Մարի Անդրեասովա Էսպարացան` «Մոցարտ» մրցանակի թեկնածու<br />


Մարի Անդրեասովա Էսպարացան` «Մոցարտ» մրցանակի թեկնածու

  • 28-09-2009 20:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ներկայումս Մանհեթենում ապրող, Մոսկուայում ծնուած, բազմապրոֆիլ արվեստագետուհի Մարիա Անդրեասովա (Անդրէասեան) Էսպարացային 2009-ի միջազգային «Մոցարտ» մրցանակի թեկնածու է առաջադրել Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) Միջազգային կենսագրական կենտրոնը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը: Արվեստագետուհին շարունակում է իր հոր` լեգենդար կոմպոզիտոր եւ փիլիսոփա Իոսիֆ Անդրեասովի փառավոր ուղին: Հայրը վերոնշեալ նոյն կենտրոնի կողմից 2000 թուականին արժանացել էր «Տարուայ մարդ» միջազգային մրցանակին: Ինքը` Էսպարացան երեք տարի անընդմէջ (1984, 1985, 1986) ստացել է Գալուստ Գիւլբենկեան հիմնադրամի կրթաթոշակը եւ սովորել նախ Մոսկուայի Չայկովսկու անուան երաժշտանոցում, ապա Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի մաթեմատիկայի բաժնում, այնուհետեւ` Նյու Եորքի Ջուիլյարդ արուեստի դպրոցում: Ճանաչուած է որպէս ֆիլմերի երաժշտութիւնը գրող կոմպոզիտոր: Բայց նա նաեւ դաշնակահարուհի է, պրոդիւսեր, նկարչուհի եւ ներդրումային մարտավարությունների գծով ֆինանսիստ: Ինչպէս գրում է «Ազգը», յունիսի 1-ին թողարկվել եւ 7-ին առաջին անգամ 200-ամեակի յոբելեանական հանդիսութիւնների շրջանակներում ցուցադրվել է Նյու Եորքի Սբ. Պատրիկ Մայր տաճարում իր ամուսնու մասին պատմող «Գույերմո Էսպարացա: Ամերիկացի քանդակագործը եւ սրբանկարիչը» վաւերագրական ֆիլմը, որի երաժշտությունն է գրել եւ կատարել: 2000 թուականին Նյու Եորքի արուեստի ուսանողների լիգայի պատուաւոր մրցանակին է արժանացել` Բեթհովէնի, Ստրավինսկու, Շտրաուսի եւ բանաստեղծ Նիկոլայ Կլուեւի դիմանկարների իր շարքի համար: Աշխատակցել է Ռոբերտ եւ Ջորջ Սորոսների նյույորքյան ֆոնդային հիմնարկութեանը: Գրել, կատարել եւ ձայնագրել է «Ժորժ Սանդ» պիեսի երաժշտութիւնը: Նրա ամուսնու ստեղծագործությունները մշտական ցուցադրության են դրուած Վատիկանի թանգարանում (Հռոմ), Ֆանար թանգարանում (Ստամբուլ), Մ. Նահանգների ազգային արխիւներում եւ Սմիթսոնյան արուեստի թանգարանում (Մ. Նահանգներ): Մարիայի ծնողներն, ըստ լրատւութեան, ազգակցական կապեր են ունեցել Պեոտր Իլիչ Չայկովսկու եւ դրանից առաջ Ալեքսանդր Վասիլեւիչ Սուվորովի հետ: Մարիան սկսել է դաշնամուր նվագել 3 տարեկանից` հոր առաջնորդութեամբ: Մորական պապը` պրոֆ. Լեոնիդ Վասիլեւիչ Կուդրյաշովը, եղել է Մոսկուայի Լոմոնոսովի անուան համալսարանի կենսաբանութեան ամբիոնի վարիչ: Իսկ մայրական ապուպապը` պրոֆ. Բենջամին Ալեքսանդրովիչ Լեբեդեւը, հիմնել է Արխանգելսկի համալսարանը: Չայկովսկու անուան կոնսերվատորիա է ընդունուել 6 տարեկանում: Պրոֆեսիոնալ առաջին ելոյթը կատարել է 9 տարեկանում: Ծնողների հետ Նյու Եորք է տեղափոխուել 1979-ին:
  -   Մշակոյթ