Հարցազրոյց «Երկիր մեդիա» հեռուստակայանի տնօրէնների խորհրդի անդամ Նորայր Մելքոնեանի հետ


Հարցազրոյց «Երկիր մեդիա» հեռուստակայանի տնօրէնների խորհրդի անդամ Նորայր Մելքոնեանի հետ

  • 31-08-2010 16:31:37   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» օրաթերթ 31 օգոստոսի Հ.- Ի՞նչ նորոյթներ են սպասւում «Երկիր մեդիա»-ի հեռուստադիտողին եւ յատկապէս Սփիւռքի մասով: Եւ ի՞նչ նոր ծրագրեր ունի ընդհանուր առմամբ «Երկիր մեդիա»-ն: Պ.- Այդպիսի առանձին որեւէ նորոյթ չկայ, որ առանձնացնեմ, որովհետեւ տեւաբար ծրագիրը, ցանցը այսպէս կոչւած հեռուստատեսութեան ոլորտում այն ցանց են անւանում, ցանցը նորոգելու, բարելաւելու տեւական ճիգ է ի գործ դրւում եւ անընդհատ դա ընթացքի մէջ է: Իհարկէ, յաճախ դա սեզոնային բնոյթ է կրում, նոր սեզոնի բացում հասկացողութեան տակ, սա ընթացիկ մի գործընթաց է եւ բնական է, որ բովանդակութիւնը մեծապէս նաեւ կախւած է այն բանից, թէ որքանով կարողանանք ֆինանսաւորել: «Երկիր մեդիա»-ն արդէն նրանք, որ Հայաստանում դիտում են ծրագրերը, գիտեն, որ այս հեռուստակայանը կոմերցիոն նպատակներ չի հետապնդում, շահադիտական հեռուստակայան չէ եւ դա ֆինանսական առումով ունի իր ծանր հետեւանքները: Կրկին առիթ է եղել՝ ես ասել եմ, որ մենք իրականում մեզ վրայ ենք վերցրել հանրային հեռուստատեսութեան դերակատարութիւնը, ֆունկցիան, այսինքն՝ մենք մատուցում ենք այն, ինչը գտնում ենք, որ հանրութիւնը կարիք ունի, պահանջարկ կայ, անհրաժեշտ է երկրի եւ ժողովրդի բարօրութեան համար, ոչ թէ այն, ինչը մեզ կը բերի եկամուտ: Անշուշտ, այդ երկրորդ մօտեցումը ականատես ենք, որ կիրառւում է շատ հեռուստաընկերութիւններում, որոնք նաեւ ի շարս այլ առաւելութիւնների, որ իրենց համար է բերում, նաեւ բերում է ֆինանսական լուրջ աղբիւրներ, որովհետեւ գովազդատուները յատկապէս իրենց գովազդը տեղադրում են այն հեռուստաընկերութիւնների ծրագրում, որոնք շատ դիտող ունեն, իսկ եթէ մատուցում ես այն, ինչ որ պահանջւում է, բնական է, որ դիտողը շատ կը լինի եւ հետեւաբար՝ գովազդը մեծ կը լինի: Բայց միշտ չէ, որ դժբախտաբար, Հայաստանում դա շատ քիչ էլ չի պատահում, որ մատուցւածը, որը գուցէ եւ ժողովրդի ցանկութիւնն է չգիտեմ, թէեւ դա էլ կասկածում եմ, վնաս է բերում ժողովրդին եւ հայրենիքին, որովհետեւ ինչ-որ տեղ մարդուն այլասերում է, ոչ թէ օգնում է մարդու, անհատի միջից լաւը դուրս բերելու, դրսեւորելու, այլ՝ հակառակը: Դուք երեւի տեսած կը լինէք սերիալները յատկապէս, որ անբարոյականութիւն են ներկայացնում, անբարոյականութիւն ասելով՝ նկատի ունեմ այն բարոյական չափանիշերը, որոնք մեզ մօտ եղել են, դրանք անտեսւում են: Իրենց հետ բերում են նոր չափանիշեր, դրա հետ միասին՝ նոր հոգեբանութիւն, նոր մտածելակերպ եւ յաճախ սա գալիս եւ առնւում է Արեւմուտքից եւ, դժբախտաբար, հանրագումարում ստացւում է, որ մենք մեր հեռուստաընկերութիւններով մեր ժողովրդին այլասերում ենք, այլ բան ենք դարձնում, փոխարէնը՝ ազգայինը իր ուրոյն արժէքներով ամրապնդենք, հզօրացնենք, հակառակն ենք անում, նրանց թուլացնում եւ փոխարէնը դնում այն, ինչը որ ցանկալի չէ: Հետեւաբար՝ «Երկիր մեդիա»-ն այդպիսի առաքելութիւն իր վրայ վերցրած լինելով՝ բաւական լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, այն, ինչ որ մատուցւում է, իրօք ֆինանսական նւազագոյն միջոցներով եւ մեծ զոհաբերութեան գնով է իրականացւում, ինչ որ պակասում է ֆինանսական սղութեան պատճառով, դա լրացւում է զոհաբերութեամբ: