Մկրտիչ Կարապետեան. «Ինչպէ՞ս մարդկանց մէջ սէր արթնացնել գրքի հանդէպ, եթէ հարկերի պատճառով գրքերը թանկ են վաճառւում»
26-04-2011 15:37:30 | Հայաստան | Հարցազրոյցներ
Իւնեսկօ-ի կողմից Երեւանը 2012 թ.-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու եւ հայկական գրատպութեան 500 -ամեակի առիթով «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի հարցերին սիրով պատասխանեց «Էդիտ Պրինտ» հրատարակչութեան նախագահ,Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետեանը:
Ն.Տ.- Ին՞չ նպատակ ունի Գրքի երեւանեան 7-րդ միջազգային ցուցահանդէս-վաճառքը:
Մ.Կ.- Նպատակն է մեր կողմից հրատարակուած նորանուն գրքերը յանձնել հանրութեան` մասնաւորապէս երեխաների դատին: Այս անգամ միջոցառմանը մասնակցում են 50 հրատարակիչներ, որոնք հանրութեան դատին են յանձնել վերջին երկու տարում լոյս տեսած գրքերը: Նման միջոցառումներն արւում են նրա համար, որ մարդիկ գան, մասնակցեն ու ծանօթանան նորանուն գրքերին, քանի որ մօտ 20 տարի է ինչ մեր երկիրն ընթերցանութեան առումով հետ է գնացել: Մենք փորձում ենք ժողովրդի մօտ սէր արթնացնել դէպի գիրքը:
Ն.Տ.- Ին՞չ ակնկալիքներ ունէք այս միջոցառումից:
Մ.Կ.-նախ նշեմ, որ նախորդ միջոցառմանը մասնակցել է մօտ 7-8 հազար մարդ, հետաքրքրութիւնը մեծ է եղել: Մենք ակնկալում ենք, որ այս անգամ էլ, ինչպէս նախորդ անգամ, շատ մարդ կ'այցելի մեր միջոցառմանը: Տեղեկացնեմ, որ մենք, սկսած ապրիլի վերջից մինչեւ մայիսի սկիզբ, մասնակցելու ենք 5 միջազգային ցուցահանդէսի, իսկ այս ամէնի նպատակն ու ակնկալիքները մէկն է` ժողովրդին մօտեցնել գրքին:
Ն.Տ.- Նման միջոցառումները որքանո՞վ են նպաստում գրահրատարակչութեան զարգացմանը:
Մ.Կ.- Անշուշտ նման միջոցառումները նպաստում են գրահրատարակչութեան զարգացմանը: Քանի որ, նախ, մարդիկ ծանօթանում են գրահրատարակիչների կողմից տպագրուած նոր գրքերին, եւ, երկրորդ, շնորհիւ նման միջոցառումների, գրքերն սկսում են վաճառուել: Պարզ է` որքան շատ գիրք կարողանանք վաճառել, այնքան աւելի կը զարգանայ գրահրատարակչութիւնը:
Ն.Տ.- Կան արդեօ՞ք խնդիրներ, որոնք խոչընդոտում են գրահրատարակչութեան զարգացմանը:
Մ.Կ.- Կան բազում խնդիրներ, որոնք չեն կարող լուծուել միայն նման միջոցառումների շնորհիւ: Թէեւ կարող եմ յստակ ասել, որ Հայաստանում գրահրատարակչութիւնները բաւական զարգացած են, եւ նրանց կողմից լոյս տեսած գրքերը թէ որակով եւ թէ բովանդակութեամբ համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Նշեմ, որ նման միջոցառումներ են կազմակերպւում նաեւ մարզերում. ունենք նրանց համար մշակուած ծրագրեր: Հաճելի կը լինի, որ նման միջոցառումներին մեզ աջակցեն կառավարութիւնը, նախագահը, վարչապետը, Աժ-ն, այսինքն` գրքի նկատմամբ լուրջ մօտեցում ցուցաբերուի, ինչն այսօր, ցաւօք սրտի, չի արւում: Կառավարութիւնը պարտաւոր է ոչ միայն ի պաշտօնէ, քանի որ յաջորդ տարի մենք ունենք 2 կարեւոր միջոցառում` Իւնեսկօ-ի կողմից Երեւանը 2012 թ.