«Արամայիս Աղամալեանի» թատերախումբը հայրենիքում է


«Արամայիս Աղամալեանի» թատերախումբը հայրենիքում է

  • 25-07-2010 21:23:41   | Հայաստան  |  Մշակոյթ
Թեհրանի (Իրան) հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան «Արամայիս Աղամալեանի» թատերախումբը յուլիսի 23-ին Երեւանի Երաժշտական կամերային պետական թատրոնում հայ հանդիսատեսի դատին ներկայացրեց Արթուր Միլերի «Իմ բոլոր զաւակները» բեմադրութիւնը: Թատերգը պատմում է Ջոու Քեյլրի մասին, որի գործարանում պատրաստւում են օդանաւի շարժիչներ: Իր շահից ելնելով` նա չի վարանում ճեղքուած շարժիչները եւս յանձնել օգտագործման, որի հետեւանքով զոհւում են 21 օդաչուներ, այդ թւում եւ Քեյլրի որդին: Ինչպէս մեզ հետ հարցազրոյցի ժամանակ տեղեկացրեց բեմադրիչ Վահագն Ազիզեանը «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» փառատօնի շրջանակներում թատերախումբը հանդէս է գալիս արդէն երկրորդ անգամ. առաջին անգամ 2008 թուականին նրանք հանդէս են եկել Արմավիրում, իսկ այս տարի արդէն Երեւանում: Վ. Ազիզեանի խօսքերով Երեւանում հանդէս գալը եղել է իրենց երազանքը, այդ պատճառով էլ յուզմունքը չափազանց մեծ է. «Յատկապէս մեզ` իրանահայերիս համար հայրենիքում հանդէս գալը եղել է մեծ երազանք, մենք մեր արուեստը միշտ ունեցել ենք, սակայն երբեք առիթ չենք ունեցել հայրենիքում հանդէս գալ»: Դերասանուհի Փեգի Խուդալաքիսը առաջին անգամ էր հայրենիքում բեմ բարձրանում եւ նա խնդրեց, որ այս ամէնն ինչ-որ կերպ լուսաբանուի, որպէսզի մարդիկ տեղեկանան եւ յաճախեն, տեսնեն ու շփուեն իրենց հետ: «Մենք ուզում ենք ծանօթանալ մեր ժողովրդի հետ, ուզում ենք բեմից կապ ստեղծել նրանց հետ, կարողանանք մեր զգացումները փոխանցել միմեանց»,- ասաց դերասանուհին: Նշենք, որ Հայ պատանեկան մշակութային միութիւնը ստեղծուել է 1944 թուականի յուլիսի 4-ին եւ աստիճանաբար զարգանալով դարձել է հայ մշակութային «Արարատ» կազմակերպութիւն (Հ.Մ.Ա.Կ): Կազմակերպութիւնը իր հիմնադրման օրից իսկ կարեւորութիւն է տուել արուեստի տարբեր բնագաւառներում տարուելիք աշխատանքներին: 1944 թուականից կազակերպութիւնն ունեցել է թատերական բաժանմունք, որի հարկի տակ աշխատել են բազմաթիւ բեմադիչներ, դերուսոյցնէր, դերասաններ ու թատերասէրներ: Ներկայումս միութեան հարկի տակ աշխատում են երեք թատերախմբեր` «Շանթ ու Շանթիկ» մանկապատանեկան, «Արարատ» երիտասարդական եւ «Արամայիս Աղամալեան» թատերախումբը, որի բեմադրիչը արդէն 30 տարի է ինչ Վահագն Ազիզեանն է: Տեղեկացնենք, որ «Արամայիս Աղամալեանի» թատերախումբը «Իմ բոլոր զաւակները» ներկայացմամբ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական 4-րդ փառատօնի շրջանակներում հանդէս կը գայ նաեւ յուլիսի 26-ին Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում:
  -   Մշակոյթ