Եւ ստացւում է արդէն այն, ինչը որ Սփիւռքում էլ արդէն տեսնում էք, մայիսի 28-ից մենք արդէն սկսեցինք շուրջօրեայ հեռարձակումը՝ արբանեակով: Իհարկէ, պէտք է ասեմ, որ ծրագրաւորումը, ցանցը Հայրենիքում եւ Հայրենիքից դուրս նոյնը չէ, պարզ այն պատճառով, որ որոշ ծրագրեր, յատկապէս ֆիլմեր եւ այլն, դրանք լիցենզաւորւած են եւ չի արտօնւում դրանք ցրել աշխարհով մէկ: Հետեւաբար՝ այն, ինչ որ Սփիւռքում սփռւում է, դա լրիւ «Երկիր մեդիա»-ի արտադրութիւնն է, որ իմիջիայլոց «Երկիր մեդիա»-ն այդ հարցում էլ առանձնանում եւ աչքի է ընկնում, երբ որ համեմատում ենք միւս հեռուստաընկերութիւնների հետ, նրա հեռարձակումների մի խոշոր տոկոսը իր սեփական արտադրութիւնն է: Այսքանը, այսինքն՝ եթէ շատ ամփոփ նորից ցանկանամ պատասխանել ձեր հարցին, բարեփոխումները միշտ են լինում, միշտ փորձում ենք աւելի կատարելագործել, աւելի հետաքրքիր դարձնել, բայց մեզ համար ունենք չափանիշեր, արժէքներ, որոնց շատ ամուր կառչած ենք եւ որքանով, որ կարողանանք առանց դրանք խախտելու, անտեսելու՝ մեր ֆինանսական միջոցները աւելացնել, այդ դէպքում նաեւ կը կարողանանք բովանդակային իմաստով եթերը բարելաւել: Հ.- Պրն. Մելքոնեան, թեհրանահայ համայնքում Ձեր գործունէութիւնը շատ ակնյայտ է եղել եւ գիտենք, որ արդէն շուրջ երկու տասնամեակ է, որ դուք հաստատւել էք Հայաստանում, այդ համատեքստում ի՞նչ կասէք Հայաստան-Սփիւռք կապերի մասին, ինչպէ՞ս էք գնահատում այդ կապերը: Պ.- Բարդ հարց է, ճիշտն ասած՝ ես ընդհանուր առմամբ շատ գոհ չեմ, շատ ոգեւորւած չեմ այն բոլորով, որ մեր երկրում անցնում դառնում է, այդ թւում նաեւ Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններում: Շատ խոցելի տեղեր ունենք եւ երեւի թէ հիմնական պատճառը այս վիճակի այն է, որ մեզ բախտ չվիճակւեց ունենալ իրօք ազգասէր եւ հայրենասէր ղեկավարութիւն, որն օրնիբուն կաշխատէր ազգի եւ հայրենիքի բարօրութեան համար: Եւ սա յանգեցրեց մի շարք բացասական հետեւանքների: Հէնց սկզբից մինչեւ Ռոբերտ Քոչարեանի նախագահութիւնը՝ մեծ լարում առաջ եկաւ Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններում: Ես մեծապէս մեղադրում եմ եւ չեմ կարող բացասական չասել մեր հանրապետութեան առաջին նախագահի հասցէին, որովհետեւ նա ունէր բացառիկ առիթը ժողովրդին վերափոխելու, որը պատրաստ էր արդէն հոգեփոխւելու, լաւը դառնալու, ինքն իրեն գերազանցելու. այդ առիթը նա փախցրեց: Եւ նա ոչ թէ միայն առիթը փախցրեց, այլեւ իր արարքներով, իհարկէ, շատ հեռու եմ այն մտքից, որ ասեմ՝ նա ամէն ինչ վատ արեց եւ սխալ արեց, բայց մի շարք կարեւոր հարցերում նա սխալ կողմնորոշւելով՝ ի շարս այլ բացասական բաների՝ նաեւ լարեց Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնները, որի հետեւանքները ինչ-որ տեղ, հակառակ Քոչարեանի նախագահութեան տարիների գործած ճիգերին, չվերականգնւեցին, ինչ-որ տեղ կասկածի, միմեանց լրիւ չհաւատալու ստւեր մնաց: Շատ բան կայ Հայաստանում, որ ես կուզէի այլ կերպ տեսնել, շատ բան կայ, բայց կամաց-կամաց հաշտւում եմ այն մտքի հետ, որ այն, ինչ որ ես երազում էի, դա երազ էր եւ չիրականացաւ: Եւ երեւի թէ պէտք է այդպէս ժամանակի ընթացքում կամաց-կամաց փոխւի, որովհետեւ ի վերջոյ ժողովուրդները դէպի յետ չեն գնում, դէպի վատը. կը փոխւի մեզ մօտ էլ, դէպի լաւը կը գնայ, բայց այն, ինչ որ, ես կարծում եմ, կարելի էր անել, որ մեր ժողովրդին մեծ թռիչքի կը բերէր, ինչպէս նշեցի, ինքն իրեն գերազանցելու, հոգեփոխւելու, աւելի