Հայաստանի Ազգային ժողովը աշխարհի խորհրդարաններին կոչ է անում. դատապարտել հայ, ասորի եւ յոյն ժողովուրդների նկատմամբ Թուրքիայում իրականացուած ցեղասպանութիւնները


Հայաստանի Ազգային ժողովը աշխարհի խորհրդարաններին կոչ է անում. դատապարտել հայ, ասորի եւ յոյն ժողովուրդների նկատմամբ Թուրքիայում իրականացուած ցեղասպանութիւնները

  • 23-04-2011 17:42:20   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանը ապրիլի 23-ին ուղերձ է յղել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրուայ կապակցութեամբ։ Ստորեւ ներկայացնում ենք ուղերձն ամբողջութեամբ. «Սիրելի հայրենակիցներ, Հայոց ցեղասպանութեան 96-րդ տարելիցին ՀՀ Ազգային ժողովն իր յարգանքի տուրքն է մատուցում Թուրքիայի կողմից 1914-1923թթ. մարդկութեան դէմ իրականացուած ոճիրների հետեւանքով նահատակուած միլիոնաւոր զոհերի յիշատակին: 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին, Օսմանեան կայսրութեան տարածքներում թուրքական իշխանութիւնները բնիկ ժողովուրդների նկատմամբ իրագործեցին բնաջնջման ցեղասպանական գործողութիւններ: Այս ոճրագործ ծրագրի հետեւանքով փոխուեց տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը, պատմական բնօրրաններում ոչնչացուեց կամ իւրացուեց այդ ժողովուրդների հոգեւոր - մշակութային ժառանգութիւնը: Այն, որ ցայսօր համընդհանուր ճանաչման չեն արժանացել հայերի, ասորիների ու յոյների նկատմամբ իրականացուած ցեղասպանութիւնները, պատճառ է դարձել, որ աշխարհի տարբեր վայրերում իրականացուեն նորանոր ցեղասպանութիւններ, եւ այս շղթան դեռ փակուած չէ: Իրենց հերթին, թուրքական իրարայաջորդ կառավարութիւնները մերժում են ճանաչել իրենց նախորդների կողմից իրականացուած ցեղասպանութիւնները` խեղաթիւրելով պատմական փաստերը: Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը աշխարհի խորհրդարաններին կոչ է անում. յանուն պատմական արդարութեան վերականգնման, յետագայ ցեղասպանութիւնների կանխման եւ ազգերի միջեւ բարիդրացիութեան հաստատման ճանաչել եւ դատապարտել հայ, ասորի եւ յոյն ժողովուրդների նկատմամբ անցած դարասկզբին Թուրքիայում իրականացուած ցեղասպանութիւնները: Միաժամանակ, մէկ անգամ եւս մեր երախտագիտութիւնն ենք յայտնում այն միջազգային կազմակերպութիւններին, երկրներին, որոնց խորհրդարանները կամ պետական ատեանները ճանաչել ու դատապարտել են 1915 թուականի Հայոց ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ համապատասխան վերաբերմունք են դրսեւորել մեզ բախտակից ժողովուրդների ողբերգութիւնների նկատմամբ: Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը դիմում է Թուրքիայի օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւններին` վերացնելու բոլոր իրաւական, քաղաքական եւ այլ արգելքները, որոնք թոյլ չեն տալիս Թուրքիայի հասարակութեանը անկաշկանդ ձեւով ուսումնասիրելու անցեալը, յատկապէս` Հայոց ցեղասպանութեան փաստն ու մարդկութեան դէմ իրականացուած ոճիրում այսօրուայ Թուրքիայի պատասխանատուութիւնը: Հայաստանի Հանրապետութիւնը հետամուտ լինելով Հայոց ցեղասպանութեան համընդհանուր ճանաչմանը եւ դատապարտմանը, այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարութեան վերականգնման, այլեւ երկու հարեւան երկրների միջեւ եւ տարածաշրջանում փոխադարձ վստահութեան մթնոլորտի բարելաւման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում: Հայաստանի որեւէ յարաբերութիւն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի ցեղասպանութեան եւ հայրենազրկման իրողութիւնը: Այն պէտք է ճանաչուի եւ դատապարտուի ողջ առաջադէմ մարդկութեան կողմից»:
  -   Քաղաքական