ՀՀ Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանն ընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դէպարդիէին


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանն ընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դէպարդիէին

  • 04-09-2010 14:49:36   | Հայաստան  |  Մշակոյթ
Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանն ընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դէպարդիէին, ով մեր երկրում է գտնւում ՀՀ Ազգային ժողովի նախագահի հովանու ներքոյ Հայաստանում անցկացուող «Կարօտ» միջազգային փառատօնին մասնակցելու նպատակով: ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից ստացուած հաղորդագրութեան համաձայն, ողջունելով տաղանդաւոր արուեստագէտին` Յովիկ Աբրահամեանն ասաց, որ նա Հայաստանում բազմահազար երկրպագուներ ունի: Նրա ստեղծած կերպարները վաղուց արժանացել են հայաստանցի արուեստասէրի համակրանքին: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ հայ-ֆրանսիական բարեկամութիւնը ամուր հիմքերի վրայ է, իսկ աշխարհահռչակ դերասանի այցն աւելի կ'ամրապնդի այն: Յովիկ Աբրահամեանը շատ բարձր գնահատեց այն փաստը, որ Ժերար Դէպարդիեն այցելել է Հայոց ցեղասպանութեան զոհերի Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, եւ ընդգծեց նրա քաղաքացիական կեցուածքը, մանաւանդ որ դերասանը ներկայացնում է մի երկիր, որն ապաստան է տուել 1915թ. Հայոց ցեղասպանութիւնից մազապուրծ մեր հայրենակիցների: Ֆրանսիան այն երկրներից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը: Ժերար Դէպարդիեն նշեց, որ ինքը Հայաստանը գիտի Ֆրանսիայում ապրող հայ համայնքի շնորհիւ: Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանը նշանակալի համարեց, որ Ժերայր Դէպարդիեն Հայաստան է այցելել «Կարօտ» միջազգային փառատօնի շրջանակներում, որովհետեւ այն կարեւոր դեր է կատարում հայ արուեստը ներկայացնելու գործում: Հայաստանի խորհրդարանի ղեկավարն առաջարկեց յաջորդ փառատօնն անցկացնել Փարիզում, եւ Ժերար Դէպարդիէին էլ վերապահուի գլխաւոր դերը: Դերասանը սիրով համաձայնեց ներկայ գտնուել փառատօնին: Ժերար Դէպարդիէի խօսքով` իր այցելութիւնը Հայաստան կը հետաքրքրի նաեւ Եւրոպայում գտնուող արուեստի մարդկանց, որպէսզի նրանք եւս գան Հայաստան եւ այստեղ ծրագրեր իրականացնեն: Ինքը` Դէպարդիեն, այդպիսի մտադրութիւններ ունի` Հայաստան բերել եւրոպական գործիչների եւ կինոյի փառատօն կազմակերպել: Նա ծրագրում է նաեւ աշխարհի տարբեր երկրներում գտնուող հայերի մասնակցութեամբ կազմակերպել մշակութային միջազգային ծրագիր Հայաստանում, որի միջոցով ներկայացուի տարբեր ժամանակների հայկական արուեստը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանը պատրաստակամութիւն յայտնեց աջակցել նման ծրագրերին, քանի որ այդպիսի փառատօնները հնարաւորութիւն են տալիս ծանօթանալու մեր երկրին, մշակոյթին: Այս կապակցութեամբ ԱԺ նախագահը վերստին կարեւորեց «Կարօտ» փառատօնի դերը, որը շատ մեծ ու ողջունելի աշխատանք է կատարում:
  -   Մշակոյթ