Կառավարութիւնը հաւանութեան արժանացրեց Հայաստանի 2010թ.-ի<br /> պետական բիւջէի նախագիծը<br />


Կառավարութիւնը հաւանութեան արժանացրեց Հայաստանի 2010թ.-ի
պետական բիւջէի նախագիծը

  • 28-09-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան սեպտեմբերի 28-ին արտահերթ նիստում քննարկվեց եւ հաւանութեան արժանացավ ՀՀ 2010թ.-ի պետական բիւջէի նախագիծը: Ինչպէս նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը յաջորդ տարի հիմնուելով ինչպէս սեփական, այնպէս էլ միջազգային փորձագիտական գնահատականների վրայ, կանխատեսւում է ՀՆԱ-ի 1,2-1,3% աճ, որի դէպքում այն կկազմի 3 տրլն 214 մլրդ դրամ: Ինդեքս դեֆլեատորը` ներքին ծագում ունեցող ապրանքների ինֆլյացիան, կանխատեսւում է 2%, բիւջէի եկամուտները` 676,7 մլրդ դրամ, որից հարկերը եւ պետական տուրքերը` 533,5 մլրդ դրամ, սոցիալական վճարները` 105,2 մլրդ դրամ: Բիւջէն ընդհանուր առմամբ կանխատեսված է 701,7 մլրդ դրամ, ծախսերը` 884,7 մլրդ դրամ, դեֆիցիտը` 183 մլրդ դրամ: Դեֆիցիտ-ՀՆԱ յարաբերակցութիւնը կկազմի 5,69%: Համայնքների բիւջէները կկազմեն 82,5 մլրդ դրամ: Ըստ Տ.Դաւթեանի, 2010թ.-ի բիւջէի ծախսերը 85 մլրդ դրամով պակաս են այս տարուայ բիւջէից` նոյնիսկ այս տարուայ ծախսային կասեցումներով հանդերձ: Չնայած դրան, ինչպէս այս տարի, եկող տարի եւս կպահպանուեն սոցիալական, ազգային անվտանգութեանն ուղղուած, գիտական եւ մի շարք այլ` անկասելի համարւող, ծախսերը: Նախարարի խօսքերով, եթէ այս տարի բիւջէտային ծախսերի մեծ մասն իրականացուել է դրսից ներգրաւուած միջոցների հաշուին, ապա եկող տարի դա նոյն ծաւալներով իրականացնել հնարաւոր չէ. նախ պէտք է սահմանափակուի ներգրաւուող ռեսուրսների քանակը, որպէսզի բիւջէի դեֆիցիտը մնայ կառավարելիի սահմաններում, բացի այդ` 2010թ.-ի բիւջէում արդէն էականօրէն աւելանում են մինչ օրս ներգրաւուած վարկերի սպասարկման միջոցները, որոնք բաւականին ծանր են: Յաջորդ տարի կնուազեցուեն, մասնաւորապէս, կապիտալ եւ պետական կառավարման ծախսերը, պետական ապարատի համար սարքաւորումներ եւ տրանսպորտային միջոցներ չեն գնուի, կրկնակի անգամ կկրճատուեն գործուղումային եւ պետական պաշտօնական ընդունելությունների ծախսերը: Օբյեկտիվորեն կաւելանան մի շարք ծախսեր` քաղծառայողների աշխատավարձերը, համայնքների դոտացիաները, ինչպէս նաեւ ներգրաւուած վարկերի սպասարկման ծախսերը: 2010թ.-ի բիւջէի նախագծով եկող տարուայ համար բիւջէի դեֆիցիտը կանխատեսւում է 183 մլրդ դրամի չափով, որը պէտք է ծածկուի արտաքին եւ ներքին աղբիւրների հաշուին: Տ.Դավթեանը տեղեկացրեց, որ 2010թ.-ին կառավարութիւնը կփորձի 7,5 մլրդ դրամի չափով բիւջէտային վարկեր ներգրաւել Համաշխարհային բանկից, 150 մլն դոլարի չափով` Արժոյթի միջազգային հիմնադրամից. այդ կառոյցներից առաջինի հետ բանակցութիւններ են տարւում, իսկ երկրորդի հետ արդէն կայ համապատասխան համաձայնագիր: Դեֆիցիտի փակման ներքին աղբիւր է պետական պարտատոմսերի տեղաբաշխումը, որից, ըստ նախարարի, ակնկալւում է ստանալ շուրջ 30 մլրդ դրամ: «Դեֆիցիտի ֆինանսաւորման բոլոր աղբիւրները յայտնի են»,- ասաց նախարարը:
  -   Տնտեսութիւն