Սերժ Սարգսեան. Ժերար Դէպարդիէի մասնակցութիւնը մեր մշակութային միջոցառումներին ինքնին մեծ օժանդակութիւն է հայկական մշակոյթին<br />


Սերժ Սարգսեան. Ժերար Դէպարդիէի մասնակցութիւնը մեր մշակութային միջոցառումներին ինքնին մեծ օժանդակութիւն է հայկական մշակոյթին

  • 04-09-2010 18:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՒԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նախագահ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դէպարդիէին, ով Հայաստան է ժամանել «Կարօտ» միջազգային հայկական երրորդ փառատօնի շրջանակներում: Ողջունելով անուանի հիւրին` Հանրապետութեան ղեկավարը երախտագիտութիւն է յայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր օժանդակում են հայկական մշակոյթի զարգացմանը: Իսկ Ժերար Դէպարդիէի մասնակցութիւնը մեր մշակութային միջոցառումներին, Նախագահի խօսքով, ինքնին մեծ օժանդակութիւն է հայկական մշակոյթին: «Ընդհանրապէս, հայերս շատ յուզական ժողովուրդ ենք, մեզ համարում ենք մշակութասէր ժողովուրդ եւ համարում ենք, որ մեր ազգային ինքնութեան հիմքը հէնց մշակոյթն է: Այդ հիմքից, արմատներից մենք մշտապէս ազդակներ ենք ստանում եւ այդ ազդակներով կարողանում ենք ապահովել մեր յարատեւութիւնը»,-ասել է Նախագահ Սարգսեանը, ընդգծելով, թէ Հայաստանում շատ քիչ մարդիկ կը լինեն, որ չճանաչեն աշխարհահռչակ Ժերար Դէպարդիէին: Ըստ Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանը Նախագահ Սերժ Սարգսեանի հետ հանդիպմանը նշել է, թէ ճանաչում է, նոյնիսկ կարող է ասել` շատ լաւ է ճանաչում ցեղասպանութիւնից փրկուած այն հայերին եւ նրանց զաւակներին, ովքեր ապրում են Ֆրանսիայում. «Ես նոյնպէս շատ հպարտ եմ եւ շնորհակալ, որ գտնւում եմ այստեղ` Հայաստանում: Այստեղ ես ինձ ուղղակի հայ եմ զգում: Տարիների ընթացքում հասցրել եմ ճանաչել Ֆրանսիայում ապրող բազմաթիւ հայերի, ովքեր 1915 թուականի ցեղասպանութիւնից յետոյ իրենց մշակոյթի եւ գոյատեւման ունակութեան շնորհիւ, կարողացան ապրել եւ վերակառուցել իրենց կեանքը: Ես ճանաչում եմ ֆրանսահայ համայնքի բոլոր զաւակներին եւ զաւակների զաւակներին: Նրանք ռեժիսոր, բեմադրիչներ են, ինչպէս Անրի Վերնոյը, նրանք նկարիչներ են, ինչպէս Ժանսեմը, երգիչներ, կոմպոզիտորներ են, ինչպէս Շառլ Ազնաւուրը: Այդ իսկ պատճառով, սիրով պատասխանեցի Հայկական մշակոյթի զարգացման հիմնադրամի հրաւէրին` տեսնելով նաեւ ձեր երկրի պատկերները: Երբ երկիրն ունի այսպիսի խորը աւանդոյթներ եւ այսպիսի հետաքրքիր աշխարհագրութիւն, նշանակում է, որ հայ մարդու բնոյթը հանդուրժողական է, մեծահոգի եւ շատ հարուստ»:
  -   Մշակոյթ