Մեկնարկեցին հայ մեծանուն գեղանկարիչ Յարութիւն Կալենցի 100-ամեակին նուիրուած միջոցառումները<br />


Մեկնարկեցին հայ մեծանուն գեղանկարիչ Յարութիւն Կալենցի 100-ամեակին նուիրուած միջոցառումները

  • 06-08-2010 19:14:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկեցին հայ մեծանուն գեղանկարիչ Յարութիւն Կալենցի 100-ամեակին նուիրուած միջոցառումները, որոնց ներկայ էին Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանեանը, մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը: Նախ կայացաւ Կալենցի կտաւները եւ կենսագրութիւնը ներկայացնող գրքի շնորհանդէսը, ապա բացուեց նկարչի գործերի ցուցահանդէսը: Պատկերասրահի տնօրէն Փարավոն Միրզոեանի խօսքերով, այս հրաշալի վարպետը նոր շունչ է հաղորդել 1950-60-ական թուականների հայ գեղանկարչությանը: Գեղանկարչի որդին` «Կալենց» մշակոյթային հիմնադրամի նախագահ Սարո Կալենցը, նկատեց, որ այս գրքին սպասել են 70 տարի, եւ վերջապէս, Մշակոյթի նախարարութեան օժանդակութամբ, այն հրատարակուեց: Հ.Աբրահամեանը շրջեց ցուցասրահում, ծանօթացաւ ներկայացուած աշխատանքներին: Լրագրողների հետ զրոյցում նա նշեց, որ Կալենցն իրոք մեծ նկարիչ է, եւ այս ցուցահանդէսի մարդաշատությունը արտայայտում է ժողովրդի, հասարակութեան վերաբերմունքը նրա նկատմամբ: Լրագրողի հարցին ի պատասխան, յայտնելով իր տպավորությունները, ԱԺ նախագահն ասաց .«Չկայ մի մասնագէտ, նկարիչ, մի հայազգի, որ չհարգի, չհավանի Յարութիւն Կալենցի նկարները, որովհետեւ նա մեծություն է մեզ համար, մեր ժողովրդի համար»: Ըստ Հ.Աբրահամեանի, անհրաժեշտ է անել ամէն ինչ` Կալենցի ընտանիքին օգնելու համար, որպէսզի գեղանկարչի արուեստն ամբողջութեամբ ներկայացուի հասարակութեանը: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, այս տարի Հ.Կալենցի ցուցահանդէս նախատեսւում է կազմակերպել նաեւ Բեյրութում` նկարչի լիբանանեան շրջանը (որտեղ նա ապրել եւ ստեղծագործել է 19 տարի, մինչեւ Հայաստանը ներգաղթը)` ներկայացնող գործերով:
  -   Մշակոյթ