«Կատարողական արուեստի օրեր»-ը Արցախում<br />


«Կատարողական արուեստի օրեր»-ը Արցախում

  • 29-07-2010 17:38:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 21-ամեայ Երուանդ Գալստեանը 13 տարի է ապրում է Ռուսաստանում: Ռուսական դպրոց է աւարտել, բայց կարողանում է գրել ու կարդալ հայերէն. ինքնուրոյն է սովորել: Ասում է` վաղ թէ ուշ յետ է գալու Հայաստան, բայց ուզում է աշխատել Ռուսաստանում, փող յետ գցել, նոր վերադառնալ: Չնայած Երվանդը Ռուսաստանում դեռ պլաններ ունի, բայց ասում է. «Եթէ Ղարաբաղում պատերազմ լինի, հենց նոյն օրը յետ կգամ ու կմասնակցեմ պատերազմին»: Այս մասին նա պատմում էր դէպի Արցախ գնացող աւտոբուսի մէջ: Երվանդը պարում է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու «Նաիրի» պարային համույթում, որը Հայաստան է ժամանել` մասնակցելու «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական 4-րդ փառատօնին: Հայաստանում եւ Արցախում յուլիսի 22-ից օգոստոսի 23-ը փառատոնի շրջանակներում անցկացւում են «Կատարողական արուեստի օրեր»: «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» փառատոնն անցկացւում է ՀՀ նախագահի հովանու ներքոյ, կազմակերպիչներն են սփիւռքի նախարարութիւնն ու «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամը: Այս տարի «Հայ կատարողական արուեստի օրերին» մասնակցելու համար Հայաստան են եկել մասնակիցներ Ռուսաստանի Դաշնութիւնից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Լիբանանից, Էստոնիայից, Ուզբեկստանից, Կանադայից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից: Փառատոնը հնարաւորութիւն է ընձեռում Սփիւռքի մեր հայրենակիցներին հայրենիքում ներկայացնելու հայկական մշակոյթը, նաեւ հաղորդակցվելու Հայաստանի ու Արցախի մշակոյթի հետ: Յուլիսի 25-ին փառատօնին մասնակցող Նիժնի Նովգորոդի «Նաիրի» պարի անսամբլը եւ Սանկտ Պետերբուրգի «Նաիրի» համոյթն ուղեւորուեցին Լեռնային Ղարաբաղ: Երեւանում մասնակիցներին բարի երթ մաղթելու էր եկել «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամի գործադիր տնօրէն Թամարա Պողոսեանը: Մասնակիցներից շատերն առաջին անգամն էին գնում Ղարաբաղ: 16-ամեայ Առաքելեան Յանան պարում է Նիժնի Նովգորոդի «Նաիրի» անսամբլում, նրա հայրը ծագումով Ղարաբաղից է: Յանան առաջին անգամն էր գնում Ղարաբաղ, նա չէր եղել նաեւ Հայաստանում: Յանան հայերէն ո'չ գրել-կարդալ գիտի, ո'չ էլ խօսել, միայն կարողանում է աղօթել... գրաբարով: Մասնակիցների հետ Արցախ էին ուղեւորւում նաեւ բալետմայստերներ Կարեն Գեւորգեանն ու Սուրէն Գեանջումեանը: «Արցախում ելոյթ ունենալու համար «Մէկ ազգ, մէկ մշակոյթ»-ի գեղարուեստական խորհուրդն ամէն տարի փորձում է ընտրել այնպիսի խմբեր, որոնք ոչ մի անգամ չեն եղել Արցախում, եւ, բացի այդ, կարողանում են հայկական պարարվեստը ներկայացնել պատշաճ մակարդակով: Այս տարի Սփիւռքից եկել է շուրջ 30 պարային համոյթ»,- ասաց փառատոնի գեղարուեստական խորհրդի անդամ, Հայաստանի ազգային պարարուեստի եւ պարագետների միութեան նախագահ Կարեն Գեւորգեանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ փառատոնի շրջանակներում յուլիսի 30-ից օգոստոսի 5-ը անցկացուելու են պարուսույց-մանկավարժների վարպետութեան դասեր: «Փառատոնն ունի նաեւ ուսուցողական նշանակութիւն»,- նշեց Կարեն Գեւորգեանը: Ոլորապտույտ ճանապարհներով աւտոբուսը մոտենում է Ստեփանակերտին: Մասնակիցների ուշադրութիւնն առաջինը գրաւեց Շուշին` քաղաք բարձունքի վրայ` ամպերն ուսերին: 17-ամեայ Արամ Աւետիսեան, ով նույնպես առաջին անգամն էր Արցախում, իր տպավորությունների մասին խոսելիս ասաց, որ Արցախում իրեն ամէնից շատ դուր է եկել այն մեծ տանկը, որը կանգնած է Շուշիից Ստեփանակերտ ընկած բարձունքի վրայ: Դա առաջին տանկն է, որը մասնակցել է Շուշիի ազատագրմանը: «Վախենում էի Ղարաբաղ գալուց առաջ. ինձ թւում էր այստեղ կրակոցներ եմ լսելու ու միայն աւերակներ եմ տեսնելու»,- ասաց Արամը: Շուշիում երիտասարդները եղան Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում: Այնուհետեւ աւտոբուսը շարժուեց դէպի Ստեփանակերտ, որտեղ էլ փառատոնի մասնակիցները ելոյթ ունեցան յուլիսի 26-ին: Համերգը բացի մայրաքաղաքի բնակիչներից դիտելու էին եկել նաեւ Ղարաբաղում ծառայող զինվորները: Զինվորներից Նարեկը ցանկութիւն յայտնեց, որ նման համերգներ յաճախակի կազմակերպուեն. «Այդպէս մեր ծառայութիւնն էլ հեշտ կանցնի»: Նիժնի Նովգորոդի «Նաիրի» անսամբլը, որ ստեղծուել է 2007թ.