Վարչապետ Տիգրան Սարգսեանը մասնակցել է Խարբերդի մասնագիտացուած մանկատան նոր մասնաշէնքի բացմանը


Վարչապետ Տիգրան Սարգսեանը մասնակցել է Խարբերդի մասնագիտացուած մանկատան նոր մասնաշէնքի բացմանը

  • 29-09-2010 21:27:14   | Հայաստան  |  Հասարակութիւն
Վարչապետ Տիգրան Սարգսեանը սեպտեմբերի 29-ին մասնակցել է Խարբերդի մասնագիտացուած մանկատան նոր մասնաշէնքի բացմանը, որը կառուցուել է մանկատան չափահաս սաների խնդիրները լուծելու նպատակով: Ընդհանուր առմամբ նոր մասնաշէնքի` 2007թ. մեկնարկած շինարարական աշխատանքների համար պետական բիւջէից յատկացուել է շուրջ 600 մլն դրամ, որն ուղղուել է գոյքի ձեռքբերմանը, տարածքի բարեկարգմանը եւ ենթակառուցուածքների ձեւաւորմանը: Նորաբաց կառոյցի մուտքը երիզող ժապաւէնը կտրելուց եւ մանկատան սաների պատրաստած փոքրիկ միջոցառումը դիտելուց յետոյ վարչապետը շրջել է կահաւորուած սենեակներով, ծանօթացել երեխաների խնամքի եւ ապրելակերպի պայմաններին, ինչպէս նաեւ նրանց ստեղծագործութիւններին եւ ծառ տնկել մանկատան բակում: Խարբերդի մասնագիտացուած մանկատան տնօրէն Յարութիւն Բալասանեանը շնորհակալութիւն է յայտնել կառավարութեան ղեկավարին ցուցաբերուած օժանդակութեան համար եւ կարեւորել Խաչատուր Աբովեանի անուան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դերը մանկատան գործունէութեան մէջ: 1953թ. ստեղծուած մանկատունը` որպէս սոցիալ-բուժառողջապահական հաստատութիւն զբաղւում է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական եւ ֆունկցիոնալ ախտահարումներով բնածին ու ձեռքբերովի ֆիզիկական եւ մտաւոր արատներ ունեցող 6-18 տարեկան հաշմանդամ երեխաների խնամքով: Շուրջ 277 երեխաներից 120-ը չափահաս սաներ էն, որոնք այսուհետ ապրելու էն նոր մասնաշէնքում: Մանկատան անձնակազմն իրականացնում է երեխաների շուրջօրեայ խնամք եւ ուսուցում հնարաւորութիւնների շրջանակներում, ինքնասպասարկման հմտութիւնների կիրառում, ֆիզիկական արատների եւ հոգեբանական խնդիրների կորեկցիայ, հիւանդութիւնների կանխարգելում ու բուժում, ինչպէս նաեւ վերականգնողական տարբեր միջոցառումներ: Բոլոր կարիքաւոր երեխաներն ապահովուած էն քայլակներով եւ սայլակներով: Գործում էն նաեւ անհրաժեշտ սարքաւորումներով յագեցած սպասարկման կենտրոններ` բուժարան եւ մեկուսարան, մանիպուլիացիոն փոքր սենեակ, ատամնաբուժարան, գրադարան, էրգոթերապիայի բաժին, ռենտգենաբանական, պրոֆիլակտիկայի եւ վերականգնողական կենտրոններ:
  -   Հասարակութիւն