25-04-2011 10:55:04 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
Թե' քաղաքական, թե' իրաւական եւ թե' զուտ մարդկային իմաստով չափազանց բարդ է անդրադառնալ 2008-ի մարտի իրադարձութիւններին եւ դրանց հետեւանքներին: Անցած երեք տարիներին բազմաթիւ կարծիքներ եւ գնահատականներ են հնչել այս կապակցութեամբ, իսկ հասարակութեան մէջ տեսակէտներն այս խնդրի վերաբերեալ դեռեւս չափազանց հակասական են:
Նախկին օմբուդսմենը փորձեց մարտեան իրադարձութիւններին գնահատականներ տալ: Այդ գնահատականների արձագանքը եղաւ քննադատութիւնը եւբ իշխանութեան, եւբ ընդդիմութեան կողմից: Կարելի է ենթադրել, թէ մարդու իրաւունքների պաշտպանը պէտք է պարզապէս հեռու մնա քաղաքական գործընթացներից եւ գործի բացառապէս իրաւական հարթութիւնում:
«Օմբուդսմենէ բառը թարգմանաբար նշանակում է «միջնորդէ եւ մեր իրականութեան մէջ ներմուծուած է Եւրոպայից, որտեղ օմբուդսմենն ունի հիմնական երեք առաքելութիւն՝ 1. քաղաքական երկխօսութեան միջնորդ, 2. մարդու իրաւունքների պաշտպանութեան վիճակի դիտորդ, 3. անհատական գործերով մարդու իրաւունքների պաշտպան: Համանման առաքելութիւն է ամրագրուած ինձ համար մեր Սահմանադրութեամբ եւ օրէնքներով:
Անհատական գործերով իրաւունքների պաշտպանութիւն իրականացնելիս ես պարտաւոր եմ առաջնորդուել «Մարդու իրաւունքների պաշտպանի մասինէ ՀՀ օրէնքով, որն ինձ արգելում է միջամտել դատաքննութեանը, տալ գնահատականներ դատարանի կողմից կայացուած վճիռներին, ինչպէս նաեւ մէկ տարուայ վաղեմութեան ժամկէտ է նախատեսում իմ կողմից վարոյթ ընդունուող եւ քննուող գործերի համար: Հետեւաբար, 2008 թուականի մարտի իրադարձութիւնների հետեւանք հանդիսացող անհատական գործերով իրաւունքների խախտման դէպքերին իրաւական պաշտպանութեան իմ լիազօրութիւնները Հայաստանի օրէնսդրութեամբ խիստ սահմանափակ են կամ գրեթէ չկան:
Նման իրավիճակում կարող եմ իրացնել իմ դիտորդական առաքելութիւնը, ինչպէս անում եմ այլ իրավիճակներում տարբեր իրաւունքների պաշտպանութեան մակարդակն ուսումնասիրելիս եւ գնահատելիս: Սակայն նշուած իրադարձութիւնների եւ դրանց հետեւանքների վերաբերեալ դիտորդական նման առաքելութիւն իրականացնում են մի շարք տեղական ու միջազգային հաստատութիւններ, որոնց զուգահեռ իմ դիտորդական գործառոյթն իրականացնելն ինձ թւում է անհրաժեշտ, բայց ոչ բաւարար:
Կարեւորելով մարդու իրաւունքների ոտնահարման կանխարգելումը հնարաւոր ներքաղաքական լարուած իրավիճակներում, ինչպէս նաեւ անկեղծ հաւատալով, որ մեր հասարակութեան զարգացման եւ պետութեան հզօրացման համար իսկապէս անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխօսութիւն եւ առողջ համագործակցութիւն՝ ես ցանկանում եմ հանդէս գալ Հայ ազգային կոնգրէսի եւ խորհրդարանական իշխող կոալիցիայի միջեւ ՄԻՋՆՈՐԴ դառնալու առաջարկութեամբ:
Իւրաքանչիւր միջնորդ խնդիր ունի առանց սեփական գնահատականի ու մեկնաբանութեան՝ ֆիքսել կողմերի ամենահակասական դիրքորոշումները եւ, այնուհետեւ յայտնաբերելով կողմերի միջեւ ընդհանրութիւններն ու հնարաւոր զիջումները, մերձեցնել հակասական դիրքորոշումները եւ կողմերի օգնութեամբ գտնել հնարաւոր լուծումներ: Կողմերի հակասական դիրքորոշումներից առայժմ առանձնացնեմ հետեւեալը.
