Վաշինգտոնում անցկացուել է Արցախի անկախութեան 19-րդ տարեդարձին նուիրուած միջոցառում<br />


Վաշինգտոնում անցկացուել է Արցախի անկախութեան 19-րդ տարեդարձին նուիրուած միջոցառում

  • 05-10-2010 16:34:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Կոնգրեսում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանութեան, Կոնգրեսի հայանպաստ խմբի համանախագահներ Ֆրենկ Փըլոնի եւ Ադամ Շիֆի, ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչութեան եւ ԱՄՆ հայկական կազմակերպութիւնների հետ համատեղ կազմակերպուել էր Արցախի անկախութեան 19-րդ տարեդարձին նուիրուած միջոցառում, որին մասնակցում էր նաեւ ԱՄՆ-ում այս առիթով այցելութեամբ գտնուող ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը` Ազգային Ժողովի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարեանի ուղեկցութեամբ: Սա ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպուած Արցախի անկախութեանը նուիրուած այսօրինակ երրորդ միջոցառումն է, սկսած 2006 թուականից: Բազմամարդ լսարանի առջեւ ելոյթ են ունեցել հայանպաստ խմբի կոնգրեսականներ, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մարգարեանը: Բոլոր ելոյթ ունեցողներն անդրադարձել են ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին` նշելով, որ այն եղել եւ մնում է համաշխարհային արդի պատմութեան շարժիչ ուժը, որի շնորհիւ ՄԱԿ-ի անդամ երկրների թիւը 1947-ի 50-ի համեմատ այժմ կազմում է գրեթէ 200 երկիր: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, դեսպան Մարգարեանն իր ելոյթում յատուկ շնորհակալութիւն է յայտնել բոլոր այն կոնգրեսականներին, որոնք մշտապէս պաշտպանել են Ղարաբաղի ժողովրդի ազատութեան եւ ժողովրդավարութեան պայմաններում ապրելու իրաւունքը: Միջոցառմանը ներկայ էին կոնգրեսականներ, երկու թեմերի հոգեւոր հայրեր, ամերիկեան հայկական կազմակերպութիւնների, հայ համայնքի, ամերիկեան եւ ամերիկահայ մամուլի ներկայացուցիչներ:
  -   Քաղաքական