ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «Հայեցակարգ» թերթի գլխաւոր խմբագիր` «Էներգետիկների համահայկական ասսոցիացիայ» հասարակական կազմակերպութեան անդամ, Գալուստ Սարգսեանի հետ<br />


ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «Հայեցակարգ» թերթի գլխաւոր խմբագիր` «Էներգետիկների համահայկական ասսոցիացիայ» հասարակական կազմակերպութեան անդամ, Գալուստ Սարգսեանի հետ

  • 04-08-2010 19:24:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
- Պարոն Սարգսեան ինչպէ՞ս էք պատկերացնում արցախեան հիմնահարցի հանգուցալուծման վերջնական տարբերակը, - Գիտէք ես համարում եմ, որ արցախեան հիմնահարցի լուծման ինչ որ վերջնական տարբերակ գոյութիւն չունի: Սա պայքար է եւ մենք Արցախը կ'ունենանք այնքան ժամանակ, քանի դեռ կարողանում ենք այդ պայքարում յաղթել: Իմ կարծիքով, մեզ համար այսօր հիմնական խնդիրը ստեղծուած վիճակով չբաւարարուելն ու եղած ձեռքբերումները զարգացնելն է: Այլ խօսքով, ամէն ինչ կախուած է Ադրբեջանին մեզ ձեռնատու խաղաղութիւնը պարտադրելու մեր կարողութիւնից: Իսկ ինչ վերաբերւում է հարցադրման այդ ձեւին, ապա ինձ թւում է, որ այն գալիս է մեր ազգային էութիւնից: Մենք հայերս, ունենք մի շատ վտանգաւոր թերութիւն: Թէեւ կարողանում ենք հախթել ռազմական գործողութիւններում, բայց որպէս կանոն չենք կարողանում պահպանել այդ յաղթանակը յետագայ զարգացումներում:Իսկ այսօր, արցախեան գործընթացներում հասել ենք այդ` մեր կողմից չսիրուած մասին: - Գուցէ մանրամասնէ՞ք, թէ ինչ պէտք է անենք, որպէսզի կարողանանք մեզ ձեռնատու խաղաղաութիւնը պարտադրել Ադրբեջանին: - Նախ պէտք է դադարենք անընդհատ մտածել արցախեան հիմնահարցի լուծման, ինչ որ երեւութական եւ բոլորի կողմից ընդունելի տարբերակների մասին, որովհետեւ այսպիսի հիմնահարցերը լուծման բոլորի համար ընդունելի տարբերակներ ուղակի չեն ունենում: Օրինակի համար, ես համոզուած եմ, որ քանի դեռ կազմալուծուած չէ ադրբեջանական կայսրութիւնը քաղաքական մոլորութիւն կը լինի մտածել, որ երբէէ Ադրբեջանը կը ճանաչի Արցախի Հանրապետռութեան անկախութիւնը: Այստեղ գործում է »կամ մենք ենք յաղթում, կամ մեզ են յաղթում« սկզբունքը: Փոխարէնը մենք այսօր ճիշտ կ'անենք, եթէ աւելի շատ եւ աւելի գործնականօրէն զբաղուենք ադրբեջանական կայսրութեան կազմալուծման աշխատանքներով: Ադրբեջանը պէտք է զրկուած լինի միայն Արցախով զբաղուելու հնարաւորութիւնից: Նա պէտք է ունենա նաեւ լեզգինական, թալիշական եւ աղուանական ճակատներ: Այդ դէպքում, մենք համոզուած ենք, որ Բաքւում աւելի ըմբռնող եւ հանդուրժող կը դառնան: - Իսկ մտածե՞լ էք, թէ այդ դէպքում ինչպէս կ'արձագանքի միջազգային հանրութիւնը: - Տեսէք: Արցախեան զարգացումներում գերտերութիւնների առաջնորդութեամբ գործող միջազգային հանրութիւնը ակտիւութիւն է դրսեւորում, որովհետեւ տարածաշրջանում կայուն