Միշել Մայորին, Գարիկ Իսրայելեանին եւ Նունո Սանտոսին յանձնուել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումեանի անուան միջազգային մրցանակը<br />


Միշել Մայորին, Գարիկ Իսրայելեանին եւ Նունո Սանտոսին յանձնուել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումեանի անուան միջազգային մրցանակը

  • 17-09-2010 21:24:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 17-ին ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի արտահերթ ընդհանուր ժողովում, որին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած հեղինակաւոր գիտնականներ, շվեյցարացի յայտնի աստղաֆիզիկոս Միշել Մայորին ու նրա գիտական խմբի անդամներ Գարիկ Իսրայելեանին եւ Նունո Սանտոսին է յանձնել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումեանի անուան միջազգային մրցանակը: Մրցանակը հիմնուել է ՀՀ նախագահի 2009թ.-ի ապրիլի 16-ի հրամանագրով: Այն նպատակ ունի հաւերժացնելու մեծ աստղաֆիզիկոսի յիշատակը եւ խթանելու նրա գիտական ժառանգութեան զարգացումը: Մրցանակը շնորհւում է երկու տարին մէկ անգամ` աստղաֆիզիկայի եւ դրան հարակից բնագաւառներում ակնառու գիտական աշխատանքի համար: Մրցանակային ֆոնդը 500 հազար ԱՄՆ դոլար է: Շնորհաւորելով մրցանակակիր գիտնականներին, Ս.Սարգսեանն ասել է. «Ուրախ եմ, որ մեր մրցանակը գտել է իր առաջին արժանավոր դափնեկիրներին: Ես սրտանց շնորհաւորում եմ նրանց այս յաջողութեան համար եւ մաղթում գիտական նոր բացայայտումներ: Սրանով, յարգելի մրցանակակիրներ, մենք ցանկանում ենք ոչ միայն գնահատել ձեր կատարած աշխատանքը, այլեւ հասարակական լայն հնչեղութիւն հաղորդել գյուտերին, որոնք ունեն համամարդկային նշանակութիւն»: Ս.Սարգսեան խօսքերով, Վիկտոր Համբարձումեանի անունը կրող մրցանակը պէտք է խթանի գիտութեան զարգացումը, ինչպէս նաեւ արժանի լինի հայ գիտնականի ու հայրենասէրի հանճարի մեծությանն ու յիշատակին: Նրա հավաստմամբ, մեծ հեռանկարի մէջ այն հզօր ազդակ է հաղորդելու նաեւ հայկական աստղագիտութեան եւ ընդհանրապես գիտութեան վերելքին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի խօսքն ամբողջութեամբ. «Տիկնայք եւ պարոնայք, Յարգելի մրցանակակիրներ եւ հիւրեր, Այսօր ինձ համար մեծ պատիւ եւ յաճոյք է յանձնել Վիկտոր Համբարձումեանի անուան միջազգային մրցանակը: Սա նոր երեւոյթ է մեր իրականութեան մէջ: Եվ այն վկայում է Հայաստանի` դէպի աստղագիտութիւն, աստղաֆիզիկա եւ հարակից գիտութիւններ ունեցած մեծ հետաքրքրութեան մասին, այն մասին, թէ մեր հասարակական գիտակցութեան ու կարծիքի մէջ որքան կարեւոր են նուաճումներն այս բնագաւառում: Այդ կարծիքն ու գիտակցութիւնը մեզանում ձեւաւորող ամենախոշոր անհատականութիւնը համաշխարհային հռչակ եւ հեղինակութիւն ունեցող աստղագէտ Վիկտոր Յամբարձումեանն էր` իր ստեղծած Բիւրականի աստղադիտարանով եւ հիմնած դպրոցով: Հենց նրա բացառիկ կերպարն էր, որ բազմաթիւ հայ երիտասարդների համար դարձաւ ոգեշնչող օրինակ, եւ նրանք ընտրեցին աստղագետի ու աստղաֆիզիկոսի մասնագիտութիւնները` յետագայում արձանագրելով լուրջ յաջողութիւններ միջազգային ասպարէզներում: Աստղագիտութեան պատմութեան օտար մասնագէտներն առաջինն էին, որ պատմական Հայաստանի տարածքը համարեցին աստղագիտութեան ծագման օջախ, աստղագիտութեան հայրենիք, ապա նոր փաստարկներով նրանց միացան նաեւ հայ ուսումնասիրողները: Հայաստանում քիչ չեն այն վայրերը, որոնք մասնագէտների կողմից մեկնաբանվում են որպէս հնագոյն աստղադիտարաններ: Հեռաւոր նախնիների գործի փայլուն շարունակողներն են Վիկտոր Յամբարձումեանն ու աստղագիտութեան հայկական դպրոցի միւս ներկայացուցիչները: Ուրախ եմ, որ մեր մրցանակը գտել է իր առաջին արժանավոր դափնեկիրներին: Ես սրտանց շնորհաւորում եմ նրանց այս յաջողութեան համար եւ մաղթում գիտական նոր բացայայտումներ: Սրանով, հարգելիբ մրցանակակիրներ, մենք ցանկանում ենք ոչ միայն գնահատել ձեր կատարած աշխատանքը, այլեւ հասարակական լայն հնչեղութիւն հաղորդել գյուտերին, որոնք ունեն համամարդկային նշանակութիւն: Մեր պրագմատիկ դարաշրջանում նոր արտաարեգակնային մոլորակների, նրանց կենտրոնական աստղերի յայտնաբերումն ու բնութագրումը, որոնք ուղղակիօրէն կապուած չեն անմիջական շահ եւ ֆինանսական օգուտ ստանալու հետ, կարող են շատ ռոմանտիկ զբաղմունք համարուել, բայց մենք համոզուած ենք, որ հենց նման գիտական նուաճումներն են, որ մեծ հաշւով ընդլայնել են մեր իմացության սահմանները, ինչպէս նաեւ առաջ մղել մարդկային քաղաքակրթությունը: Յաճախ կամ հազուադէպ երկնքին նայում են բոլորը, բայց կան մարդիկ, ովքեր, երկնքին նայելիս տեսնում են շատ աւելին, քան մենք: Այսօր այս սրահում մենք շնորհաւորում եւ մեծարում ենք հենց այդպիսիններին` Ժնեւի համալսարանի պրոֆեսոր Միշել Մայորին եւ իր գիտական խմբին, ովքեր տեսան եւ աշխարհին պատմեցին այն, ինչ աշխարհը դեռ չէր տեսել: Շնորհակալութիւն եմ յայտնում մրցոյթի կազմակերպիչներին եւ յանձնաժողովի անդամներին, ովքեր մեծ ծաւալի աշխատանք են կատարել եւ անաչառ կերպով ընտրել լավագույններին: Մաղթում եմ, որ այսուհետ եւս յանձնաժողովը պահի չափանիշների բարձր նշաձողը: Ոգեւորիչ է, որ մրցանակային հիմնադրամի ձեւաւորման հարցում պետութեանը միացել են «Լոյս» եւ «Փիւնիկ» հիմնադրամները: Յատուկ շնորհակալութիւն եմ յայտնում այն մարդկանց, ովքեր հավատացին այս նախաձեռնութեան հեռանկարային ուժին եւ իրենց բարեհաճ նուիրատւութիւններով հնարաւոր դարձրեցին այն կեանքի կոչել. այստեղ ես մասնաւորապէս ուզում եմ առանձնացնել Հրանտ Վարդանեանին եւ Գաբրիէլ Ջամբարջյանին: Շնորհակալ եմ այս մարդկանց: Ես չափազանց կարեւորում եմ, որ այսպիսի միջոցառումներին պետութիւնից բացի, մասնակցում են նաեւ անհատներ: Վիկտոր Համբարձումեանի անունը կրող մրցանակը պէտք է խթանի գիտութեան զարգացումը, ինչպէս նաեւ արժանի լինի հայ գիտնականի ու հայրենասէրի հանճարի մեծությանն ու յիշատակին: Մեծ հեռանկարի մէջ այն հզօր ազդակ է հաղորդելու նաեւ հայկական աստղագիտութեան եւ ընդհանրապես գիտութեան վերելքինղ Այս հաւատով ենք հիմնել այս մրցանակը, եւ ես հպարտ եմ, որ այն արդէն կայացած փաստ է: Այս առթիւ շնորհաւորում եմ բոլորիս»:
  -   Քաղաքական