Աւարտուեցին «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» 4-րդ համահայկական փառատոնի շրջանակներում անցկացուած «Կատարողական արուեստի օրեր»-ը<br />


Աւարտուեցին «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» 4-րդ համահայկական փառատոնի շրջանակներում անցկացուած «Կատարողական արուեստի օրեր»-ը

  • 30-07-2010 14:28:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 29-ին Երեւանում տեղի ունեցաւ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» 4-րդ համահայկական փառատոնի շրջանակներում անցկացուած «Կատարողական արուեստի օրեր»-ի հանդիսաւոր փակումը: 8 օր շարունակ 45 խմբեր ու համոյթներ, 87 անհատ կատարողներ բազմաթիւ համերգներով հանդէս եկան Երեւանում, Հայաստանի մարզերում ու Արցախում: «Ձեր գեղեցիկ եւ խորունկ հայկական աչքերից լոյս է ճառագում, եւ այդ լոյսը աւելի է պայծառացել, աւելի է զորացել, որովհետեւ դուք Հայաստանի հողից, ջրից, արեւից ստացել եք նոր ջերմութիւն»,- փակման արարողութեանը նշեց Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Նա յաւելեց, որ այդ լոյսը փառատոնի մասնակիցները կտանեն սփիւռքեան համայնքներ` դառնալով Հայաստանի եւ հայ մշակոյթի դեսպանները հայկական Սփիւռքում: Հ.Յակոբեանի խօսքերով, «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» 4-րդ համահայկական փառատոնը նախորդի աւանդական շարունակութիւնն է, այն ունի պատմական, քաղաքական, ազգային, բարոյական եւ հոգեբանական մեծ նշանակութիւն: «Փառատոնը կառուցեց սիրոյ, ջերմութեան, բարեկամութեան ազգային կամուրջներ, որի հիմքը, հենասյունը հայ մշակոյթն է, հայ ոգին: Փառատոնը ապացուցեց, որ հայ ժողովուրդը միասնական է եւ համախմբուած Մայր Հայրենիքի շուրջ»,- ասաց Հ.Յակոբեանը: «Կատարողական արուեստի օրեր»-ի հանդիսաւոր փակման արարողութեանը ցուցադրվեցին անցկացուած միջոցառումների կինոխրոնիկայի կադրեր: Արարողութիւնը եզրափակուեց համերգային ծրագրով: Միջոցառումն անցկացուեց ՀՀ նախագահի բարձր հովանու ներքոյ: Այն կազմակերպել էին Հայաստանի Սփիւռքի նախարարութիւնը եւ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամը` ՀՀ Արտաքին գործերի եւ Մշակոյթի նախարարութիւնների, այլ պետական եւ հասարակական կազմակերպութիւնների աջակցութեամբ: «Կատարողական արուեստի օրեր»-ին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել մշակոյթային խմբեր եւ անհատ կատարողներ` շուրջ 1200 հոգի, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Էստոնիայից, Վրաստանից, Սիրիայից, Լիբանանից, Կանադայից, ԱՄՆ-ից, Արցախից:
  -   Մշակոյթ