խաղաղութեան բացակայութիւնը խոչընդոտում է իր տնտեսական ծրագրերին: Այլ խօսքով նրանց հետաքրքրողը այնպիսի խաղաղութիւնն է, որը կարող է ապահովել տարածաշջանով անցնող կոմունիկացիաների անխափան գործունէութիւնը եւ երաշխաւորել նորերի կառուցումը: Այս իմաստով, նրանց ոչ թէ խաղաղութեան իմիտացիան է հարկաւոր, այլ ինքը` իրական խաղաղութիւնը: Իսկ միջազգային հանրութիւնը այնքան էլ միամիտ չէ, որպէսզի չհասկանայ, որ այս տարածաշրջանում խաղաղութեան համապարփակ եւ ամբողջական ծրագիր չի կարող գոյութիւն ունենալ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել հայոց ցեղասպանութիւնը եւ չի փոխհատուցել հայ ժողովրդին հասցրած նիւթա-բարոյական վնասները, քանի դեռ քուրդ ժողովուրդը զրկուած է իր անկախ պետականութիւնը կերտելու հնարաւորութիւնից, քանի դեռ լեզգին, թալիշ եւ աղուան ժողովուրդների հայրենիքները բռնազաւթուած են մնում ադրբեջանական կայսրութեան կողմից, քանի դեռ վրացական իշխանութիւնները ոտնահարում են կայսրութիւնում ապրող հայ, աջար եւ մէգրել ժողովուրդների ազգային եւ մարդկային իրաւունքները: Այս ամբողջը վկայում է այն մասին, որ վաղ թէ ուշ միջազգային հանրութիւնը, գոնէ այս տարածաշրջանում` հրաժարուելու է սահմանների անձեռնմխելիութեան եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքից, քանի որ այն գնալով աւելի ու աւելի թանկ է նստելու վերջինիս վրայ: - Պարոն Սարգսեան Դուք խօսեցիք ցեղասպանութեան մասին: Հաւատու՞մ էք, որ Թուրքիան երբեւէ կը ճանաչի ցեղասպանութեան փաստը եւ կը փոխհատուցի մեր ժողովրդին հասցուած վնասները: - Ասեմ անկեղծ, ես էլ երբեմն ինձ նոյն հարցն եմ տալիս, բայց յետոյ հասկանում եմ, որ իրականութեան մէջ այդպէս չի լինում: Մենք հիմա առաջուայ պետականազուրկ ժողովուրդը չենք, որ ապրենք նման հարցադրումներով: Մենք այսօր անկախ պետականութիւններ կերտած եւ, այս իմաստով, բաւականին փորձութիւններ յաղթահարած ազգ ենք: Նախկինում հարցադրման նման ձեւը արդարացուած էր, քանի որ ցեղասպանութեան ճանաչմանը մենք հետամուտ էինք լինում միայն Սփիւռքում: Ի միջի այլոց, այս առումով մենք այսօր պարտաւոր ենք արժանին հատուցել Սփիւռքի մեր հայրենակիցներին եւ յատկապէս քաղաքական եւ հասարակական կառոյցներին, որոնք իրենց ամենօրեայ պայքարով, կարողացան, ազգային անկախ պետականութեան բացակայութեան պայմաններում, մեր խնդիրներն ու պահանջները պահպանել միաջազգային քաղաքականութեան օրակարգում: Սակայն բոլորովին այլ է իրավիճակը այսօր: Մենք հիմա ունենք անկախ պետութիւն եւ պարտաւոր ենք ցեղասպանութեան ճանաչման եւ փոխհատուցման հարցը դարձնել պետութեան արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւններից մէկը: Մենք պէտք է նախ մեզ, եւ ապա մնացածների համար յստակեցնենք, որ ցեղասպանութեան համընդանուր ճանաչման քաղաքականութիւնը մեզ` հայերիս, համար ինքնանպատակ չէ: Մենք վստահ ենք, որ հայ-թուրքական յարաբերութիւնների ողջ փաթեթը, անկախ պետականութիւն ունենալու քրդական պահանջները, Պոնտոսի յոյների խնդիրների հետ` կազմելու են հիմնահարցերի մի համախումբ, որը բաւարար է լինելու թուրքակայն բռնապետութիւնը մասնատելու համար: Միայն այդ դէպքում, ինչպէս մեզ է թւում, պատմական արդարութեան վերականգման եւ փոխհատուցման մասին խօսակցութիւնները առաւել առարկայական կը դառնան: - Այսօր շատ է խօսուու հայ-ադրբեջանական հակամարտութեան գօտում խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին: Դուք նոյնպէ՞ս կարծում էք, որ այդ ուժերը կը կարողանան առաւել վերահսկելի դարձնել զարգացումները: - Ասեմ, ես նախ համարում եմ, որ այս տարածաշրջանը այնպիսի առանձնայատուկ տարածաշրջան է, որ այստեղ լաւ չհաշուարկուած ցանկացած քայլ կարող է` ուղակի հակառակ արդիւնքը տալ: Մօտակայ ժամանակներում հակամարտութեան գօտում խաղաղապահ ուժերի տեղակայման փորձն անգամ, կարելի է դասել այդպիսի չհաշուարկուած քայլերի շարքին, որովհետեւ այս տարածաշրջանում շատ երկրների ռազմավարական շահեր են խաչւում: Այս իմաստով, մեր տարածաշրջանում ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ համաշխարային պատերազմի իրական վտանգ կայ թաքնուած: Մեր կարծիքով, այս իրողութիւնը ազդելու է նաեւ տարածաշրջանում գործող գերտերութիւնների քաղաքականութեան վրայ, դրանք հակակշռելու առումով: Նման նախաձեռնութիւնը անիմաստ է նաեւ Արցախի անվտանգութեան երաշխաւորման տեսակէտից: Ես համոզուած եմ, որ Արցախին անվտանգութեան երաշխիքներ կարող են տալ երկու երկիր: Այդ երկրներից առաջինը Հայաստանի Հանրապետութիւնն է, իսկ երկրորդը, որքան էլ տարօրինակ հնչի` Ադրբեջանի Հանրապետութիւնը, եթէ, ի հարկէ, Բաքւում հասկանան, որ պէտք է ընդունեն ձեւաւոեւուած իրողութիւնները եւ ճանաչեն Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Այլ խոոսքով, Ադրբեջանը իր նման հաւասարակշռուած եւ իրատեսական քայլերով Արցախի Հանրապետութեան համար ուղակի պէտք է հանի երաշխիքներ ձեւաւորելու անհրաժեշտութիւնը: Եւ դրանից յետոյ նոր միայն Արցախի Հանրապետութիւնը հնարաւոր կը համարի Ադրբեջանի հետ սկսել սահմանների ճշտման վերաբերեալ բանակցութիւններ: Այնպէս որ տեսանելի ժամանակներում հակամարտութեան գօտում խաղաղապահ ուժերի տեղակայման փորձն անգամ, մեր կարծիքով աւելի մօտ կը լինի քաղաքական արկածախնդրութեանը, քան քաղաքական հաշուենկատութեանը: Վերջում ուզում եմ աւելացնել, որ վերը նշուած հարցերն ու նրանց նկատմամբ ունեցած մեր տեսակէտները քննարկուել են »Էներգետիկների համահայկական ասսոցիացիայ« հ/կ խորհրդի նիստում, եւ ես ոգեւորուած եմ, որ խորհրդի անդամների մեծամասնութիւնը համաձայնւում է եղած տեսակէտների հետ: Այդ հանգամանքը ինձ եւս մէկ անգամ համոզում է իմ ունեցած մօտեցումների ճշմարտացիութեան մէջ:
  -   Մամլո հաղորդագրություն