Ընդդիմութիւն. 2008-ի հետընտրական հանրահաւաքները խաղաղ էին:
Իշխանութիւն. Ընդդիմութիւնը փորձում էր երկրում յեղաշրջում իրականացնել:
Ընդդիմութիւն. 2008-ի նախագահական ընտրութիւնների արդիւնքները կեղծուել են:
Իշխանութիւն. Ընտրախախտումներն ընտրութիւնների արդիւնքների վրայ չեն ազդել:
Ընդդիմութիւն. Մարտի 1-ի հանրահաւաքը ցրելն օրինական չէր:
Իշխանութիւն. Օրինական չէր հանրահաւաքների անցկացումը:
Ընդդիմութիւն. Երկրում կան քաղբանտարկեալներ:
Իշխանութիւն. Մարտի 1-ից յետոյ ազատազրկուածներն օրինախախտներ են:
Ընդդիմութիւն. Իշխանութիւնը չի ուզում բացայայտել 10 զոհերի մահուան հանգամանքները:
Իշխանութիւն. Արւում է ամէն ինչ զոհերի մահուան հանգամանքների բացայայտման համար:
Ընդդիմութիւն. Իշխանութիւնը փակել է Ազատութեան հրապարակը:
Իշխանութիւն. Ազատութեան հրապարակը միայն հանրահաւաքներ անցակցնելու համար չէ:
Ընդդիմութիւն. Պէտք է անցկացուեն արտահերթ ընտրութիւններ:
Իշխանութիւն. Խնդիրները կարող են լուծուել հերթական ընտրութիւնների պարագայում եւս:
Նախկինում նոյնպէս փորձեր են արուել մերձեցնել հակասական դիրքորոշումները եւ հակադիր կողմերին բերել երկխօսութեան: Տարբեր օտարերկրեայ դիւանագէտներ եւ միջազգային կազմակերպութիւններ պարբերաբար փորձել են ստանձնել թեբ միջնորդի եւ թեբ դիտորդի դեր, սակայն հանդուրժողականութեան եւ վստահութեան մթնոլորտ դեռեւս ձեւաւորուած չէ: Ամենայն երախտապարտութեամբ գնահատելով օտարերկրեայ գործիչների ու կազմակերպութիւնների ջանքերը` այդուհանդերձ ցաւալի է, որ մեր ներպետական խնդիրներում մեզ անվերջ գնահատում, ուղղորդում, սովորեցնում եւ դատում են օտարները: Վստահ եմ, որ մենք ունենք ներազգային ներուժ՝ ինքնուրոյն յաղթահարելու չափազանց ցաւալի իրադարձութիւնների հետեւանքները:
Որպէս Հայաստանի Հանրապետութեան օմբուդսմեն, այսինքն՝ սահմանադրական միջնորդ, ես իմ կողմից առաջարկուող այս առաքելութեան տեսանկիւնից ունեմ մի քանի առաւելութիւն: Նախեւառաջ, ես կողմերի հայրենակիցն եմ, աւելին` միջնորդի գործառոյթն ինձ տրուած է ՀՀ Սահմանադրութեամբ: Բացի այդ, իմ տեւական իրաւաբանական գործունէութեան ընթացքում յաճախ եմ հաշտեցրել ծայրայեղ հակասական դիրքորոշումներ, եւ վերջապէս՝ ես նոր եմ քաղաքական գործընթացներում ու բաւական երիտասարդ, որպէսզի անկեղծ հաւատամ, որ եղբայրասիրութեան ու համերաշխութեան գաղափարները չեն վերացել մեր ոչ մի քաղաքական ուժի գաղափարախօսութիւնից, եւ որ անհնարը հնարաւոր են դարձնում երիտասարդ իդէալիստները, մասնագէտ պրագմատիկները եւ մարդասերները:
Գիտեմ, որ որպէս միջնորդ հանդէս գալու իմ այս նախաձեռնութիւնը հնարաւոր է քննադատեն տարբեր ճամբարներից, կը խօսեն դրա անկարելիութեան մասին, վերջում էլ կհեգնեն, ինչպէս մեր օրերում շատերը ծաղրում եւ հեգնում են գրեթէ բոլորին: Այդուհանդերձ, ես վստահ եմ, որ մեր ընդդիմութեան եւ մեր իշխանութեան մէջ կան հայրենասէր, ինտելեկտուալ, պետական մտածողութեամբ, քրիստոնէական եղբայրասիրութեանը հաւատարիմ գործիչներ, որոնց համար կառուցողական քաղաքական երկխօսութեան եւ ազգային համերաշխութեան ամէն մի հնարաւորութիւն չափազանց կարեւոր է: Դրական արձագանքի ակնկալիքով եւ կոնկրէտ քայլեր նախաձեռնելու վճռականութեամբ՝ ես այս շաբաթ իմ առաջարկը գրաւոր կ'ուղարկեմ խորհրդարանական իշխող կոալիցիային եւ Հայ ազգային կոնգրէսին:
ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան
Կարէն Անդրէասեան