-ին, ներկայացնում է հայկական ազգագրական պարերը աբստրակտ-մոնումենտալ ոճով: Անսամբլում ընդգրկուած են 80 հոգի` 3-25 տարեկան: Ղարաբաղ եկել էին միայն 21-ը: Շատերի ծնողները, մտածելով` Ղարաբաղում վտանգաւոր է, երեխաներին թոյլ չէին տուել միանալ անսամբլին: Անահիտ Սարիբեկեանը` անսամբլի պարուսույցը, պատմեց, որ Ռուսաստանում շատ դժուվար է պարի խումբ պահելը: «Հայ ծնողները երեխաներին սկզբում պարտադրելով են բերում պարի, որովհետեւ վերջիններս չեն ուզում պարել: Բայց երբ երեխաները մեծանում են, կապւում պարի հետ, արդէն չեն ուզում հեռանալ մեզնից, բայց այդ ժամանակ էլ ծնողներն են ստիպում թողնել պարը: Ասում են` պարը եկամտաբեր չէ, պարի մէջ ապագայ չկայ»,- ասաց պարուսույցը: Սանկտ Պետերբուրգի «Նաիրի» համոյթը ստեղծել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանը: Այն առաջին խումբն է, որը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է հայկական պարը: Համույթում ընդգրկուած են 45 հոգի, նրանցից 23-ը հանդէս եկան Ղարաբաղի համերգի ժամանակ: Պարուսույց Ալիսա Հովակիմյանն ասաց, որ իրենք կատարում են աշխարհի տարբեր ժողովուրդների ազգային պարերը, բայց փառատօնին միայն հայկական ժողովրդական պարեր են ներկայացնելու: Գեղարվեստակաի ղեկավար Մանուկ Օհանյանն էլ տեղեկացրեց, որ Սանկտ Պետերբուրգի համույթում բացի հայերից կան ռուս պարողներ էլ եւ մի ուզբեկ, ով նոյնիսկ հայերէն է խոսում: «Շատ ուրախ եմ, որ փառատոնի միջոցով կարող եմ Հայաստանում եւ Արցախում ներկայացնել այն աշխատանքը, որը կատարել ենք հեռաւոր Պետերբուրգում»,- ասաց Մ.Օհանյանը եւ աւելացրեց, որ Արցախում ամէնից շատ հավանել է տեղի հանդիսատեսին: Համերգը տեղի ունեցաւ Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդության պալատում: Արցախի հանդիսատեսը ջերմութեամբ ընդունեց իր հայրենակիցների կատարումները: «Սփիռք-Հայաստան-Արցախ կապը պէտք է մշտական լինի, որպէսզի Սփիւռքում պարեն, ապրեն ու խօսեն հայավարի»,- ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Սուրէն Գեանջումեանը: Նա բարձր գնահատեց Սփիւռքի պարային խմբերի աշխատանքը, սակայն նաեո նշեց. «Սփիւռքում չկան այնպիսի մասնագէտներ, որոնք լիարժէք տիրապետեն հայկական պարերին, բայց կան երիտասարդներ, որոնք գալիս են Հայաստան` սովորելու, ապա Ափյուռքում հայկական պարը ճիշտ ուսուցանելու համար»: Մինչեւ համերգը Կարեն Գեւորգեանը եւ Սուրէն Գեանջումեանը հանդիպեցին ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինէ Աղաբալեանի հետ: Նախարարի խօսքով, «Մէկ ազգ, մէկ մշակոյթը» կարեւոր է յատկապէս ազգապահպանման տեսանկիւնից: Արուեստի զարգացումը հիմա Արցախում ոչ նախանձելի վիճակում է: «Խնդիրներ ունենք պարարուեստի հետ կապուած, հիմնականում, պրոֆեսիոնալիզմի ու կադրերի առումով: Միայն մեր ուժերով հնարաւոր չէ որակ ապահովել: Մենք Հայաստանի մասնագէտների օգնութեան կարիքն ունենք»,- ասաց Ն.Աղաբալեանը: Մշակոյթային կեանքը Ղարաբաղում կենտրոնացուած է Ստեփանակերտում: «Մինչդեռ մեր գիւղերն ամրացնելու եւ արտահոսքը կասեցնելու ռազմավարական խնդիր ունենք: Որոշել ենք ուշադրութեան կենտրոնում պահել շրջանները»,- յաւելեց նախարարը: Սեպտեմբերին ԼՂՀ-ի Ճարտար եւ Աստղաշէն գիւղերում բացուելու են արուեստի դպրոցներ, որոնք ունենանալու են պարի առանձին բաժիններ: Փառատոնի մասնակիցները չէին ուզում հեռանալ Արցախից: Հրաշալի բնութիւնը, մարդկանց ջերմ ընդունելությունը մեծ տպաւորութիւն էին թողել երիտասարդների վրայ: Լինել Արցախում ու չտեսնել «Տատիկ-պապիկ» յուշարձանը, նշանակում է չտեսնել Արցախ աշխարհի խորհրդանիշը: Համերգից յետոյ երիտասարդները լուսանկարվեցին «Տատիկ-պապիկի» մօտ, որից յետոյ աւտոբուսը բռնեց դէպի Երեւան տանող ճանապարհը: ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ Ստեփանակերտ-Շուշի-Երեւան
  -   Մշակոյթ