-ին հռչակուել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, եւ նշելու ենք տպագրութեան 500-ամեակը: Մենք պէտք է հաւուր պատշաճի ներկայացնենք մեր երկիրը, բայց մինչ այժմ կառավարութեան կողմից ոչ մի քայլ չի արւում: Թերեւս միայն ՀՀ մշակոյթի նախարարութիւնն է, որ մեզ օգնութեան ձեռք է մեկնել, ինչը չի կարելի ասել զանգուածային լրատուամիջոցների եւ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան մասին:
Այսօր հարկերի պատճառով փակւում են գրահրատարակութիւններ: Մենք բազմիցս դիմել ենք կառավարութեանը, նախագահին, որ պակասեցուի կամ ժամանակաւորապէս դադարեցուի գրախանութներից եւ գրքերի արտադրութեան համար յարկեր հաւաքել, որ կարողանանք 2012թ.-ին նորմալ հանդէս գալ: Մինչ օրս կառավարոըւթեան կողմից միայն մերժումներ ենք ստացել, դիմել ենք նաեւ ՀՀ ֆինանսների նախարարին, ով պատասխանել է.«Եթէ մեր հարեւան Ադրբեջանում, Բելոռուսում, Թուրքիայում գիրքը հարկւում է, մենք էլ ենք յարկում»:
Ն.Տ.- Գրքի շուկայի զարգացումն ինչպէ՞ս էր անցեալում, հիմա, եւ յետագայում ինչպէ՞ս էք տեսնում:
Մ.Կ.- Թէեւ լաւատես եմ, բայց կողքից նայելով, ոչ մի լաւ բան չեմ տեսնում: Մեր անկախացման 20 տարիների ընթացքում գրքի շուկայի զարգացումը զրոյական վիճակում է, նոյնիսկ կարող եմ ասել, որ հետընթաց է ապրել: Վերջին մի քանի տարիներին է, ինչ գրքի շուկան սկսել է որոշ չափով զարգանալ, որը, կարծես թէ, ստացւում է, ինչը չի կարելի ասել գրքի իրացման վիճակի մասին: Ինձ թւում է, եթէ պետութիւնը մի թեթեւ կամք դրսեւորի, ապա 3 տարուայ ընթացքում գրքի շուկան վերելք կ'ապրի, իսկ եթէ ոչ` ապա անկումն անխուսափելի կը լինի:
Այսօր ՀՀ կրթութեան նախարարի հրամանով դպրոցներում արգելուած է դրամահաւաքը, եւ դա է պատճառը, որ մենք չենք կարողանում մեր գրքերը տարածել դպրոցներում: ՀՀ կրթութեան նախարարութիւնը պէտք է գիրքը կամ ամսագիրը հասցնի գրադարան, քանի որ մեր գրադարանները վերջին անգամ նորանուն գրքերով համալրուել են 1970-1980- ականներին, կամ նուիրատուութեան շնորհիւ: Պէտք է իւրաքանչիւր գրադարան լոյս տեսած նոր գրքի առնուազն երկու օրինակ ունենա: Եթէ Երեւանի գրադարանների վիճակը կարելի է համարել բարւոք, ապա մարզերում վիճակն ահաւոր է: Իսկ նման պայմաններում հարց է առաջանում` ինչպէ՞ս մարդկանց մէջ սէր արթնացնել գրքի հանդէպ, եթէ հարկերի պատճառով գրքերը թանկ են վաճառւում, իսկ գրադարաններում նկատւում է գրքի պակաս:
Յոյս ունենաք, որ, եթէ պակասեցուեն յարկերն ու կառավարութիւնը ճիշտ մարտավարութիւն ընտրի, ապա 2012թ.-ին ընդառաջ նման գրահրատարակչութեան ոլորտում կ'ունենանք փոփոխութիւններ: