Մոսկուայի Նկարիչների կենտրոնական տանը բացուեց Այվազովսկու
նկարների ցուցահանդէսը
20-10-2009 19:20:00 | Ռուսաստան | Մշակոյթ
ՄՈՍԿՈՒԱ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Նկարիչների կենտրոնական տանը բացուեց ռուսական ծովանկարչության
վարպետի գլուխգործոցների ցուցահանդէսը: Ցուցադրությունը
հանդիսականներին ծանօթացնում է մասնաւոր հավաքածուներում պահւող
նկարներին: Շատ աշխատանքներ ցուցադրվում են առաջին անգամ, ինչը
թոյլ է տալիս արուեստասէրներին նոր բացայայտումներ անել, պատմում է
«Նովոստի կուլտուրին» («Մշակոյթային նորութիւններ»): Երբ նայում
ես Այվազովսկու նկարներին, լսում ես ծովի աղմուկը եւ զգում ծովային
տարերքի ուժը: Այդպէս կարելի է ասել գործնականում բոլոր նկարների
մասին, եւ դա միանգամայն բացատրում է մեծ գեղանկարչի
ստեղծագործությունների վիթխարի ժողովրդականությունը:
Հայ վաճառականների զավակ Յովհաննէս Այվազեանը, որ ռուսական
արուեստի պատմութեան մէջ մտել է Իվան Այվազովսկի անունով, իր կեանքի
ընթացքում նկարել է մօտ վեց հազար կտաւ: Եթէ այդ վեց հազարը
բաժանենք իր ապրած տարիների թուին` 83, որից նախապէս հանելով
մօտաւորապէես տասը, չէ որ նա շատ վաղ է սկսել նկարել, կստացուի, որ
Այվազովսկին ամէն չորս օրը մէկ միջինը մի նկար է նկարել: Զարմանալի
աշխատասիրութիւն:
Եղել է իր ժամանակի ամենաշատ ճանապարհորդող նկարիչը: Թւում է,
նա անցել է բոլոր ծովերն ու օվկիանոսները, չի եղել միայն
Անտարկտիդայում: Խիտ այտամորուքով, ինչպէս իսկական ծովագայլի մօտ,
Այվազովսկին շատ նման է առագաստանաւի կապիտանի: Կայսերական
նավատորմի հրամանատարութիւնը նոյնիսկ յատուկ արտօնութիւն էր
շնորհել Այվազովսկուն:
«Նա զինուորական չէր, բայց ծովի հանդէպ կիրքը նրան դարձրեց
Գլխաւոր ծովային շտաբի նկարիչ համազգեստ կրելու իրաւունքով, սակայն
առանց ռոճիկ ստանալու իրաւունքի»,- ասում է Տրետյակովյան պետական
պատկերասրահի աշխատակից Գալինա Չուրակը:
Այվազովսկին պարզապէս չէր սիրում ծովը: Նա խելագարվում էր
նրա համար: Մի անգամ նոյնիսկ ծովակալ Նախիմովին համոզել է վերցնել
իրեն ռազմական արշաւի, որի ժամանակ Այվազովսկին վկայ է դառնում
ծովային դեսանտի իջեցման: Այդպէս է յայտնուել «Դեսանտի իջեցում
Սուբաշի տանը»: Սակայն Այվազովսկու ծովանկարների մեծ մասը ի վերջոյ
իր երեւակայության արդիւնք է, եւ ինչպիսի: