«Աստւած ինձ պարգեւել է ամենամեծ հարստութիւնը եւ դա իմ աշակերտներն ու սկաուտներն են»


«Աստւած ինձ պարգեւել է ամենամեծ հարստութիւնը եւ դա իմ աշակերտներն ու սկաուտներն են»

  • 30-09-2010 21:52:46   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» 30 սեպտեմբերի Հարցազրոյց՝ վաստակաւոր ուսուցչուհի եւ սկաուտապետ Ջեմմա Տէր-Ղազարեանի հետ Տկն. Ջեմմա Տէր-Ղազարեանը ծնւել է Ռաշտ քաղաքում: Տարրական կրթութիւնը ստացել է ազգ. «Յորդանանեան-Անուշիրւան», իսկ միջնակարգը՝ «Ֆորուղ» դպրոցում: Այնուհետեւ ընտանեօք տեղափոխւել եւ հաստատւել են Թեհրանում: Տկն. Ջեմմա Տէր-Ղազարեանը տաս տարի որպէս ուսուցչուհի՝ պաշտօնավարել է «Դանայի» դպրոցում՝ դասաւանդելով պարսկերէն առարկաներ եւ մարզանք: Նաեւ «Ռաւեշէ նօ» եւ «Միսս Մերի» դպրոցներում զբաղեցրել է մարզանքի ուսուցչուհու պաշտօնը: Այդ տարիներում երկրի սկաուտական կազմակերպութիւն՝«Շիրօ խորշիդ»-ը դիմում է դպրոցի ժամանակի տեսչին, որպէսզի մի գործունեայ եւ աշխոյժ ուսուցչուհու ներկայացնի Սկաուտականի խմբապետեր պատրաստող դասընթացներին մասնակցելու համար եւ պրն. Խաչատուր Սաղաթելեանը նկատի ունենալով տկն. Ջեմմայի բազմակողմանի կարողութիւնը եւ ներուժը՝ որպէս լաւագոյն թեկնածու՝ ներկայացնում է նրան, որը այդ շրջանն աւարտելով՝ արժանանում է սկաուտական բարձրագոյն «Training leader»-ի վկայագրին եւ ստանում լիազօրութիւն՝ սկաուտական միութիւններ հիմնելու համար: «Դանայի» դպրոցում նա ուսուցչութեան հետ զուգահեռ՝ հիմնում է դպրոցի Սկաուտականը: «Դանայի» դպրոցը փակւելուց յետոյ «Գիւլբենգեան» դպրոցի ժամանակի տեսչուհի Անժէլ Օհանեանի հրաւէրով որպէս մարզանքի ուսուցչուհի՝ նա սկսում է իր համագործակցութիւնը՝ այդ դպրոցի հետ: Իսկ 1968 թւականին Անժէլ Օհանեանի ջանքերով հիմնադրւելով Հ. Բ. Ը. միութեան Սկաուտական բա-ժանմունքը՝ որպէս աւագ սկաուտապետեր ղեկավարութիւնը ստանձնելու համար՝ հրաւիրւում են՝ տկն. Ջեմմա Տէր-Ղազարեանը եւ պրն. Շահէն Վարդանեանը: Նա «Արաքս» դպրոցում մարզանքի ուսուցչուհի լինելով՝ հանդիսանում է նաեւ այդ դպրոցի սկաուտականի հիմնադիրներից մէկը: 1975 թւականին նախնական օգնութիւնների մրցութեանը մասնակցելու համար՝ Իրանի բոլոր քա-ղաքներից հրաւիրւած խմբապետերի թւում է գտնում տկն. Ջեմմա Տէր-Ղազարեանը: Այս առիթով տեղի է ունենում տասօրեայ բանակում՝ Ռամսարում, որտեղ նա գրաւում է առաջին տեղը: Տկն. Ջեմմա Ղազարեանը տարիներ սկաուտական ասպարէզում վաստակ եւ ներդրում է ունեցել եւ նրա կարգապահ կեցւածքը, սկաուտական ոգին եւ նւիրւածութիւնը միութեանս սկաուտական կազմին օրինակ են հանդիսացել: Նա մասնակցել է բազմաթիւ բանակումների ու աշխատանքների եւ իր ծաւալած գործունէութեան շնորհիւ՝ կրթական նախարարութեան եւ Սկաուտական կազմակերպութեան կողմից արժանացել է քսանութ գրաւոր գնահատականների, չորս ոսկէ, երեք արծաթէ, երեք բրոնզէ մեդալների, չորս ոսկեդրամի եւ քսանութ շքանշանի եւ Հ.Բ.Ը.Մ.-ի Սկաուտականի կողմից իր գործունէութեան քսանամեակի առիթով ստացել է հայկական տարազների գիրքը եւ մէկ ոսկեդրամ: Թէ՛ երկրում, եւ թէ՛ երկրից դուրս մեծարւել է նրա գործունէութեան ամեակները, իսկ վերջերս Ամերիկայում հաստատւած իր սկաուտների միջոցով Գլենդէլում կազմակերպւած Սկաուտական միութեան 40-ամեակին նշւել է նաեւ նրա գործունէութեան 50-ամեակը, որտեղ ցուցադրւել է նրան կապւող վիդէոժապաւէնը եւ Թեհրան ուղարկւել նրան ուղղած գնահատագիրը: Նա մարմնակրթական եւ մանկավարժական վկայագիր եւս ունենալով՝ ներդրում է կատարել նաեւ այդ ուղղութեամբ: Տկն. Ջեմմա Ղազարեանը աւելի քան կէս դար գործունէութեամբ՝ այսօր եւս Հ.Բ.Ը.Մ.-ի Սկաուտականի կողքին լինելով՝ շարունակում է իր անվարան աշխատանքը՝ մինչեւ վերջին շունչ ծառայելու համոզում եւ պատրաստակամութիւն ունենալով: Նա իր արտայայտութիւններում խօսքն ուղղելով սկաուտներին՝ ասում է. «Իմ կեանքը ձեր մէջ եմ տեսնում, սիրելիներ, Աստւած ինձ պարգեւել է ամենամեծ հարստութիւնը եւ դա իմ աշակերտներն ու սկաուտներն են»: Հ.- Սկաուտականը ի՞նչ է տալիս սկաուտին: Պ.- Սկաուտականը տալիս է լաւ դաստիարակութիւն եւ անհատին պատրաստում է լաւ հայր, լաւ մայր, լաւ ընկեր դառնալու համար: Նաւ նրա մէջ զարգացնում է համբերութեան եւ դիմացկանութեան յատկանիշերը: Սկաուտը բոլոր շրջանակներում պէտք է դրսեւորի սկաուտին վայել կեցւածք, ֆիզիկական ու մտային կարողութիւններ եւ մարդկային արժանիքներ: Սկաուտներին ես միշտ ասել եմ՝ դուք չպէտք է թոյլ տաք, որ անվայել խօսքեր կամ այլ բառեր ուղղեն ձեր հասցէին, որովհետեւ դա վերադառնում է նախ ձեր ընտանիքին եւ ապա՝ Սկաուտականին: Հ.- Սկաուտների բազմակողմանի զարգացման նպատակով՝ ի՞նչ աշխատանքներ են տարւում: Պ.- Սկաուտական գիտելիքներից բացի՝ մեր սկաուտները առիթ ունեն զբաղւելու՝ թատերական, մարզական, գրական, երգչախմբային, նւագարանի, ասմունքային ու այլ աշխատանքներով եւ տարբեր միջոցառումներում հանդէս գալու իրենց ձեռքբերած կարողութեամբ: Հ.- Ինչպէ՞ս էք գնահատում Հ. Բ. Ը. Մ.-ի Սկաուտական բաժանմունքի ներկայ աշխատանքը: Պ.- Սկզբից հիմքը շատ լաւ է դրւել եւ այսօր բոլոր խմբապետերը եւ սկաուտները տեղեակ են իրենց աշխատանքներին եւ ինքնուրոյն ու պարտաճանաչ կերպով կատարում են աշխատանքները: Հ.- Սկաուտական աշխատանքների հիմնադրման հիմքում նպատակներ են հետապնդւել. արդեօք մեր սկաուտականի որդեգրած նպատակները նոյնպէս նոյնանո՞ւմ են դրանց: Պ.- Սկաուտականի հիմքը դրւել է Անգլիայում 1908 թւականին Ռաբըրտ Ստիւէն Բէյդըն Բաուէլի միջոցով, որը առաջնորդւել է որոշ սկզբունքներով: Մեր Սկաուտականը քայլում է նոյն ուղղութեամբ, քանի որ մենք նոյնպէս հաւատացած ենք այդ սկզբունքներին, այսինքն՝ հաւատարիմ լինել՝ Աստծուն, ազգին եւ հայրենիքին: Հ.- Նոր ուսումնական տարեշրջանի սեմին լինելով՝ որպէս վաստակաւոր ուսուցչուհի՝ ի՞նչ խօսք ունէք ուղղւած ներկայ պաշտօնավարող ուսուցչուհիներին: Պ.- Բարեհամբոյր ձեւով աշակերտներին բարիգալուստ ասեն: Վերանայեն իրենց վերաբերմունքը եւ այս տարի աւելի յաջող լինեն իրենց աշխատանքում: Աշխատեն երեխաների հետ շատ քաղցր, բայց զգաստ վերաբերւել: Շատ շնորհակալութիւն եւ յաջողութիւն Ձեզ: ԶՐՈՒՑԱՎԱՐ՝ ՄԵԼԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը