Դատախազութեան գործունէութիւնը մշտապէս գտնւում է հասարակութեան ուշադրութեան կենտրոնում, ինչը մեծ պատասխանատւութիւն է,- ասում է Հայաստանի գլխաւոր դատախազը<br />


Դատախազութեան գործունէութիւնը մշտապէս գտնւում է հասարակութեան ուշադրութեան կենտրոնում, ինչը մեծ պատասխանատւութիւն է,- ասում է Հայաստանի գլխաւոր դատախազը

  • 01-07-2010 20:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Գլխաւոր դատախազութեան նիստերի դահլիճում յուլիսի 1-ին տեղի է ունեցել հանդիսաւոր նիստ` նուիրուած Դատախազութեան աշխատողի օրուան եւ դատախազութեան 92-ամեակին: Նիստին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը, կառավարութեան անդամներ, դատաիրավական համակարգի կառոյցների ղեկավարներ, դատախազութեան վետերաններ: Դատախազութեան աշխատակիցներին շնորհաւորելով մասնագիտական տոնի կապակցութեամբ, Տ.Սարգսեանը մասնաւորապէս նշել է, որ տոնը բացառիկ հնարաւորութիւն է` գնահատելու դատախազութեան անցած ուղին, ձեւաւորման փուլերը, նուաճումները եւ բացթողումները, միեւնոյն ժամանակ մատնանշելու այն խնդիրները, որոնք պէտք է լուծուեն: «Ձեր աշխատանքով է էապէս պայմանաւորուած մեր պետականութեան ամրապնդման աշխատանքների արդիւնաւէտութիւնը: Համոզուած եմ, որ այս գիտակցութեամբ զինուած մենք ձեզ հետ միասին կկարողանանք բացայայտել թերութիւնները եւ դրանց վերացման ուղղութեամբ կառուցել համատեղ աշխատանք: Համոզուած եմ, որ դատախազութիւնում այսօր ունենք կուտակուած այնպիսի ռեսուրսներ, մարդկային պոտենցիալ, որը հնարաւորութիւն է տալու արդիւնաւէտ լուծել հասարակութեան առջեւ ծառացած բոլոր խնդիրները»,- ասել է վարաչապետը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Տ.Սարգսեանը հաւաստիացրել է, որ կառավարութիւնն ամէն ինչ կանի, որպէսզի դատախազութեան աշխատակիցների համար ստեղծի բարենպաստ պայմաններ` մասնագիտական պարտականութիւնները բարձր մակարդակով իրականացնելու համար: ՀՀ գլխաւոր դատախազ Աղվան Յովսէփեանն արձանագրել է, որ ժամանակը, փոփոխվող հասարակական յարաբերութիւնները, գնալով աւելի բարդ ու վտանգաւոր դարձող հանցավորությունը առաջադրում են նոր հրամայականներ, պահանջում են իրաւական նոր լուծումներ, որոնց հիմքում պէտք է դրուած լինի իրաւունքի գերակայութիւնը, ինչը եղել եւ մնում է իրաւական պետութեան հիմքերի հիմքը: «Հենց դատախազութեանն է վերապահուած մարդու իրաւունքների ու պետութեան շահերի, օրէնքի ու օրինականութեան պաշտպանութեան պատուարը լինելու բարձր առաքելութիւնը»,- ասել է Ա.Յովսէփեանը: Նրա խօսքերով, Դատախազութիւնը, նրա իւրաքանչիւր աշխատակցի գործունէութիւնը մշտապէս գտնուել ու գտնւում է հասարակութեան ուշադրութեան կենտրոնում, ինչը մեծ պատասխանատւութիւն է, բայց նաեւ մեծ պատիւ, ինչին պէտք է մօտենալ երկյուղածությամբ ու մասնագիտական պատասխանատւութեամբ: Մասնագիտական տոնի կապակցութեամբ դատախազութեան աւելի քան 60 աշխատակիցներ, ինչպէս նաեւ վետերաններ արժանացել են տարբեր պարգեւների: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի հրամանագրով Գլխաւոր դատախազութեան Թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան հանցագործությունների գործերով բաժնի պետ Վարդան Մուրադեանը պարգեւատրուել է «Մխիթար Գօշ» մեդալով, իսկ ՀՀ Գլխաւոր դատախազութեան աւագ դատախազ Կորիւն Փիլոյանը, դատախազութեան աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչութեան պետ Աշոտ Զալինյանը` ՀՀ վարչապետի հուշամեդալով, Երեւան քաղաքի դատախազ Հրաչեա Բադալեանը, ՀՀ Գլխաւոր դատախազութեան Պետական շահերի պաշտպանութեան վարչութեան պետ Արմէն Նիկողոսեանը, ՀՀ Գլխաւոր դատախազութեան աւագ դատախազ Աշոտ Նադոյանը` ԱԺ նախագահի հուշամեդալով: Մի շարք աշխատակիցներ խրախուսուել են վարչապետի եւ ԱԺ նախագահի շնորհակալագրերով, ինչպէս նաեւ պաշտպանութեան նախարարի, ոստիկանապետի, ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնի կողմից: Ըստ ՀՀ Գլխաւոր դատախազութեան մամուլի ծառայութեան, նախքան հանդիսաւոր նիստը սկսելը` ՀՀ գլխաւոր դատախազութեան պատուիրակութիւնը` ՀՀ գլխաւոր դատախազի տեղակալ Արմէն Դանիելեանի գլխաւորութեամբ այցելել է ՀՀ նախկին գլխաւոր դատախազ, իրաւագիտութեան դոկտոր Հենրիկ Խաչատրեանի անունը կրող դպրոց եւ ծաղկեզամբյուղներ դրել դպրոցի բակում գտնուող նրա կիսանդրուն, ապա ծաղկեզամբյուղներ են դրուել դատախազութեան վարչական շէնքի մօտ` Հայաստանի դատախազութեան հիմնադիրներից մէկի` Պետիկ Թորոսեանի, յուշատախտակին:
  -   Քաղաքական