Տեղական նոր հարկատեսակներ սահմանող օրենսդրական փաթեթի<br /> քվեարկությունը ԱԺ-ում հետաձգուեց<br />


Տեղական նոր հարկատեսակներ սահմանող օրենսդրական փաթեթի
քվեարկությունը ԱԺ-ում հետաձգուեց

  • 04-02-2010 20:02:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովը փետրուարի 4-ին աւարտեց կառավարութեան հեղինակած «Հարկերի մասին», «ՀՀ բիւջէտային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրէնքներում փոփոխութիւններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը: Քվեարկությունը հետաձգուեց մինչեւ յաջորդ քառօրեայ: Ինչպէս յայտնեց հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչէ Տերտերյանը, կառավարութիւնը կքննարկի պատգամաւորների առաջարկութիւնները եւ կներկայացնի իր դիրքորոշումը: Օրենսդրական նախաձեռնութեամբ կառավարութիւնը, մասնաւորապէս, առաջարկում է սահմանել տեղական հարկատեսակների ցանկը: Դրանում գործող գոյքահարկից ու հողի հարկից բացի առաջարկւում է ներառել 8 նոր տեղական հարկատեսակներ` հիւրանոցային հարկ, վաճառքի հարկ, անաւարտ շինարարութեան (կամ ոչ պատշաճ պահպանուած անշարժ գոյքի) հարկ, գիւղատնտեսական նշանակութեան անմշակ հողերի հարկ, կառուցապատման նշանակութեան հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկ, համայնքի սեփականութիւն համարւող օբյեկտների վրայ գովազդ տեղադրելու հարկ, տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ, հանրային տարածքների զբաղեցման հարկ: Հողի հարկի եւ գոյքահարկի կիրառումը իւրաքանչիւր համայնքում լինելու է պարտադիր, իսկ միւս տեղական հարկերի կիրառումը եւ դրոյքաչափերը իւրաքանչիւր համայնքում սահմանելու է համայնքի աւագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ: Ընդդիմախօսները, այդ թւում նաեւ իշխող կոալիցիայի որոշ ներկայացուցիչներ, հիմնականում անընդունելի համարեցին ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հարկային բեռի աւելացումը: Փաթեթին միանշանակ դէմ արտայայտուեցին ընդդիմադիր «ՀՅԴ» եւ «Ժառանգութիւն» խմբակցութիւնները: Վերջինի ղեկավար Ստյոպա Սաֆարեանն այն որակեց «ռեկետության» նախագիծ: «Օրինաց Երկիր» խմբակցութեան անունից վերջինի ղեկավար Հեղինէ Բիշարեանն առաջարկեց կառավարութեանը յետ վերցնել նախագիծը, լրամշակել այն, որից յետոյ միայն ներկայացնել ԱԺ-ի քննարկմանն ու ընդունմանը: Նա նշեց նաեւ, որ խմբակցութեան առաջարկութիւնների ընդունման դէպքում իրենք «միանշանակ կողմ» կլինեն: Օրենսդրական նախաձեռնութեանը կողմ էր «ՀՀԿ» խմբակցութիւնը, որի անունից հանրապետական Կարեն Ճշմարիտյանը յայտարարեց, թէ նախագիծը հիմնականում ընդունելի է եւ տալիս է համայնքների զարգացման հիմնական գաղափարը, քանի որ տեղական հարկերը, որպէս եկամուտ, ամբողջութեամբ ամրագրուելու են տուեալ համայնքի բիւջէ: Ըստ նրա, նախագիծը կարելի է լրամշակել, բայց չարժէ մերժել հիմքում դրուած գաղափարը:
  -   Տնտեսութիւն