Հայաստանի քաղաքական բանտարկեալների եւ հալածեալների պաշտպանութեան կոմիտէի յայտարարութիւնը


Հայաստանի քաղաքական բանտարկեալների եւ հալածեալների պաշտպանութեան կոմիտէի յայտարարութիւնը

  • 29-09-2010 17:05:04   | Հայաստան  |  Քաղաքական
Մամուլում լուրեր էն հրապարակուել այն մասին, որ ՀՀ Արդարադատութեան նախարարութեան քրէակատարողական վարչութեան ղեկավարութեան կողմից ծրագիր է մշակուել քաղբանտարկեալ Նիկոլ Փաշինեանի դէմ սկսել կիրառել նոր հալածանքներ: Նշւում է, որ քրէակատարողական վարչութեան ղեկավարութեանը ՀՀ ամենավերին իշխանական օղակներից հրահանգուած է քրէական տարրերի ներգրաւմամբ բռնաճնշումներ սկսել <<Կոշ>> քրէակատարողական հիմնարկում պահուող <<Հայկական Ժամանակ>> թերթի գլխաւոր խմբագիր, քաղբանտարկեալ Նիկոլ Փաշինեանի դէմ: Նպատակը` մամուլում ծաւալած նրա հրապարակախօսական գործունէութիւնը կանխելն է: Նշանակալի է այն հանգամանքը, որ քաղբանտարկեալին լռեցնելու իրենց նպատակին հասնելու համար ՀՀ իշխանութեաունները փորձում էն օգտագործել քրէական աշխարհը, գործելաոճ, որ լայնօրէն կիրառւում էր խորհրդային կալանավայրերում: Հայաստանի քաղաքական բանտարկեալների եւ հալածեալների պաշտպանութեան կոմիտէն կոչ է անում Հայաստանի Հանրապետութիւնում գործող հասարակական եւ քաղաքական կազմակերպութիւնների ներկայացուցիչներին, իրաւապաշտպաններին, լրագրողներին, միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներին, բոլոր շահագրգիռ մարդկանց, ՀՀ քաղաքացիներին, անկախ իրենց քաղաքական հայեացքներից ու կողմնորոշումներից իրենց ձայնըս բարձրացնել ի պաշտպանութիւն ՀՀ կալանավայրերում պահուող բոլոր քաղաքական բանտարկեալների եւ, այս կոնկրէտ դէպքում, ի պաշտպանութիւն քաղբանտարկեալ Նիկոլ Փաշինեանի: Միայն մեր համատեղ բողոքի ու պայքարի արդիւնքում է հնարաւոր չէզոքացնել այն վտանգը, որ կախուած է Նիկոլ Փաշինեանի գլխին: Այսօր միասին պաշտպանելով Նիկոլ Փաշինեանին եւ միւս քաղբանտարկեալներին մենք պաշտպանում ենք մեզ, մեր ազատ ապրելու, մեր ազատ արտայայտուելու, մեր ապագան ազատ ու անկաշկանդ կերտելու իրաւունքը: Հայաստանի քաղաքական բանտարկեալների եւ հալածեալների պաշտպանութեան կոմիտէ 29.09.2010
  -   Քաղաքական