Հանկարծամահ է եղել իրաւապաշտպան, Հայաստանի Հելսինկեան Ասոցիացիայի անդամ Արշալոյս Յակոբեանը
11-08-2010 18:32:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել Հելսինկեան ասոցիացիայի անդամ Արշալոյս Յակոբեանը: Ըստ նախնական տուեալների` նա մահացել է թոքաբորբից: Սակայն «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում Հելսինկեան ասոցիացիայի նախագահ Միքայէլ Դանիելեանը նշել է, որ Ա.Յակոբեանի մահուան պատճառները առայժմ յայտնի չեն եւ կպարզվեն առաջիկայ երկու օրուայ ընթացքում` դիահերձման արդիւնքում:
Երեւանի աւագանու 2009թ.-ի մայիսի 31-ի ընտրութիւններից յետոյ Ա.Յակոբեանը ձերբակալուել էր. նրա դէմ քրէական գործ էր յարուցուել իշխանութեան ներկայացուցչի նկատմամբ բռնութիւն կիրառելու մեղադրանքով: Իրաւապաշտպանների պնդմամբ, բերման ենթարկելիս եւ ոստիկանութիւնում Յակոբեանի նկատմամբ բռնութիւն էր կիրառուել: Հոկտեմբերի 16-ին դատախազի միջնորդութեամբ իրաւապաշտպանի խափանման միջոց կալանքը փոխվել էր եւ նրան դատարանից ազատ էին արձակել` չբացակայելու մասին ստորագրութեամբ: Իսկ փետրուարին Ա.Յակոբեանը դատարանի կողմից արդարացուել էր: