Ազգային ժողովի խմբակցութիւնները քաղաքական «թէժ» աշուն չեն կանխատեսում <br />


Ազգային ժողովի խմբակցութիւնները քաղաքական «թէժ» աշուն չեն կանխատեսում

  • 17-09-2010 18:00:30   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային ժողովի խմբակցութիւնները քաղաքական «թէժ» աշուն չեն կանխատեսում եւ կարծում են, որ գործընթացները կը զարգանան իրենց բնականոն հունով: Այս մասին սեպտեմբերի 17-ի խորհրդարանական ճեպազրոյցներում` ի պատասխան լրագրողների հարցերին, յայտնեցին խմբակցութիւնների ներկայացուցիչները: «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան քարտուղար, ԱԺ Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարեանը յայտարարեց, որ ընտրութիւնները տեղի են ունենալու 2012թ.-ի գարնանը, վաղաժամ ընտրութիւնների մասին մեր քաղաքական դաշտի բոլոր հիմնական ուժերի դիրքորոշումները միանգամայն յայտնի են, նոր թէժացումներ չեմ սպասւում: «Կարծում եմ, որ նախընտրական քարոզչութիւնը եւ աշխուժութիւնը կարելի է սպասել միայն 2011թ.-ի երկրորդ կէսին»,-ասաց նա: «ՀՀԿ» խմբակցութեան ղեկավար եւ կուսակցութեան փոխնախագահ Գալուստ Սահակեանի կարծիքով, «այս տարուայ ամառն աւելի թէժ էր` քաղաքական իմաստով, քան սպասելի կարող են լինել աշնանային գործընթացները»: «Պարզապէս, աշնան հետ են միշտ քաղաքական կեանքը կապում, որովհետեւ աշնանը հասարակութիւնը ընդհանրապէս աւելի ակտիւ է լինում, դա աւելի շատ պայմանաւորուած է եղանակային փոփոխութիւններով, իսկ քաղաքականութիւնն եղանակներով չի բնութագրւում»,-վստահեցրեց նա: Ըստ Գ.Սահակեանի, այսօր աւելի շատ պէտք է կարողանանք «մեր եղած ներսի եւ դրսի խնդիրները լուծել, քան ներսում որոշենք, թէ գետերի հունն ինչպէս պէտք է փակենք կամ ինչպէս պէտք է բացենք»: Հայ ազգային կոնգրէսի նոյն օրը կայանալիք հանրահաւաքի կապակցութեամբ էլ հանրապետական պատգամաւորը կանխատեսեց. «Մամուլում եղած հրապարակումներից մտածում եմ, որ հայհոյանքները, երեւի, քիչ կը լինեն, բայց, ըստ էութեան, որեւէ բան փոխող կամ տրամաբանօրէն նպաստող գործընթացնէր չեմ տեսնում»: Ըստ «ՀՅԴ» խմբակցութեան անդամ, ԱԺ Պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի մշտական յանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետեանի, ինքն արդէն 20 տարուց աւելի քաղաքականութեան մէջ լինելով, կարող է փաստել, որ «ամէն տարի աշնանից առաջ ասում են, որ թէժ աշուն է սպասւում»: Դաշնակցական պատգամաւորը չցանկացաւ կանխատեսումներ անել հանրահաւաքում Լեւոն Տէր-պետրոսեանի ելոյթում նախօրօք խոստացուած անակնկալների վերաբերեալ: Ի պատասխան լրագրողի հարցին նա միայն յայտնեց. «Ինձ համար շատ անակնկալ կը լինի, եթէ Լեւոն Տէր-պետրոսեանն ասի, օրինակ, որ Հայ Դատն ընդունում է, եւ որ Հայ Դատի քաղաքականութիւնը բխում է մեր ազգային պետական շահերից, կամ որ հայ-թուրքական արձանագրութիւններն ի սկզբանէ դատապարտուած էին ձախողման եւ ընդհանրապէս հեռանկար չունեն: Բայց չեմ կարծում, որ այդքան անակնկալներ կը լինեն»,-ասած Հ.Կարապետեանը: Միւս ընդդիմադիր` «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամ Արմէն Մարտիրոսեանն էլ վտահեցրեց. «Ժառանգութիւն»-ը թէժ եղանակային պայմաններ երբեւիցէ չի կանխատեսել, «Ժառանգութիւն»-ը միայն հետեւողականօրէն կատարում է այն աշխատանքը, որը ստանձնել է քաղաքացիների առջեւ»: Հակ-ի հանրահաւաքի կապակցութեամբ խմբակցութեան ղեկավար Ստեօպայ Սաֆարեանը չցանկացաւ «որեւէ գուշակութիւն անել, թէ իշխանափոխութեան հարցում այն բեկումնային կը լինի թէ ոչ», կարծիք յայտնելով, որ պէտք է սպասել Լ.Տէր-պետրոսեանի ելոյթին եւ ըստ այդմ էլ տալ գնահատական: «Բեկումնայնութեան առումով տեսականօրէն ամէն ինչ հնարաւոր է, ցանկացած կէտ ժամանակի, տարածութեան մէջ կարող է բեկման հիմքը լինել, այլ բան է, երբ իրատես ես լինում եւ հասկանում ես, որ հիմա բէկում արձանագրելու համար պէտք է ընդամէնը երկրում հասունացնել ֆորս- մաժորային իրավիճակ, որովհետեւ այլ տարբերակ չկայ, որեւէ այլ ընտրութիւն` ոչ խորհրդարանական, որ նախագահական, չկայ: Ես կասկածում եմ, որ այդպիսի լուրջ պրոցեսներ կան Հհ-ում, եւ կասկածում եմ, որ այդպիսի պրոցեսներ կը լինեն առաջիկայ ամիսներին»,-յայտարարեց ընդդիմադիր պատգամաւորը:
  -   Քաղաքական