր է ընտրուել Արմէն Արտվիչը: Թերթի հրատարակիչը Լեհահայերի մշակոյթի եւ ժառանգութեան ֆոնդն է: Խորհրդանշական է, որ լեհահայոց նոր թերթի նշանաբանը` «բարի ավետաբեր», համադրելի է հայկական հին պարբերականի` «Սուրբ Գրիգորի սուրհանդակ», անուանման հետ, որ մինչեւ 1939 թուվականը լոյս էր տեսնում Լվովում եւ փաստորեն վերջին հայկական հրատարակութիւնն էր Լեհաստանի եւ Ուկրաինայի ԽՍՀ տարածքում: Նրա փակումից յետոյ յիսուն երկար տարիներ ՈՒԽՍՀ հայերը չունէին իրենց թերթը եւ միայն անկախ Ուկրաինայում, 1994 թ. դեկտեմբերին երկլեզու «Արագած» թերթի առաջին համարը լոյս տեսնելուց յետոյ Ուկրաինայի հայ համայնքը վերստին իր համազգային թերթն ունեցաւ: Եվ ահա 70-ամեայ ընդմիջումից յետոյ, արդէն 21-րդ դարում մենք ականատես ենք լինում հայկական թերթի վերածնմանը Լեհաստանում, ինչը լեհահայ համայնքի վերածնութեան համոզիչ ապացոյց է: Լեհաստանի հայկական համայնքի «Աւետիս» նոր երկլեզու թերթի առաջին համարը ներկայացուել է 2009 թ. հոկտեմբերի 17-ին վարշավյան «Պատմութեան հետ հանդիպումների տուն» ինստիտուտում: Թերթի հետ միասին հանրութեանն է ներկայացուել լուսանկարչական ցուցահանդէս` «Տեսարան դէպի Արարատ: Հայերի ճակատագիրը Լեհաստանում»: Ինչպէս գրուած է խմբագրութեան մամլոյ տեղեկագրում, թերթը մտայղացուել է իբրեւ ավանդականն ու արդիականը զուգակցող, հասարակական տարբեր խմբերը միասնական ազգային համայնքում մերձեցնող ժամանակակից հայկական արեոպագ (աւագների խորհուրդ Աթէնքում): Մասնաւորապէս թերթը նախատեսուած է Ինտերնետից չօգտուող մարդկանց համար, բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են զանգվածային լրատւութեան առաւելապէս աւանդական միջոցները: «Աւետիսը» գիտական պարբերական չէ, այդ դերը հիանալի է կատարում Հայ մշակոյթային ընկերութեան կողմից հրատարակւող «Biuletyn OTK» («Տեղեկագիր Հայ մշակոյթային ընկերութեան») գիտական ժողովածուն: «Աւետիս» թերթն ունի սոցիալ-մշակոյթային դիմագիծ, աւելի յարմար է իր հիմնական նպատակին` համախմբուած հայկական միջավայրի կառուցմանը, մշակոյթային եւ պատմական առանձնահատկությունների, լեզուական պատնեշների յաղթահարմանը, ժամանակակից Լեհաստանի հայութեան տարբեր խմբերի միասնականութեանը:
  -   Հասարակութիւն