արդար, աւելի լաւ հասարակութիւն ստեղծելու այդ առիթները մենք բաց թողեցինք: Հիմա միւս ժողովուրդների նման՝ մենք էլ կամաց-կամաց կը զարգանանք, չգիտեմ այս ամէնը, որ ասում եմ, գուցէ նրա համար է, որ ես շատ իդէալիստ եմ եղել, երազ է եղել դա եւ քանի որ երազը յաճախ չի իրականանում, այս դէպքում էլ չի իրականացել, բայց յուսահատւած չեմ, մի փոքր յուսախաբւած եմ, բայց ոչ յուսահատւած եւ կարծում եմ, որ լաւ կը լինի, բայց դրա համար անհրաժեշտ է նաեւ լաւ ղեկավարներ, որքան որ ղեկավարւողը ինքը նաեւ կարեւոր է, բայց նաեւ ղեկավարողն էլ է կարեւոր, երկուսն էլ մէկ-մէկու, իրարու լրացնելու դեր ունեն: Այս առումներով խնդիրներ ունենք: Հ.- Պրն. Մելքոնեան, վերադառնալով «Երկիր մեդիա»-ի թեմային, կարելի՞ է խօսէք հեռուստակայանի Սփիւռքի հետ կապերի մասին: Պ.- Մեր կապը արդէն, կարծում եմ, տեսնում էք ինչպէս է, քանի որ երբ հիմնադրւեց արդէն «Երկիր մեդիա»-ն, մենք այն նպատակն ունէինք, որ նաեւ արտացոլելու ենք սփիւռքահայ կեանքը: Համեմատ միւս հեռուստաընկերութիւնների՝ նաեւ որոշ յաջողութիւններ արձանագրեցինք այդ ուղղութեամբ, բայց դա այն չափով չէր որքանով, որ մենք կը ցանկանայինք: Հիմնական պատճառը Սփիւռքի յատկապէս մեծ ու հայաշատ համայնքների անպատրաստութիւնն էր այդ համագործակցութեանը, որովհետեւ, ի վերջոյ, մեր ֆինանսական հնարաւորութիւնները բաւարար չէին մեր թղթակցային կէտերը պահելու այդ համայնքներում եւ ակնկալում էինք, որ տեղական հնարաւորութիւնների, միջոցների հաշւին այդ ամէնը կը ստեղծւի, որը ոչ բոլոր համայնքներում եղաւ: Լաւ ձեւով, աւելի քան բաւարար ձեւով միայն դա յաջողւեց Լիբանանում, մեր թղթակիցը՝ Լորիկ Սապունջեանը, բաւական յաջող աշխատեց: Մասնակի, որոշակի չափով Թեհրանում, Փարիզում, մէկ-մէկ էլ Լոս Անջելեսից, որ այս վերջինները երբեք այդպէս կանոնաւոր աշխատանքային տեմպի մէջ չմտան: Հիմա երբ արդէն նաեւ Սփիւռքում դիտելու հնարաւորութիւն կայ, գուցէ սա կը խթանի նաեւ մեր համայնքներին, որովհետեւ արդիւնքը իրենք էլ են տեսնելու, եւ կարծում եմ, որ աւելի ակտիւանան: Երեւի չպէտք է ասէի՝ գուցէ կը խթանի, այլ պէտք է ասէի՝ խթանում է, որովհետեւ, փաստօրէն, տեսնում ենք, որ հիմա աւելի են ակտիւացել, Լիբանանից բացի՝ հիմա շատ թղթակցային կէտեր կան շատ ուրիշ տեղերում, որ բաւականին ակտիւացել են, օրինակ՝ Մոսկւայում, Թեհրանում, այսինքն՝ բարելաւումը առկայ է: Ես յոյս ունեմ, որ տեսնելով արդիւնքը՝ սա է՛լ աւելի կը բարելաււի: Վերջում կը ցանկանամ աւելացնել այն, ինչ որ իմ մէջ համոզում է, որ ինչ էլ որ կատարւում է Հայաստանում, որոնք երբեմն սփիւռքահայերին այդքան էլ հաճելի չեն՝ երեւոյթներ, դրսեւորումներ, բայց երբեք չյուսալքւեն, այլ հակառակը՝ փորձեն ամէն ճիգ ի գործ դնել, որպէսզի մեր հասարակութիւնը, մեր պետութիւնը կայանայ, որովհետեւ շատ լաւ գիտենք, որ վերջին հաշւով՝ ցանկացած ժողովրդի յարատեւման, գոյատեւման երաշխիքը իր ազգային պետութիւնն է, որքան էլ որ վատ պետութիւն լինի, շատ աւելի նախընտրելի է, քան՝ չլինի, ասել է, թէ այլ պետութիւնների ենթակայութեան տակ ապրել: Հետեւաբար՝ բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ ամէն ճիգ ի գործ պէտք է դնենք, որպէսզի քարը քարի վրայ դնենք, շէնացնենք, որ մեր երկիրը եթէ հիմա այն չէ, ինչ որ մենք երազում ենք, գոնէ ոչ շատ հեռու ապագայում հասնի այդ բարձունքին: ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՎԱՐԵՑ ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը